Դեկտեմբերի 1-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Վ. Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա». բեմագիր» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Էլինա Հարությունյանը, Նոյ Զեյնալյանը, Տիգրան Ալեքսանյանը, Մանե Ավագյանը, Հրանտ Իսունցն ու Եվա Ղևոնդյանը:
Նախագծային աշխատանքի նպատակները՝
Նախագծային աշխատանքի խնդիրները՝
Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Վահան Թոթովենցի կյանքի, ապրած ժամանակաշրջանի, ստեղծագործության, ստալինյան կամայականություններին և բռնատիրությանը զոհ դարձած մտավորականների վերաբերյալ: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վիպակի ամբողջական ընթերցումից, բնագրային մանրակրկիտ աշխատանքից հետո առանձնացվել է վիպակի այն հատվածը, որի հիման վրա պետք է գրվի բեմագիրը, հստակեցվել է խմբի անդամներից յուրաքանչյուրի հանձնարարությունը, խումբն ապահովվել է ուսումնաօժանդակ նյութերով: Նախապես աշակերտների ցանկությամբ ընտրվել է խումբ, ապա ընտրվել է նախագծային աշխատանքի թեման, որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, Մանե Ավագյանը ընտրվել է որպես համակարգող, որի գործառույթներից էր նաև մյուսների աշխատանքի վերահսկողությունը:
Սոնա Հարությունյանը կազմակերպել, ուղղորդել և վերահսկել է նախագծի իրագործման ողջ ընթացքը, սովորողների գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, սովորողներն իրենք են կատարել դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի բեմական կարողությունները, արտիստիկ հմտությունները: Նախապես պլանավորվել է աշխատանքը, կատարվել են հետազոտական ուսումնասիրություններ՝ թե՛ գրականագիտական, թե՛ գեղարվեստական բնագավառներում, որի ընթացքում հաղթահարվել են շատ դժվարություններ: Նոյ Զեյնալյանը հավաքագրել և ուսումնասիրել է թատերգական սեռի կառուցվածքային առանձնահատկությունները, գրական կերպարները վերափոխել գործող անձանց՝ յուրաքանչյուրին վերագրելով համապատասխան գործողություններ, Էլինա Հարությունյանի կողմից ներմուծվել են արար, տեսիլ կառուցվածքային բաղադրիչները: Հրանտ Իսունցը և Տիգրան Ալեքսանյանը պատրաստել են սահիկաշար, արտագրել բեմագիրը՝ կատարելով սրբագրումներ, Եվա Ղևոնդյանը համակարգչով տպագրել է ամբողջ բեմագիրը, կատարել համակարգչային ձևավորում: Խմբի բոլոր անդամներն էլ ակտիվորեն մասնակցել են զննական պարագաների, ազգային տարազի որոնման աշխատանքներին: Ուսուցչուհին աջակցել է սցենարի ստեղծման աշխատանքներին, ստեղծագործական հավելումներ կատարելուն, բեմադրության փորձերը իրականացնելուն: Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարումը ենթադրում էր խորհրդատվությունների լայն շրջանակ՝ գրադարան, համացանց և այլն: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված նյութերը, տեղեկությունները, բարձրաձայնվել են թերություններն ու հնարավորինս շտկվել, նշվել են առավելությունները և խրախուսվել, տրվել են խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելու պաշտպանությանը:
Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, հրապարակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։ Քանի որ խմբի անդամները տարբեր ընդունակությունների, կարողությունների տեր են, ուստի նախագիծը թույլ տվեց բացահայտելու սովորողների ուժեղ կողմերը, ճանաչելու նրանց անհատպես.այսպես՝ Հրանտ Իսունցը, որ բավարար առաջադիմություն էր ցուցաբերում, ինքնադրսևորվեց հրաշալիորեն. Խոսքը՝ հստակ, սահուն, անկաշկանդ, խաղը՝ բնական: Տիգրան Ալեքսանյանը՝ փոքր-ինչ բարդույթներով երեխա, ակտիվ մասնակցություն է ունեցել տեղեկատվության որոնման հարցում, մեծ հետաքրքրություն է դրսևորել հեղինակի ապրած պատմական ժամանակաշրջանի, ստեղծագործության հանդեպ, բավականաչափ հղկվել է խոսքը, զարգացել վերլուծական տրամաբանությունը: Մանե Ավագյանը՝ գերազանց ընդունակություններ ունեցող, նախագծի իրականացման ողջ ընթացքում մեծ պատասխանատվությամբ իրագործել է իր առջև դրված խնդիրները, առավել համակարգված են դարձել գրականագիտական գիտելիքները, անկաշկանդ՝ խոսքն ու դերախաղը: Եվա Ղևոնդյանն ու Էլինա Հարությունյանը հանդես են եկել որպես անզուգական լրագրող-հաղորդավարներ՝ քաջատեղյակ և հեղինակի կյանքին, ստեղծագործությանը, գրական դավանանքին, և բնագրային մանրամասներին, և գրողի անհատական լեզվին ու ոճին: Նոյ Զեյնալյանին հատկացված էր ամենապատասխանատու դերը, հեղինակի դերը, որը ոչ միայն ներկայացվեց պատշաճորեն, այլև ծայրաստիճան հուզեց հանդիսատեսին:
Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի զարգացել են համագործակցային կարողությունները, հանդուրժողական վերաբերմունքը, միմյանց լսելու, կարծիքները հաշվի առնելու, փոխադարձ հարգանքի, ընկերության և բարոյական այլ արժեքներ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց՝ համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, օրինակ վերցնել, անել առավելագույնը, նպաստել աշխատանքի անթերի պատրաստականությանը: Նախագծային աշխատանքը սովորողների մեջ ոչ միայն բացահայտեց և խորացրեց մարդկային նոր որակներ՝ առավել ընդգծելով սովորողների դրական հատկանիշները, այլև զարգացրեց արտիստիկ խառնվածք, բեմական կեցվածք, խոսքի մշակույթ, ասմունքելու վարպետություն: Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են դրվատանքի խոսքեր, խրախուսվել է աշակերտների կողմից կատարված աշխատանքը, կատարվել է գնահատում: Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի բեմադրությունն ու բեմագիրը: Աշխատանքի ընթացքում սովորողները ձեռնամուխ եղան նաև սահիկաշարի պատրաստմանը՝ ներառելով կենսագրական կարևոր փաստեր Վահան Թոթովենցի կյանքի, դատավարության վերաբերյալ: Բեմադրությունը բաղկացած էր երկու արարից. առաջինը վերաբերում էր գրողի դատավարությանն ու դատավճռին, որին ենթարկվել էր հեղինակը 1937 թվականին ստալինյան կամայականությունների հետևանքով, երկրորդ արարը մանկության հուշ էր, որի մեջ հայտնվում է դատապարտյալ հեղինակը, երբ նրան դատարանում վերջին ցանկության հնարավորություն է ընձեռվում: Սովորողների խաղը բնական էր, համոզիչ, անկաշկանդ, արտիստիկ այնքանով, որ հանդիսատեսը երկար ժամանակ տպավորված էր սցենարով, հատկապես վերջաբանով: Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ ներկա էին նաև ուսուցիչներ, ծնողներ: Բեմագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
| |
| |
Դիտումներ: 604 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |