«Ազատ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս՝ փորձելով օրը և իրադարձությունները դարձնել ավելի ուշագրավ ու հետաքրքիր». Շահանե Գյուրջյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի հինգերորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանի հետ է։

- Ո՞ր արժեքներն եք համարում Ձեր կյանքում ամենակարևորը, և ինչպե՞ս են դրանք ազդում են Ձեր առօրյայի վրա:

- Ինձ համար կյանքում ամենակարևոր արժեքներն են կայունությունը, կարգապահությունը, արդարությունը, ընտանիքը։ Առօրյայում կարող եմ խոսքի մեջ կտրուկ լինել, բայց դա միմիայն պայմանավորված է կայունության հետ։ Երբևէ չեմ սիրել, երբ ասում են մի բան, բայց արարքներն այլ բանի մասին են խոսում:

- Ի՞նչ սովորություն ունեք, որն օգնում է Ձեզ հաղթահարել դժվարություններն ու հաջողության հասնել կյանքում:

- Փորձում եմ շատ աշխատել, անընդհատ տարբեր մարդկանց հարցազրույցներ դիտել՝ կոտրելով կարծրատիպեր։ Ամեն մի դժվարություն փորձում եմ  հանգիստ տանել՝ այլընտրանքային ուղիներ փնտրելով։ Վերջիվերջո, ամեն մի դժվարություն փորձ է, որը մեզ դարձնում է ավելի ուժեղ, հմուտ, զգոն։ Բայց խնդիրը միայն դժվարությունները հաղթահարելը չէ, այլ այն, թե մենք ինչպես ենք հարաբերվում դրա հետ։ Իսկ այն անմիջականորեն ազդում է մեր կյանքի որակի վրա։

- Ինչպիսի՞ ճաշատեսակներ եք սիրում պատրաստել կամ ուտել: Կա՞ որևէ կոնկրետ ուտեստ, որը համարվում է Ձեր սիրելին:

- Պատրաստել սիրում եմ, եթե լավ տրամադրություն եմ ունենում։ Մայրիկիս պատրաստած ուտեստներն եմ ամենաշատը սիրում։ Ուտելիքի հարցում բծախնդիր եմ. կան շատ ուտեստներ, որոնք չեմ ուտում, իկ նախընտրում եմ թեթև աղցաններ, ոչ յուղոտ սնունդ։

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել։

- Նախընտրում եմ դասական երաժշտություն լսել։ Նաև հաճախ եմ լսում ռիթմիկ երգեր, դրանք ինձ էներգիա են հաղորդում: Այդպես եմ փորձում բավականաչափ էներգիա հավաքել։

- Ինչպե՞ս է Գորիսը, մշակույթն ու միջավայրն ազդում Ձեր ուսուցման մոտեցումների և կրթական արժեքների վրա:

- Գորիսն ու գորիսեցիները տարբերվում են բոլորից։ Շատ եմ շփվել ու շփվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների բնակիչների, ինչպես նաև Հայաստան ժամանած հյուրերի ու այլազգիների հետ: Սակայն, համարում եմ, որ գորիսեցիներն ավելի ազդեցիկ և հյուրընկալ են։ 

Երկրորդ աշխատանքս կապված է ոչ միայն երեխաների, այլ նաև պատանիների հետ։ Աշխատում եմ նրանց տալ գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան հաղորդակցվել օտար լեզվով, նոր ընկերներ ձեռք բերել, հետաքրքիր տեղեկություններ և հմտություններ սովորել։

- Ինչպիսի՞ն է Շահանե Գյուրջյանը տանը, ինչպիսի՞ մայր է, կին, և ինչպե՞ս է համատեղում աշխատանքն ու խոհանոցը:

- Բոլորը կփաստեն, թե ինչքան դժվար է մեր օրերում համատեղել, բավականաչափ ժամանակ և ուշադրություն հատկացնել ընտանիքին և աշխատանքին։ Ես հաջողակ եմ, որ ունեմ հարազատ մարդիկ, որոնք ինձ օգնում են և քաջալերում:

Ազատ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս՝ փորձելով օրը և իրադարձությունները դարձնել ավելի ուշագրավ ու հետաքրքիր:

- Աշակերտների հետ ինչպիսի՞ հիշարժան նախաձեռնություններ եք իրականացրել:

- Փորձում եմ միջոցառումներ կազմակերպել՝ աշակերտներին ավելի ոգեշնչելու և խրախուսելու համար։ Մի քանի անգամ աշակերտուհիներիս հետ պոզիտիվ օրեր եմ ունեցել. այցելել ենք տեսարժան վայրեր, հետաքրքիր թեմաներից ու մեր երազանքներից ենք խոսել: Նույնիսկ հասցրել ենք ավտոդրոմ նստել։

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, այսօրվա ուսուցչի ամենամեծ մարտահրավերները:

- Ուսուցչի ներկայիս մասնագիտական հմտությունները պետք է լինեն բազմազան։ Մեր առջև դրված պահանջներն այնքան շատ են և անսահմանափակ, որ այդ ամենն ամբողջ ծավալով կատարել հաջողվում է միայն ամեն օր կրթվելու արդյունքում։ Ուսուցիչն այսօր համարվում է այն մարդը, որն իր մեջ համադրում է մանկավարժական հմտությունների բազմազանությունը։

- Ինչպե՞ս եք փորձում զարգացնել Ձեր մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

- Տարին մի քանի անգամ մասնակցում եմ  սեմինարների, մասնագիտական զարգացման դասընթացների, լինում եմ գործուղումներում։ Ամռանը մասնակցել եմ Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան համալսարանի կողմից կազմակերպված մասնագիտական զարգացման դասընթացներին։ Մոտ օրերս նույնպես կմասնակցեմ Երևանում կայանալիք դասընթացներին։

- Ինչպիսի՞ զվարճալի կամ անսովոր դեպքեր են տեղի ունեցել դպրոցում, որոնք դեռ երկար եք հիշելու:

- Ջվարճալի պատմությունները շատ-շատ են և գրեթե ամեն օր են լինում: Տարրական դասարաններում երեխաներն իմ անունն ու հայրանունը տարբեր ձևերով են հնչեցնում, որն ինչպես կարողանում է, ինչը ժպիտ ու երբեմն էլ ծիծաղ է առաջացնում: Ծնողների հետ հաճախ կատակում ենք, ասելով, որ մինչև 4-րդ դասարան հասնելը կսովորեն։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.01.2025)
Դիտումներ: 411 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar