- Նկարագրեք Ձեր աշխատանքային օրը: - Աշխատանքային օրս սկսվում է մեծ խանդաղատանքով և, անկախ իմ տրամադրությունից, միշտ դասարան եմ մտնում ժպիտով։ Առհասարակ, օրը պետք է սկսել պոզիտիվ տրամադրությամբ։ Իմ էներգիան այդ կերպ փոխանցում եմ աշակերտներիս, և ասեմ, որ մեծամասամբ նրանք էլ ինձ նման ակտիվ, կենսախինդ, մի փոքր էլ չարաճճի են։ Աշխատանքային օրս հագեցած է և՛ աշակերտներիս, և՛ գործընկերներիս հետ անկաշկանդ ու անկեղծ շփումներով, ինչը իմ աշխատանքի գրավչությունն է։ - Ո՞վ է Կարինե Մալխասյանը որպես կին, մայր, քույր: Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը: - Երբևէ ինձ առաջադրված հարցերից ամենախրթինը թերևս սա է, բայց ինչպես ասում են, ամեն խրթին հարց ունի պարզ պատասխան։ Նախ ասեմ՝ ով է Կարինե Մալխասյան մարդը, համոզված եմ՝ մնացյալի մասին ինքներդ պատկերացում կունենաք. ես նվիրվում եմ անմնացորդ, անկեղծ եմ ցանկացած իրադրության մեջ, սիրում եմ լսել նրան, ով իր սիրտն է թեթևացնում, գաղտնապահ եմ և խստապահանջ ինքս իմ հանդեպ։ Դպրոցական տարիներից մտերիմներս ասում էին՝ քեզ հետ կարելի է խոսել, ինչպես հայելու առաջ։ Տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել. հարազատներս և մտերիմներս ինձ սիրում ու ընդունում են հենց նշածս որակների համար։ Որպես կին ես չեմ պահանջում և չեմ թելադրում ամուսնուս՝ ինչ անել: Ես ոգեշնչում եմ նրան և մենք միասին ենք հաղթահարում մեր առջև ծառացած խնդիրները՝ քաջ գիտակցելով, որ կինը պիտի լինի ընտանեկան բարեկեցության մուսան։ Ընտանիքս ինձ համար ընծա է Աստծո կողմից և ես իմ ուժն ու զորությունը ստանում եմ նրանից։ - Ի՞նչ ճաշատեսակներ եք սիրում պատրաստել կամ ուտել: Հայկական ավանդական խոհանոցից ո՞ր ճաշատեսակներն եք հաճախ պատրաստում։ - Պատրաստել սիրում եմ, համեղ և օգտակար սնվել ևս։ Հիմնականում պատրաստում եմ՝ հաշվի առնելով երեխաներիս նախասիրությունները։ Մեծագույն հաճույքով և հաճախ պատրաստում եմ ապուրներ։ Բազմազան ու տարատեսակ հայկական խոհանոցից առանձնացնում եմ հարիսան ու պասուց տոլման։ Վերջինիս պատրաստումը մի իսկական արարողակարգ է, որի համեղ լինելը մեծապես կախված է, թե որքան լրջությամբ ես վերաբերում դրա պատրաստմանը։ - Ինչպե՞ս է Գորիսը, մշակույթն ու միջավայրն ազդում Ձեր ուսուցման մոտեցումների և կրթական արժեքների վրա: - Անկախ այն բանից, թե մշակույթն ու միջավայրն ինչպես են ազդում ուսուցման մոտեցումների և կրթական արժեքների վրա, արդյունքը պիտի լինի մարդու կայացումը որպես սոցիալական էակ։ Իմ ուսուցման մոտեցումները և կրթական արժեքները հնարավորություն են տալիս բացահայտել սովորողների հետաքրքրություններն ու ունակությունները և կրթական գործընթացում ապահովել սովորողների ակտիվ դիրքորոշումը։ Սեփական մտքերը և կարծիքները անկաշկանդ արտահայտել. սրան է միտված իմ ուսուցման մոտեցումները։ - Ինչպիսի՞ դեր ունի մշակույթը Ձեր կյանքում: Ի՞նչ երաժշտություն եք սիրում: - Ինձ թվում է յուրաքանչյուր մարդու՝ որպես անհատի, հոգեկերտվածքի մեջ մեծ դեր ունի մշակույթն իր բոլոր դրսևորումներով։ Ընթերցել սկսել եմ գիտակցական տարիքից սկսած, իսկ այդ տարիքն ինձ մոտ շուտ է սկսվել (ծիծաղեցի)։ Սկզբում կարդում էի՝ մրցելով հասակակից զարմուհուս հետ։ Ինձ համար ծանր էր ընդունել, որ ընթերցածս գրքերի քանակը կարող է զիջել «հակառակորդիս» ընթերցածին և այդ մրցությունն ինձ կապեց գրքին ու գրականությանը, ինչի համար մեծ հաշվով պարտական եմ զարմուհուս։ Ընթերցել սկսել եմ արկածային ժանրից, հետո՝ պատմական, դրամա, այժմ՝ դետեկտիվ։ Հենց հիմա ընթերցում եմ «Մարդասպանի աչքերով» դետեկտիվը, որը խորհուրդ կտամ նաև այս ժանրը սիրողներին։ Խառնվածքով սանգվինիկ եմ, հավանաբար, դա է պատճառը, որ սիրում եմ ռիթմիկ երաժշտություն, հատկապես, Չելենտանոյի երգացանկից, իսկ մենության մեջ վայելում եմ մեծն Շանսոնիեին։ - Ո՞ր արժեքներն եք համարում Ձեր կյանքում ամենակարևորը։ - Ինձ համար ամենակարևոր արժեքը բարոյական նորմերի պահպանումն ու կրումն է։ Ստախոսությունը, անազնվությունը, նախանձը, չարությունը, գոռոզությունն ու մեծամտությունը ինձ համար մերժելի, անընդունելի մոլորություններ են։ Ինքս առաջնորդվում եմ Աստվածաշնչյան Ոսկե կանոնով. «Մի՛ արա ուրիշներին այն ամենը, ինչը չես ուզում, որ ուրիշները քե՛զ անեն»։ Պատկերացրեք, որ մենք ապրում ենք մի հասարակարգում, որտեղ բոլորն առաջնորդվում են այս կանոնով։ Հրաշալի կլիներ... - Ինչպիսի՞ արժեքներ եք փոխանցում աշակերտներին և որքա՞ն կարևոր եք համարում հանրակրթությունը երիտասարդ սերնդի ձևավորման գործում: - Ամենակարևորը՝ հայրենանվիրումն ու ազգասիրությունն է։ Յուրաքանչյուր աշակերտի ինքնության կերտման հիմքում պիտի լինի այս երկու արժեքը, որն էլ հենց երիտասարդ սերնդի ձևավորման ու կայացման անցաթուղթն է։ - Աշակերտների հետ ինչպիսի՞ հիշարժան նախաձեռնություններ եք իրականացրել: - Օ՜, դրանք շատ են... Սիրում եմ ակտիվ շփումները, աժիոտաժն ու աղմուկը։ Սիրում եմ տարատեսակ միջոցառումներ, շրջայցեր, էքսկուրսիաներ կազմակերպել, ինչն ավելի մտերմիկ է դարձնում ուսուցչի և աշակերտների կապը։ Վերջերս խաղ էինք կազմակերպել, երբ, ձայնը լսելով, պիտի ճանաչես աշակերտին. ես ճանաչել եմ իմ աշակերտական մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ - Ի՞նչ հոբբիներ ունեք, ինչպե՞ս եք անցակացնում Ձեր ազատ ժամանակը: - Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել, հատկապես պատմական. դա ինձ համար թագավորական վայելք է։ Կտրվում եմ իրականությունից և հերոսների հետ ապրում, շնչում ու իմ միջով անց եմ կացնում ամեն ակնթարթը։ Ինքս էլ տեղափոխում եմ տվյալ ժամանակաշրջան և լիովին վերապրում հերոսների հույզերն ու ապրումները։ Ֆիլմ դիտելը իմ մեծագույն թուլություններից է։ Ինչպես գիտեք ուղեղի ու ողջ մարմնի համար հիանալի դեղ է ծիծաղը։ Սիրում եմ կատակել, հումորներ անել ու լիաթոք ծիծաղել։ Անկախ նրանից, թե ինչ հոբբիներ ունեք, խորհուրդ կտամ, որ դուք էլ ընտրեք ձեր ծիծաղը, քանի որ այն գրեթե միշտ էլ հիանալի լրացում կդառնա ցանկացած զբաղմունքի համար: Ծիծաղը նաև ձեզ կօգնի խուսափել տհաճ ու կպչուն մտքերից, որոնք ուղիղ համեմատական են սթրեսին։ - Եթե կրկին մասնագիտության ընտրության հարց լինել, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։ - Գիտեք՝ եղել են պահեր, երբ լրջորեն մտածել եմ փոխել մասնագիտությունս, եղել են նաև աշխատանքի այլ առաջարկներ, բայց դպրոցից դուրս Կարինե Մալխասյան մարդուն չեմ պատկերացնում։ Ես ապրում եմ իմ աշակերտներով և իմ դպրոցով, չնայած՝ խորապես հասկանում եմ ընտրածս մասնագիտության ստվերոտ կողմերը։ Այնպես որ ընտրածս մասնագիտության մեջ եմ բացահայտել առաջին հերթին հենց ինքս ինձ։ | |
| |
Դիտումներ: 357 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |