Փոփոխություններ՝ ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում

ՀՀ կառավարությունը փետրվարի 6-ի նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն ու ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը Կառավարության ծրագրի և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից են:

Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվող մյուս կարևոր ծրագիրը տարակարգի շնորհման ծրագիրն է: «2024 թվականին 285 ուսուցիչ արդեն իսկ ստացել է տարակարգ՝ նախորդ տարվա ցուցանիշը լավարկելով շուրջ 2,8 անգամ՝ արդյունքում նաև ավելացնելով իր վարձատրությունը 10-50% հավելավճարով: Ներկայում տարակարգ ունեցող և համապատասխան վարձատրություն ստացող շուրջ 1263 ուսուցիչ ունենք»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Տարակարգի համար պահանջվող փաստաթղթերը կընդունվեն միայն էլեկտրոնային համակարգով

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջարկվող փոփոխության կարևորագույն առաջնահերթություններից է թվայնացումը: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ առաջիկայում տարակարգի համար պահանջվող փաստաթղթերը կընդունվեն միայն էլեկտրոնային համակարգի միջոցով. «Սա կարևոր է թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից, թե՛ ներկայացվող փաստաթղթերի ծավալի կրճատման առումով՝ հաշվի առնելով, որ Կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան»:

Թղթաբանության կրճատում համատեղությամբ աշխատանքի և մի շարք այլ դեպքերում

Նոր փոփոխությամբ հանրապետական հանձնաժողովն իրավունք կունենա ուսուցչին տալու դիմածից բարձր կամ ցածր աստիճանի տարակարգ: Մյուս ճշգրտմամբ՝ հավելավճարը կհաշվարկվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեության խրախուսման, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերը:

Կարևոր փոփոխություն է համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը:

«Կարևոր է նաև այն, որ հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով առաջին և երկրորդ տարակարգի ստացման հնարավորություն է ընձեռվում այն ուսուցիչների համար, որոնք հերթական ատեստավորման արդյունքում 80-89% կամ 90-100% արդյունք են ցուցաբերում: Հստակեցվել են նաև դասընթացների հանդեպ պահանջները. նախարարության կողմից երաշխավորված լինելը պարտադիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ հստակեցվել են նաև որոշակի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող այլ դրույթներ:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով 3-րդ և 4-րդ աստիճան տարակարգ ունեցող ուսուցիչների թվին՝ նախարարը պարզաբանել է, որ նշված աստիճանի տարակարգի կարող են դիմել միայն կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչները:

Տարակարգի մեխանիզմը ներդրվել էր 2012 թվականից, որին հաջորդող 10 տարիների ընթացքում որևէ ուսուցիչ 4-րդ աստիճանի տարակարգ չէր ստացել, քանի որ սահմանված ընթացակարգով ուսուցիչը, եթե անգամ համապատասխանում էր պահանջվող բոլոր չափանիշներին, չէր կարող ամենաբարձր տարակարգը ստանալ, եթե մինչ այդ դրա նախորդ աստիճանների՝ այսինքն՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի տարակարգ չէր ստացել: Բացի այդ՝ յուրաքանչյուր հաջորդ աստիճանի անցման համար սահմանված պարտադիր ժամանակահատված կար, և ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի համար ուսուցչից կարող էր 9 տարի ժամանակ պահանջվել որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, արհեստական խոչընդոտ էր:

Նախարարի տեղեկացմամբ՝ այս պահին 4-րդ աստիճանի տարակարգ ունի 59 ուսուցիչ, որը նրանց 50 տոկոս հավելավճար է ապահովում: Տարակարգի և կամավոր ատեստավորման համադրման արդյունքում՝ 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն: «Տարակարգի աստիճանները փոխկապակցված են ուսուցչի մասնագիտական ստանդարտներին, որոնք ևս չորսն են: 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգեր ստանում են հետազոտող և վերապատրաստող ուսուցիչները, և նրանց կարևոր գործառույթներից է նաև մենթոր հանդիսանալը մյուս ուսուցիչների համար, ինչը նշանակում է, որ նրանք իրենց փորձն ու կարողությունները պետք է տարածեն իրենց գործընկերների վերատրաստման, աջակցման, կարողությունների զարգացման ուղղությամբ»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգին ծանոթացեք այստեղ։

Կրթության վերաբերյալ այլ նորմատիվային փաստաթղթեր կարող եք գտնել դպրոցի կայքի «Օրենքներ, կարգեր» բաժնում։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.02.2025)
Դիտումներ: 290 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar