«Կարևորում եմ ընտանեկան ավանդույթների և սերնդեսերունդ փոխանցվող արժեքների պահպանումը»․ Մարետա Հարությունյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի տասնմեկերորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Մարետա Հարությունյանի հետ է։

- Նկարագրեք Ձեր աշխատանքային և ոչ աշխատանքային օրը:

- Ուսուցչի աշխատանքային օրը շատ տարբեր է, քանի որ այն ներառում է և՛ դասապրոցես, և՛ աշակերտների հետ շփումներ, և՛ շատ այլ պարտականություններ: Թե ինչպիսի է սկսվում և ավարտվում աշխատանքային օրս, կախված է դպրոցից, գործընկերներից, աշակերտներից և բոլոր այն մարդկանցից, որոնց հետ անցնում է իմ աշխատանքային օրը։ Հաճախ է լինում, որ աշխատանքային օրվա ընթացքում մոտիվացվում եմ աշակերտների գրանցած արդյունքներով, նրանց կատարած գործնական աշխատանքների արդյունքներով։

Ոչ աշխատանքային օրս համեմատաբար ավելի ազատ է: Երբեմն փորձում եմ վերականգնել սպառված էներգիան։ Աշխատանքից ազատ օրերս գերադասում եմ անցկացնել հարազատներիս հետ, շուրջս հավաքելով իմ մեծ ընտանիքը։

- Ո՞վ է Մարետա Հարությունյանը որպես կին, մայր, քույր, տատ: Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը:

- Կարծում եմ, որ ընտանիքում մարմնավորում եմ անսահման սիրո, հոգատարության և ուժի միաձուլում: Թվում է, որ ընտանիքիս անդամների կյանքում կարևոր դերակատարություն ունեմ։ Միշտ պատրաստ եմ աջակցել, հասկանալ և ուղղություն ցույց տալ իմ հարազատներին: 

Մշտապես պատրաստ եմ տրամադրել աջակցություն թե՛ դժվարին պահերին, թե՛ ուրախ օրերին: Ընտանիքիս անդամների կողքին լինելն ինձ համար կարևոր է՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է։

Որպես տատիկ, կարևորում եմ ընտանեկան ավանդույթների և սերնդեսերունդ փոխանցվող արժեքների պահպանումը։ Իմ առօրյայի մի մասն է նաև ընտանիքիս անդամների հետ ժամանակ անցկացնելը, նրանց կյանքի և արժեքների զարգացման համար հոգատարություն ցուցաբերելը:

- Կիսվեք Ձեր սիրելի հայկական ուտեստներով:

- Մանկուց սիրել եմ խոհանոցը։ Դեռ դպրոցական տարիքից սիրել ու զբաղվել եմ խոհանոցային աշխատանքներով։ Իմ ամենա սիրելի ուտեստներից է հայական ավանդական Ղափաման և բանջարով հացը, որը պատրաստում եմ Սուրբ Ծննդյան տոնին և սիրով հյուրասիրում իմ ընտանիքի անդամներին։

«Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...»։ Ասում են՝ համով ձեռք ունեմ, պատրաստում եմ շատ համով թթուներ, և ասում են, որ ուտելուց չեն կշտանում։

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել և ինչպե՞ս է այն ազդում Ձեր տրամադրության վրա:

- Սիրում եմ լսել և՛ դասական, և՛ ժողովրդական, և՛ ջազ երաժշտություն։ Լսելով երաժշտություն, կարծես մի փոքր վերանում եմ առօրյա հոգսերից։

Երաժշտությունը հանգստացնող ազդեցություն է թողնում ինձ վրա, էմոցիաներ է առաջացնում։ Երբ լսում եմ դասական երաժշտություն, ասես բացահայտում եմ հեղինակի հոգու գեղեցկությունը և հուզական խորությունը։ Այդպիսի երաժշտությունը հաճախ շոշափելիորեն վերափոխում է տրամադրությունս, դառնում եմ հիշողություններիս մի մասը։

Ժողովրդական երաժշտությունը արդեն մի այլ գիծ է։ Այն որոշակի կապ ունի մշակույթի, պատմության և ազգային ինքնության հետ։ Յուրաքանչյուր երգ ունի իր պատմությունը, իր ձայնը՝ միանգամայն ավանդական ու լի կյանքով։ Հաճախ ժողովրդական երաժշտությունն ունի մի հետաքրքիր հնչյուն, որն անմիջապես ինձ տանում է անցյալ, և երբ լսում եմ ժողովրդական գործեր, կարծես կապ եմ հաստատում իմ նախնիների հետ, կարծես մի փոքր ապրում եմ նրանց աշխարհում:

- Երկար տարիների աշխատանքային փորձ ունեք. պատմեք մի քանի հետաքրքիր և հիշարժան դեպք։

- Աշխատանքային երկար տարիների ընթացքում, կարծես, կուտակվում են բազմաթիվ հիշողություններ, որոնք թե՛ հաճելի են, թե՛ յուրահատուկ:

Հիշողություններն իրենց մեջ մեծ արժեք ունեն, որովհետև դրանք են, որ հիշեցնում են, թե ուսուցչի աշխատանքն ինչ կարևոր է և, որ այն միայն գիտելիքի փոխանցում չէ, այլ նաև մարդու կերպարի կառուցում։

Ուսուցիչ լինելը ոչ միայն կրթական գործընթաց է, այլ նաև հարաբերություններ կառուցելու արվեստ: Մի անգամ դպրոցում կազմակերպված միջոցառմանն աշակերտներից մեկը ներկայացավ երգ ու ասմունքով, որից հետո բոլորը պարզապես «ջերմացան». այդ տեսարանը աննկարագրելի էր: Ելույթը բոլորի մոտ ժպիտներ առաջացրեց և բոլորը կարծես հպարտ էին։ Այն, ինչ ես տեսա աշակերտի դեմքին ու աչքերում, շատ ավելին էր, քան ցանկացած այլ գնահատական։

- Ինչպե՞ս եք հավասարակշռում աշխատանքն ու ընտանիքը:

- Հարցն իր մեջ բավականին իմաստալից և խոր դիտարկում է պարունակում։ Աշխատանքս լրացնում է ընտանիքիս, ընտանիքս՝ աշխատանքիս։ Կարևոր եմ համարում ժամանակի կառավարումն ու ճիշտ բաշխումն ընտանիքի ու աշխատանքի միջև։ Ամեն բան պետք է կատարվի իր ժամանակին. երբ դու աշխատում ես, լիովին տրվիր աշխատանքին: Բայց երբ տուն ես գնում, անցնում ես մեկ ուրիշ աշխարհ, որտեղ դու ոչ թե պարզապես աշխատող կամ ուսուցիչ ես, այլ մարդ՝ կնոջ, մոր, քրոջ կամ տատի դերում: Իսկ այդ դերերը պահանջում են հոգատարություն, սեր, համբերություն ու ժամանակ:

- Կա՞ որևէ գիրք, որն ըստ Ձեզ պետք է կարդա յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից կամ մասնագիտությունից:

- Շատ եմ սիրում Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» գիրքը, որն այժմ իմ սեղանի գիրքն է։ Բոլորին խորհուրդ կտայի ընթերցել։ Այն ուսուցանում է, որ ցանկացած աշխատանք կատարելիս, անկախ պաշտոնից, պետք է գիտակցել, որ կատարում ես կարևոր և պատասխանատու աշխատանք հասարակության, պետականության և պետության համար։ Այսինքն՝ լինել պիտանի մարդ՝ վաղվա օրվա համար։

- Աշխատանքում ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգևորում և դրդում, որ հաջորդ օրը նորից գնաք աշխատանքի:

- Աշխատանքում ամենաշատն ինձ ոգևորում է այն պահը, երբ տեսնում եմ, որ իմ աշխատանքն իրական ազդեցություն ունի։ Երբ աշակերտներս կամ գործընկերներս ասում են, որ ինչ-որ բան փոխվել է թե՛ իրենց մոտեցման մեջ, թե՛ գիտելիքների կամ նույնիսկ վերաբերմունքի հարցում, դա ինձ աներևակայելի ուրախացնում է։ Այդ պահերին ես զգում եմ, որ իմ ջանքերը, իմ ներդրումը դրական փոփոխություններ են բերել։ Այն ինձ տանում է առաջ և դրդում շարունակել ու կրկին վերադառնալ աշխատանքի։ Շատ եմ սիրում իմ աշխատանքը։

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում աշխատանքային գործունեության ընթացքում, և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

- Եթե մի փոքր անկեղծ գտնվեմ, կարող եմ ասել, որ լինելով խիստ պատասխանատու իմ աշխատանքի նկատմամբ, մի փոքր դժվարությամբ եմ հաղթահարում վերջին շրջանում կրթության ոլորտում ներդրված փոփոխությունները, որոնք հիմնականում կապված են համակարգչային հմտությունների հետ։ Այնուամենայնիվ փորձում եմ հաղթահարել այդ դժվարությունները, ինչում օգնում են գործընկերներս ու ընտանիքիս անդամները։ Անկախ տարիքից պատրաստ եմ և սովորում եմ բոլոր նորարարությունները։

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ուսուցիչներին՝ դպրոցում հաջողության հասնելու համար:

- Լինելով վաստակաշատ մանկավարժ, խորհուրդ կտամ մեր բոլոր երիտասարդ մանկավարժներին լինել նախ և առաջ լավ մարդ, լավ հոգեբան։ Մանկավարժը պետք է լինի հանդուրժող, ներողամիտ, լսող, ընդունող, կատարող, հասկացող և ունենա համապատասխան կարողություններ, հմտություններ, որոնք պետք է օգտագործի իր աշխատանքի մեջ, և լինի օրինակ և՛ աշակերտների, և՛ գործընկերների համար։

Դպրոցում հաջողությունը կախված է թե՛ մասնագիտական կարողություններից, թե՛ մարդկային մոտեցումներից: Մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կարող են օգնել դպրոցում գտնել սեր ու հարգանք ոչ միայն աշակերտների, այլև գործընկերների ու ծնողների կողմից. իրացրո՛ւ կրթության նկատմամբ սերդ, եղի՛ր համբերատար և ըմբռնող, շարունակի՛ր սովորել ու զարգանալ, կառուցի՛ր առողջ միջավայր, խրախուսի՛ր ու աջակցի՛ր։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.02.2025)
Դիտումներ: 271 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar