Ճանապարհ դեպի գրքերի աշխարհ․ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի ուսուցողական այցը մանկական գրադարան

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտները «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ ուսուցողական այց կատարեցին Գորիսի թիվ 2 մանկական գրադարան։

Այցելության նպատակն էր զարգացնել աշակերտների հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, խորացնել նրանց գիտելիքները գրադարանային մշակույթի մասին և ծանոթացնել գրադարանի կառուցվածքին ու գրքացանկին։

Գրադարանի աշխատակից Գոհար Յուզբաշյանը ջերմությամբ դիմավորեց փոքրիկներին և սիրով ներկայացրեց գրադարանի պատմությունը, մատենաշարի հիմնական բաժինները, գրադարանային աշխատանքների առանձնահատկությունները։ Աշակերտները սովորեցին, թե ինչպես կարելի է գրքեր որոնել, օգտվել ընթերցասրահից և գրանցվել որպես ընթերցող։

Այցի ընթացքում աշակերտներն ակտիվորեն ներգրավվեցին գրական-ստեղծագործական միջավայրում։ Նրանք բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը՝ արտահայտիչ ընթերցմամբ ու դերային խաղով։ Այնուհետև ներկայացրին հետաքրքիր փաստեր Ամենայն հայոց բանաստեղծի՝ Թումանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ՝ ցույց տալով ոչ միայն իրենց գիտելիքները, այլև գրականության հանդեպ սերը։

Գրադարանի աշխատակցի կազմակերպած հարցուպատասխանը և քննարկումը՝ ընթերցանության դերի ու սիրելի գրքերի թեմայով, խթանեցին աշակերտների մտածողությունն ու խոսքի ինքնարտահայտման կարողությունները։

Այցի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ շատ աշակերտներ գրանցվեցին որպես գրադարանի ընթերցողներ, ոմանք էլ արդեն իսկ ընտրեցին գրքեր՝ տուն տանելու և կարդալու համար։

Այս նախաձեռնությունը դարձավ կարևոր քայլ ընթերցասիրության խթանման, գրքի արժեքի ու մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորման ճանապարհին։ Այն ստեղծեց մի միջավայր, որտեղ գիրքը վերածվեց ոչ միայն գիտելիքի աղբյուրի, այլև ընկերության, զարմանքի ու ոգեշնչման աղբյուրի։

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.05.2025)
Դիտումներ: 75 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar