Փետրվարի 4-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցչուհիներ Անուշ Դաջունցի և Հերմինե Ալավերդյանի կողմից դպրոցի 9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտների ակտիվ մասնակցությամբ կազմակերպվել էր բաց դաս՝ «ՀՀ քիմիական արդյունաբերությունը» թեմայի շրջանակներում, որին մասնակցում էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, 9-րդ «Բ» դասարանի դասղեկ Լուսինե Ասլանյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Սոնա Հարությունյանը, Լիլիթ Սարգսյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը, ինֆորմատիկայի ուսուցչուհի Ալլա Ալեքսանյանը: Կարևորելով ուսուցման գործընթացի ճիշտ կազմակերպման նշանակությունը՝ ինտեգրված ուսուցման տեխնոլոգիայի կիրառման այս փորձով սովորողների համար պայմաններ ստեղծվեցին՝ կիրառելու իրենց գործնական հմտությունները, ինքնադրսևորվելու՝ միաժամանակ ձեռք բերելով կայուն գիտելիքներ: Վերջինս նպաստելու է հարմարվողական ընդունակությամբ, ճկուն մտածողությամբ օժտված անհատների ձևավորմանը:
Աշակերտները ներկայացրին բնական գազի հիմքի վրա սինթետիկ կաուչուկի, այլ քիմիական միացությունների արտադրական համալիրի առանձնահատկությունները ՀՀ-ում: Բնական կաուչուկի հիմնական բաղադրիչը (91-96%) պոլիիզոպրենն է՝ (C5H8)n, պարունակում է նաև 2,2-3,9% սպիտակուցներ և ամինաթթուներ, ացետոնով լուծահանվող նյութեր, 5-4% (օլիենաթթու, ստերինաթթու, կարոտին), փոփոխական արժեքականությամբ մետաղների`՝ պղնձի (մինչև 0,008%), մանգանի (0,001%), երկաթի (0, 01%) միացություններ, ավազ և որոշ այլ խառնուրդներ։ Բնական կաուչուկը տարածականորեն կարգավորված պոլիմեր է։ Կաուչուկն անջատում են ծառի վրա արված կտրվածքներից հավաքած ծորացող լատեքսը մրջնաթթվով, թրթնջկաթթվով կամ քացախաթթվով մակարդելիս։ Սինթետիկ կաուչուկները առաձգական բարձրամոլեկուլային միացություններ են, որոնք, ծծմբի հետ տաքացնելով (վուլկանացմամբ), ստանում են ռետին։ Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխելու, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի դադարելուց հետո իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Օդային ավազանի մաքրության պահպանման համար կարևոր է հաշվի առնել բնակավայրերի «Քամիների վարդը»՝ որոշելով գերիշխող քամիների ուղղությունը և գործարանը կառուցելով համապատասխան աշխարհագրական դիրքում: Այսպես. եթե գերիշխող են հյուսիսարևմտյան քամիները (ինչպես ցույց են տալիս գծագրերը), ապա քիմիական գործարանը պետք է կառուցել քաղաքի հարավ-արևելքում, և հակառակը: Աշակերտները նշեցին, որ ՀՀ քիմիական արդյունաբերության համար կարևորագույն հիմնախնդիր է բնապահպանական ուղղվածության ապահովումը: Մեր փոքր տարածքի համար կենսական նշանակություն ունի այն, որ քիմիական գործարաններն ու արտադրությունները լինեն էկոլոգիապես անվնաս, չաղտոտեն շրջապատի օդը, ջուրը, հողը, չվնասեն բուսականությունն ու կենդանական աշխարհը: Կրթության կարևորությունը գնահատելով՝ պետք է ընդունենք, որ կրթության միջոցով կարելի է հասնել հասարակական մտածողության, հոգևոր-բարոյական և մշակութային արժեքների զարգացման: Ինտեգրված ուսուցումը, ապահովելով տարբեր առարկաների գիտելիքների համակցումը, նպաստելու է հետազոտական հմտությունների, ստեղծագործական կարողությունների ձևավորմանը և դրանց հիմքի վրա սովորողների կայուն զարգացմանը:
| |
| |
Դիտումներ: 783 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |