Ուսուցման մեթոդներ

Մեթոդը գործունեության եղանակաների և հնարների յուրատեսակ համակարգ է, որն ապահովում է գործունեության խնդիրների իրականացումը: Ժամանակակից մանկավարժության մեջ մեթոդների դասակարգման տարբեր սկզբունքներ կան:

Ուսուցման մեթոդները պայմանականորեն կարելի է ներկայացնել երկու խումբով`
ավանդական և նոր կամ ժամանակակից: Մեթոդները բաղկացած են հնարներից և վարժություններից:

1. Խոսքային մեթոդներ

1.1. «Պատմել» - այս մեթոդը կիրառվում է ուսուցման բոլոր փուլերում: Պատմելը սկսվում է ներածությունով և ավարտվում ամփոփումով: Շարադրվում կամ պատմվում է ուսումնական նյութի բովանդակությունը` խստագույնս պահպանելով սիստեմատիկության և հաջորդականության սկզբունքը: Պատմելու ընթացքում վարպետորեն առանձնացվում է նյութի գլխավոր տարրերը: Գիտելիքները հիմնավորվում է օրինակներով, գիտական փաստերով, համապատասխան իլյուստրացիաներով և դեմոնստրացիաներով: Այս մեթոդի կիրառման ժամանակ գործադրվում է մի շարք հնարներ, օրինակ` «համեմատության», «համադրության», «սովորողների ուշադրության ակտիվացման» և այլն: Այս մեթոդը հիմնականում կիրառվում է դպրոցական ուսուցման ընթացքում:
1.2. «Դասախոսություն» - մեթոդը կիրառվում է ծավալուն, բարդ ուսումնական նյութերը քննելիս, հատկապես, եթե այն ընդգրկում է պրոբլեմներ (օրինակ` պրոբլեմային դասախոսություն) և ունի շատ ցայտուն տրամաբանական կառուցվածք ու պահանջում է կատարել ընդհանրացումներ, ենթադրում է ապացուցումներ, հիմնավորումներ և այլն: Այս մեթոդը ենթադրում է դասախոսության պլանի հստակորեն կազմում, հարցերի տրամաբանական կապերի պահպանում, դիտազննական պարագաների, ուսուցման տեխնիկական միջոցների ճիշտ ընտրություն և այլն:
1.3. «Զրույց» - մեթոդի էությունն այն է, որ ուսանողները պատասխանում են նախօրոք կազմված հարցերին: Այս մեթոդը կիրառվում է նոր նյութի հաղորդման, ամրապնդման, ստուգման ժամանակ: Նոր դասանյութի ավելի արդյունավետ անցկացման համար ուսանողներին նախապես հանձնարարվում է ուսումնասիրել նյութը, որը վերլուծվելու է, բացատրվելու: Զրույցի մեթոդի հիմնական գործառնությունը մոտիվացիան է:
1.4. «Բանավեճ» – այս մեթոդը կիրառվում է ուսանողների իմացական հետաքրքրությունները ակտիվացնելու, կարծիքները, համոզմունքները, տեսակետները հայտնելու, հարցապնդումներ անելու, ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Բանավեճի միջոցով արժևորվում, գնահատվում են սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունների չափը, ծավալը, զարգացման աստիճանը: Առանց կայուն և խորը գիտելիքների դժվար է ակտիվորեն մասնակցել բանավեճին, համոզել ընդդիմախոսներին: Բանավեճը սովորողներից պահանջում է ճիշտ ձևակերպել իրենց մտքերը, համբերատար լսել ընկերների պատասխանները, կարծիքները, հարցապնդումները, հակադրվելու դեպքում բացառել վիրավորանքը: Բանավեճը կարող է լինել ազատ, երբ այն զարգանում է ազատ, և ղեկավարվող, երբ այն զարգանում է որոշակի ուղղությամբ:

2. Զննական մեթոդներ

Զննական են համարվում այն մեթոդները, որոնց միջոցով սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացումը կախում ունի դիտազննական պարագներից և ուսուցման տեխնիկական միջոցներից: Զննականությունը հնարավորություն է ընձեռում օբյեկտներին, առարկաներին ծանոթանալ բնական վիճակում և կամ սիմվոլների միջոցով:

2.1. «Իլյուստրացիա» - այս մեթոդը խնդիր է դնում կամ պահանջում է ուսուցման գործընթացում ուսումնական նյութը հաղորդելիս կիրառել դիտազննական պարագաներ` քարտեզներ, պաստառներ, գծագրեր, նկարներ, դիմանկարներ և այլն: Դրանց ցույց տալն ու վերլուծությունը կոչվում է իլյուստրացիա: Ուսուցման արդյունավետությունն ավելի բարձր է լինում այն դեպքում, երբ պատմելը, զրույցը, բացատրությունը, դասախոսությունը զուգակցվում են իլյուստրացիային, այսինքն` ցուցադրմանը:
2.2. «Դեմոնստրացիա» - այս մեթոդի էությունը նույնպես ցուցադրումն է: Օրինակ` ցուցադրվում են գործիքներ, սարքեր, տեխնիկական միջոցներ, զանազան պրեպարատներ, ֆիլմեր և այլն: Դեմոնստրացիայի դեպքում ցուցադրմանն ուղեկցում է շարժումը և ահա ի տարբերություն իլյուստրացիայի, այն կոչվում է դեմոնստրացիա: Սակայն իմաստը մնում է նույնը` ցուցադրումը: «Իլյուստրացիա, դեմոնստրացիա» հասկացությունների
բաժանումները պայմանական են: Առանձին զննական միջոցներ կարելի է դասել իլյուստրացիայի խմբում և` հակառակը:

3. Գործնական մեթոդներ

Գործնական աշխատանքները կազմակերպվում և իրագործվում են լայնածավալ թեմաներ ուսումնասիրելուց հետո: Դրանք կրում են ընդհանրացնող բնույթ: Վարժություններն իրենց բնույթով բաժանվում են բանավոր, գրավոր, գրաֆիկական, ուսումնական-աշխատանքային վարժությունների, գործնական աշխատանքների (օրինակ`«Մանկավարժություն»-ից): Դրանցից յուրաքանչյուրն իրականացնելիս սովորողները կատարում են մտավոր և գործնական աշխատանք, որոնք փոխկապակցվում են` կանխանշած նպատակին հասնելու համար: Սրանք կատարվում են ուսումնական բոլոր առարկաներից, ուսուցման գործընթացի բոլոր փուլերում: Բոլոր տեսակի վարժությունների բնույթը և մեթոդիկան կախում ունի տվյալ ուսումնական առարկայի առանձնահատկություններից: Գործնական մեթոդը կարելի է իրագործել հետևյալ հնարների գործադրմամբ.

1. առաջադրանքի պլանավորում,
2. առաջադրանքի կատարում,
3. կատարման ընթացքի խթանում,
4. վերահսկողություն,
5. կատարված գործնական աշխատանքի արդյունքների վերլուծություն, թերությունների, սխալների հայտնաբերում:

4. Լաբորատոր մեթոդներ

Ավանդաբար այս մեթոդները դասվում են գործնական մեթոդների շարքին և վերաբերում են առանձին դասընթացների, օրինակ` «Ֆիզիկա», «Քիմիա»:

4.1. «Լաբորատոր» – այս մեթոդը փոխկապակցված գործողություններով լուծում է կրթական, դաստիարակչական և զարգացման խնդիրներ: Գործողությունները կրում են գործնական բնույթ:
4.2. «Փորձեր» - մեթոդը ենթադրում է, որ գործնական աշխատանքները կատարում են սովորողները` կիրառելով հատուկ գիտելիքներ:

5. Ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդներ

5.1. «Ինդուկտիվ» - այս մեթոդի կիրառումը օգնում է բացահայտել ուսումնասիրվող նյութի բովանդակության տրամաբանությունը, ինչպես նաև նրա դինամիկան: Դա կատարվում է մասնավորից դեպի ընդհանուրը տանող ուղիով: Այս մեթոդը շատ օգտակար է կիրառել հատկապես գործնական առաջադրանքներ կատարելու համար մաթեմատիկիայի, ֆիզիկայի ուսուցման ընթացքում:
5.2. «Դեդուկտիվ» - մեթոդը զարգացնում է սուբյեկտի վերացական մտածողությունը, արագացնում ուսումնասիրության ընթացքը: Տեսական, գործնական առաջադրանքներ կատարելիս օգնում է հայտնաբերել պատճառահետևանքային կապեր: Բացահայտում է նյութի բովանդակության տրամաբանությունը` ընդհանուրից դեպի մասնավորը տանող ուղիով:

6. Բացատրական-ցուցադրական մեթոդ

«Բացատրական-ցուցադրական» մեթոդի էությունն այն է, որ դասավանդողը սովորողներին հաղորդում է պատրաստի գիտելիքներ, իսկ սովորողները այդ գիտելիքները ամրակայում են իրենց հիշողության մեջ` հենվելով դիդակտիկ նյութերի վրա: Այս մեթոդի առավելությունը ժամանակի տնտեսման մեջ է:

7. Պրոբլեմային ուսուցման մեթոդներ

«Պրոբլեմային ուսուցման» մեթոդները ենթադրում են դասավանդողի կողմից պրոբլեմի առաջադրում, ձևակերպում, լուծում` սովորողներին ցույց տալով դրանց լուծման ուղիները: Այս մեթոդի էությունը կամ նշանակությունը այն է, որ դասավանդողը ցուցադրում է գիտական ճանաչողության, պրոբլեմի լուծման նմուշները: Կարելի է առանձնացնել պրոբլեմային ուսուցման մեթոդների երկու տարատեսակ`

1. դասավանդողի կողմից գիտելիքների պրոբլեմային շարադրման մեթոդ,
2. սովորողների ինքնուրույն ճանաչողական գործունեության կազմակերպման մեթոդ:

8. Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդ

Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդը ենթադրում է դասավանդողի կողմից ուսումնական նյութի մշակում, հաղորդում: Ուսումնառողը ինքնուրույն նախապես կատարում է առաջադրանքները, հանձնարարությունները: Ուսումնասիրում է դասագրքի, դասախոսությունների համապատասխան տեքստը, օժանդակ նյութերը և ուղղակի վերարտադրում:

9. «Դասախոսություն-քննարկում» - այս մեթոդը հանձնարարելի չէ նոր տեղեկատվության հաղորդման համար: Այն առավել արդյունավետ է սովորողներին
արդեն հայտնի թեմաների շուրջ զրուցելու և դրանց իմաստավորման գործում սովորողներին օգնելու անհրաժեշտության դեպքում:

10. «Մտագրոհ» (brainstorm) – խմբային աշխատանքի պարզագույն, բայց շատ արդյունավետ մեթոդ է: Այս մեթոդը մտքերի տարափ են անվանում, քանի որ հաճախ խրախուսվում են պարզապես ուսումնասիրվող նյութին այս կամ այն կերպ առնչվող բառեր թվարկելն ու գաղափարներ արտահայտելը: Խմբի անդամների միջև կոնկրետ խնդիր է դրվում. նրանցից յուրաքանչյուրն արտահայտում է սեփական տեսակետները` առանց որևէ մեկնաբանության կամ գնահատական տալու փորձի: Բոլոր մտքերն ու գաղափարները գրանցվում են մաքուր թղթի կամ գրատախտակի վրա:

11. «Վենի դիագրամ» - այս մեթոդը կարելի է օգտագործել նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ` գաղափարները, երևույթները, անձերին միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունները ցույց տալու նպատակով: Այն կառուցվում է երկու կամ ավելի շրջանաձև պատկերների միջոցով, որոնք հատման մեծ մակերես ունեն կենտրոնում, որտեղ նշվում են ընդհանրությունները:

12. «Վեբ-որոնում» - հետազոտության վրա հիմնված ուսումնական գործունեություն է, որի ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքները, տեղեկատվությունը հիմնականում ստացվում են ինտերնետային աղբյուրներից` կայքեր, հանրագիտարաններ, ուսումնական ռեսուրսներ, գրադարաններ, ֆորումներ: Այս մեթոդով ուսուցումը ենթադրում է ելակետային մի հարցադրում կամ խնդիր, որը գործնական, ոչ թե տեսական պատասխանի կամ լուծման կարիք ունի:

13. «Դեպքի ուսումնասիրություն» - մեթոդը համեմատաբար նոր է: Դրա կիրառման ժամանակ մասնակիցներին ներկայացվում է իրական կամ երևակայական իրավիճակների (հանգամանքների, դեպքերի, դիպվածների) մի շարք, որի ուսումնասիրման, քննարկման, վերլուծության ուղղությամբ այնուհետև անհրաժեշտ է լինում տևական աշխատանք կատարել:

14. «Խճանկար» (Ջիգսո) –անվանումն ինքնին բնութագրում է մեթոդը: Սովորողները համագործակցային խմբերով միևնույն թեմայի շուրջ աշխատում են առանձին ուղղություններով: Բոլոր խմբերի գործունեության արդյունքները միավորվում և դառնում են ողջ դասարանի սեփականությունը: Այսպիսով` նյութն ուսումնասիրվում է հատվածաբար կամ տարբեր կողմերից, ապա պատկերն ամբողջանում է, երբ միավորում են խմբային աշխատանքների արդյունքները:

15. «Շրջագայություն պատկերասրահում» - այս մեթոդը «Խճանկար» մեթոդի տարատեսակ է: Նպատակն է` փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:

16. «Սովորողների թիմային առաջադիմության մեթոդ» - այս մեթոդի կիրառումը ենթադրում է, որ դասավանդողը սովորողներին ամեն շաբաթ կամ որոշակի պարբերականությամբ ուսումնական նոր նյութ է մատուցում բանավոր դասախոսության կամ գրավոր տեքստերի միջոցով: Այդ նպատակով սովորողներին բաժանում է 4-5 անդամից բաղկացած ուսումնական խմբերի, որոնցում ընդգրկվում են ինչպես ուժեղ, այնպես էլ միջին և թույլ կարողությունների տեր մասնակիցներ: Թիմի անդամները սկզբում կարդում են թերթիկների վրա զետեղված առաջադրանքը, սերտում հանձնարարված նյութերը, ապա օգնում միմյանց ավելի լավ յուրացնել տվյալ նյութը մեկը մյուսին ուսուցանելու, հարցեր տալու և թիմի անդամների միջև քննարկումներ ծավալելու միջոցով:

17. «Խմբային հետազոտության մեթոդ» - այս մեթոդի էությունը հետևյալն է. դասավանդողը լսարանը բաժանում է 5 կամ 6 անդամ ունեցող խմբերի: Վերջիններս թեմաներ են ընտրում իրենց ուսումնասիրության համար, աշխատում, այնուհետև զեկույց են պատրաստում և ներկայացնում ամբողջ լսարանին:

18. «Խաղեր» - Խաղային ուսուցումը ենթադրում է տարբեր հիմնախնդիրների լուծումներ՝ կապված մասնագիտական գործունեության, մարդկային փոխհարաբերությունների, անձնական դժվարությունների հետ: Խաղի մեջ առարկայանում են իրավիճակներն ու իրադրությունները, գործունեության որոշակի ձևը, հասարակական փորձը, իսկ արդյունքում կատարելագործվում է սեփական վարքագծի վերահսկողությունը: Դիդակտիկական նպատակներով կարող են կիրառվել տարբեր տեսակի խաղեր`դերային, նմանակող, գործնական, գործառական և այլն:

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.05.2022)
Դիտումներ: 1357 | Վարկանիշ: 1.5/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar