«Տաթևի վանական համալիրն ու ճոճվող սյան առեղծվածը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 27-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Տաթևի վանական համալիրն ու ճոճվող սյան առեղծվածը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտներ Նարե Հայրապետյանը, Համլետ Մկրտչյանը, Տիգրան Մկրտչյանը, Միլենա Մելքումյանը, Սամվել Ղազարյանը, Անուշ Հովհաննիսյանը, Եվա Հայրապետյանը, Արամ Մկրտչյանը, Արինե Մաթևոսյանն ու Գոռ Առաքելյան։

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝

Ակադեմիական

  • Զարգացնել պատմամշակութային արժեքները գնահատելու, պահպանելու, դրանց մասին տեղեկույթը ուսումնասիրելու կարողություն:
  • Խրախուսել միջնադրյան գիտակրթական համալիրների ուսումնասիրությունը և ճարտարապետական հնարների օգտագործման փորձի փոխանցումն ու դրանց կիրառումը։
  • Նպաստել միջնադարյան ուսումնագիտական կենտրոնների և ճոճվող սյան առեղծվածի մասին գիտելիքների ձեռքբերմանը, տվյալ ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունները, փաստերը, նշանավոր գործիչների գործունեությունը բացատրելու, բնութագրելու, համեմատելու, եզրահանգումներ անելու, տեսակետ հայտնելու, գնահատելու,արժևորելու կարողությունների ձևավորմանը:

Արժեհամակարգ

  • Ներկայացնել վանական համալիրի և սյան՝ որպես «աստվածային հրաշքի» բովանդակությունը և ձևավորել պատմամշակութային արժեհամակարգ:

Հմտություն

  • Ծանոթացնել համալիրի գործունեության շրջանում հայ գիտական միտքը զարգացնող գիտնականների գործունեությանը:

Կարողություն

  • Սովորողների մասնակցությամբ ներկայացնել տեսանյութ, կտավ՝ Տաթևի վանական համալիրի ու «ճոճվող սյան» առեղծվածի մասին:
  • Ձևավորել հետաքրքրություն համալիրի պահպանության և վերականգնման աշխատանքների իրականացման շուրջ:

Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝

  • Նախնական հետազոտություն կատարել
  • Զարգացնել պատմամշակութային արժեքները գնահատելու, պահպանելու, դրանց մասին տեղեկույթը ուսումնասիրելու կարողություն:
  • Արդիականացնել, արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները
  • Ստեղծել արդյունավետ համագործակցելու պայմաններ
  • Զարգացել ստեղծագործական, քննադատական, վերլուծական, ինքնաճանաչողական մտածողություն
  • Ուսումնասիրել միջնադարյան ճարտարապետական կառույցի նշանակությունը՝ համադրելով արդի ժամանակներում նույնանուն կառույցի դերն ու նշանակությունը:

    

    

Կատարվել է նախագծային խմբի ձևավորում, նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Կոնկրետացվել են հանձնարարությունները, աջակցել եմ նախագծային աշխատանքի տեսական մասի կատարմանը, գնահատել սովորողների կարողություններն ու հմտությունները: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Տաթևի վանական համալիրն ու ճոճվող սյան առեղծվածը», որն իրականացվել է 7-րդ «Ա», «Բ», «Գ» դասարանների աշակերտների կողմից:

Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում:

Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 2-ին և ավարտվել նոյեմբերի 21-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել հստակ պատկերացում կազմել Հայաստանի ամենահայտնի և կարևոր պատմամշակութային ժառանգություններից Տաթևի վանական համալիրի և «աստվածային հրաշք» հանդիսացող «ճոճվող սյան» առեղծվածի մասին: Կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում սովորողները կարողացել են բացահայտել, որ համալիրը հիմնադրվել է 9-րդ դարում, ունի անգնահատելի մեծ արժեք և նշանակություն, վանական համալիրի գլխավոր եկեղեցու հարևանությամբ տեղակայված սյան պատմությունը, ճարտարապետական և ինժեներական լուծումները, որոնք բավականին հետաքրքիր են: Նրանք ձեռք բերեցին որոշակի գիտելիքներ սյան կառուցվածքի առանձնահատկությունների մասին, բացահայտեցին, որ սյունը ճոճվում է որոշակի ուժով, բայց չի փլվում: Սյան հիմքը հպվում է գետնին միայն մի կետով, իսկ մնացած մասերը ազատ են շարժվում: Տեղեկացան, որ սյունը ծառայել է որպես երկրաշարժի սենսոր՝ թույլ տալով իմանալ մոտակա սեյսմիկ ակտիվությունների մասին: Սովորողների կողմից ուսումնասիրվեց վանական համալիրը՝ որպես միջնադարյան հայ ճարտարապետության առանձնահատուկ կառույց, ներառյալ, նրա գմբեթները, կամարները և բակի կառույցները: Նրանք պատկերացում կազմեցին «ճոճվող սյան» կոնստրուկցիայի մասին, հասկացան ճարտարապետական, ինժեներական և մեխանիկական վերլուծությունների նշանակությունը: Ուսումնասիրեցին սյան հիմքի վրա հիմնված կոնստրուկցիան, սյան շարժման ֆիզիկական հատկությունները: Բացահայտեցին համալիրն ու սյունը ոչ միայն որպես պատմական ու մշակութային արժեքների, այլ նաև գիտական առումով, որպես հետաքրքիր երևույթների և գործընթացների վայր: Աշակերտները կարողացան գնահատել և ներկայացնել սերնդեսերունդ անցնող այն պատմություններն ու լեգենդները, որոնք ոչ միայն հրապուրել, այլև զարմացրել են ինչպես տեղաբնիկներին, այնպես էլ հյուրերին: Կարողացան բացահայտել համալիրի և սյան խորհրդանշական նշանակությունը, որպես հավատի և պաշտպանության մարմնավորում: Հասկացան, որ չնայած սյունը տեսանելիորեն շեղվում է հպման պահից, այն չի տապալվում, ինչը համարվում է «աստվածային հրաշք»: Այդ պատմությունները հաճախ կապված են այն վանականների հետ, ովքեր կառուցել են համալիրն ու ապրել այնտեղ՝ պահելով հավատը և գիտությունը: Հասկացան, որ Տաթևի վանքը նաև հանդիսացել է որպես մշակութային և կրթական կենտրոն՝իրադարձությունների հարուստ պատմությամբ: Միջնադարում այն եղել է կարևոր կրոնական և գիտական կենտրոն, որտեղ կրթվել և ստեղծագործել են բազմաթիվ հայ բանաստեղծներ, գիտնականներ և ուսուցիչներ: Տարբեր ժամանակներում վանական համալիրը ենթարկվել է տարբեր հարձակումների, բայց մնացել է կանգուն, ինչը հաճախ համարել են ճարտարապետական հրաշք: Աշակերտները կարողացան վերլուծել, հասկանալ և ամփոփելով պարզել, որ Տաթևի վանական համալիրը և ճոճվող սյունը, մնում են ուսումնասիրությունների, քննարկումների և առեղծվածների առարկա, որը միավորում է պատմական, կրոնական և գիտական ասպեկտները՝ ստեղծելով եզակի մշակութային ժառանգություն: Հասկացան, որ ժողովրդական ավանդույթների համաձայն՝ սյունը ոչ միայն տեխնիկական դեր ուներ, այլ նաև կրոնական և խորհրդանշական: Այն հաճախակի համարվում էր վանքի և հավատքի տոկունության խորհրդանիշ: Անգամ երբ սյունը թեքվում է, այն չի ընկում, ինչը խորհրդանշում է աստվածային պաշտպանության և հավատի ուժը: Կարողացան բացահայտել, որ 20-րդ դարում և հատկապես վերջին տարիներին Տաթևի ճոճովող սյունը դարձել է բազմաթիվ գիտնականների ուսումնասիրության առարկա: Չնայած կան բազմաթիվ վարկածներ, դեռևս չկա վերջնական բացատրություն, որը ամբողջովին բացահայտում է սյան կայունության և շարժման սկզբունքները: Նրանց կողմից կատարվեցին կանխատեսումներ, բացահայտվեցին համալիրի պահպանման համար կիրառվող մի շարք նորագույն տեխնոլոգիաներ, որոնց կիրառումը նոր կյանք կարող է տալ ոչ միայն Տաթևի վանական համալիրի և շրջակա մյուս բոլոր կառույցներին, այլև թույլ կտա այդ տեխնոլոգիաների և միջոցների կիրառումը նաև մյուս պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների պահպանության համար դարձնել կիրառելի:

Նախագծային աշխատանքի սկզբում որոշվել է աշակերտների անվանացանկը՝ հաշվի առնելով աշակերտների ցանկությունը մասնակցել նախագծային աշխատանքին։ Արդյունքում տվյալ նախագծային աշխատանքի խմբում ընդգրկվել է 7-րդ «Ա», «Բ», «Գ» դասարանների 9 աշակերտ։ Հաջորդ քայլով կատարվել է աշխատանքի հստակ բաժանում, որի արդյունքում Համլետ Մկրտչյանը ընտրվել է որպես համակարգող, որը նաև վերահսկում էր մյուսների աշխատանքը:

Մերի Դանիելյանը կազմակերպել և վերահսկել է նախագծի գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Սովորողները նախապես պլանավորոել են աշխատանքը, կատարվել է հետազոտական աշխատանք, որի ընթացում եղել են նաև դժվարություններ: Դրանք հաղթահարվել են սովորողների կողմից: Նախագծի մասնակից բոլոր աշակերտների ջանքերով իրականարցել են նկարահանում՝ Տաթևի վանական համալիրի տարածքում, որտեղ ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքը: Այդ ամենը ամփոփվել է տեսանյութի մեջ: Նրանք նաև փորձել են հանդիպել և հարցազրույց նկարահանել Տաթև գյուղի բնակիչների հետ, ինչը կարելի է ասել չի հաջողվել, քանի որ նրանք հրաժարվում էին նկարահանվել: Սակայն համառ փնտրտուքների արդյունքում հաջողվել է հարցազրույց ունենալ ծննդով տաթևացի, բայց երևանաբնակ բժիշկ պարոն Դանիելյանի հետ, որը մեկ անգամ ևս փաստեց վանական համալիրի կարևորությունն ու անգնահատելի արժեքը: Տեսանյութի մեջ ներկայացված է նաև այս հարցազրույցը:

Աշակերտները բաժանվել էին երկու պայմանական խմբերի՝ տղաների և աղջիկների: Տղաների ուժերով և համառ աշխատանքով կարողացել են ստանալ ճոճվող սյան մակետը: Համլետ Մկրտչյանի նախաձեռնությամբ փորձել են օգտագործել համապատասխան նյութեր, որպեսզի և համապատասխանի իրական սյան տեսքին և կառուցվածքին՝ մասնակի ձևով ցույց տալով նաև սյան շարժը:

Աղջիկների մասնակցությամբ՝ Նարե Հայրապետյանի գլխավորությամբ ստացել են կտավ, որտեղ պարզ երևում է և սյունը ,և վանական համալիրը:

Այս աշխատանքներն նույնպես ամփոփվել են տեսանյութով:

Նախագծային աշխատանքի համար ընտրել էին սպիտակ շապիկներ, որոնց վրա ասեղնագործել էին Տաթևի վանքի նկարը: Գաղափարի հեղինակն էր Միլենա Մելքումյանը:

Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 3-4 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:

Մերի Դանիելյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից, գրական սկզբնաղբյուրներից: Հավաքագրված ինֆորմացիան մշակվել է, խմբագրվել և դրանց հիման վրա պատրաստվել են այն պրոդուկտները, որոնց մասին նշվեց վերը՝ տեսանյութ, կտավ, սյան մակետ, հատուկ շապիկներ:

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։

Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը հատկապես մեր տարածաշրջանում եղած պատմամշակութային կառույցների պատմության, նշանակության և կարևորության նկատմամբ: Ձեռք բերված գիտելիքների արդյունքում նրանց մոտ ձևավորվել է պատմամշակութային համալիրների պահպանության արժեհամակարգ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Մի խոսքով՝ նախագծի վրա աշխատելիս առավել ցայտուն դարձան սովորողների ունակությունները:

Նախագծային աշխատանքի ավարտին տրվել է գրավոր աշխատանք՝ թեստային աշխատանքի տեսքով: Արդյունքները ամփոփվել են և կատարվել է գնահատում: Գնահատման համար թեստային աշխատանքի կատարումը ապահովում է 4 միավոր:

Նարե Հայրապետյան - Սովորողը ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորեց և աշխատեց տարբեր իրավիճակներում: Կարողացավ սեփական ուժերով, համագործակցելով ընկերների հետ ստեղծել կտավ և ձեռք բերել նոր գիտելիքներ: Նարեի մոտ ձևավորվեց անցյալի, ներկայի հասարակական-կրոնական երևույթների վերլուծության, համեմատության և սեփական կարծիքն արտահայտելու ու հիմնավորելու կարողություններ և հմտություններ: Սովորողի մոտ ձևավորվել է պատմական տվյալներ հավաքելու, դրանք վերլուծելու քննադատական հմտություն և վերլուծելու կարողություն:

Տիգրան Մկրտչյան – Սովորողը ձեռք բերեց գիտելիք՝ իր բնական հետաքրքրությունից բխող հարցադրումներ անելով: Նրա մոտ ձևավորվեց պատմական փաստերի և ժողովրդական լեգենդների կիրառման և բացահայտման կարողություն:

Արամ Մկրտչյան - Սովորողի մոտ ձևավորվեց վստահություն սեփական ուժերի հանդեպ, կարողացավ կառավարել սեփական ժամանակը, գիտելիքներն ու կարողությունները: Կարողացավ ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն կառույցի ուսումնասիրությունը որպես պատմական ու մշակութային, այլ նաև գիտական առումով:

Միլենա Մելքումյան - Ձևավորվեց պատմական տվյալներ հավաքելու, դրանք վերլուծելու քննադատական հմտություն՝ հետազոտական մեթոդների կիրառմամբ: Քննադատական հմտության և հետազոտական մեթոդների կիրառումը հնարավորություն տվեց մեկնաբանել հայ ժողովրդի անցյալի գործողությունները, պատմական փաստերի ուսումնասիրության արդիականությունը՝ պատմամշակութային զարգացման գործընթացներում և ճարտարապետական, ինժեներական ու մեխանիկական վերլուծությունների արդյունքում:

Համլետ Մկրտչյան - Աշակերտի մոտ ձևավորվեց ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն: Կարողացավ համեմատել և կատարել սյան մոդելավորում, վերլուծությունների արդյունքում հասկացավ սյան հնարավոր արձագանքների նշանակությունը սեյսմիկ ակտիվությունների ժամանակ: Համլետի մոտ տեսանելի դարձան պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու կարողություններ:

Եվա Հայրապետյան - Սովորողի մոտ նախագծային աշխատանքի արդյունքում զարգացել է մտածողության ինքնուրույնության, սեփական գիտելիքներն ինքնուրույն լրացնելու և հարստացնելու հմտություններ: Կարողացել է բացահայտել վանական համալիրում ծավալված գիտամանկավարժական գործունեության նշանակությունը:

Անուշ Հովհաննիսյան - Սովորողը կարողացավ տեսական գիտելիքը կիրառել գործնականում: Անուշի մոտ ձևավորվեց վերլուծելու կարողություն:

Սամվել Ղազարյան - Թիմում աշխատելով Սամվելը կարողացավ զարգացնել հաղորդակցման և սոցիալական հմտություններ: Կարողացավ ցուցաբերել պատասխանատվություն ուսումնական գործընթացի նկատմամբ:

Արինե Մաթևոսյան - Սովորողի մոտ ձևավորվեց մեծ թեմաների հետ աշխատելու, վերլուծելու կարողություն ու պատրաստակամություն, լեզվական հաղորդակցության հմտություններ, տեխնոլոգիաների հետ աշխատելու կարողություն: Կարողացավ կատարել համեմատություններ, բացատրել դրական և բացասական ազդեցությունները արտաքին հարձակումների ժամանակ:

ԱՄՓՈՓՈՒՄ

Մեր օրերում առավել կարևոր հարց է դարձել ճանաչել հայրենիքը: Հայրենիքը սկսվում է պատմամշակութային կառույցների ուսումնասիրությունից, ճանաչումից, արժևորումից:

Նախագծային աշխատանքի շրջանակներում ուսումնասիրած և հավաքագրած բոլոր ասպեկտները հաստատում են, որ Տաթևի վանքը կենսական նշանակություն ունի հայկական պատմամշակութային ոլորտում և շարունակում է մնալ ազգային ինքնության, կրոնական և մշակութային արժեքների կենտրոն:

Գավազան-սյունը ճարտարագիտական արվեստի եզակի գլուխգործոց է, հայկական կոթողային արվեստի ճոճվող ստեղծագործություն՝ Սուրբ Երրորդությանը նվիրված հուշասյուն: Այն մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիք-կողմնացույցն է՝ կողմնորոշված Հայկ (Օրիոն) գոտուն և ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետ:

Այս կառույցներն իրենց ճարտարապետական և մշակութային նշանակությամբ հանդիսանում են Հայաստանի մշակույթի ժառանգության անգնահատելի մասնիկը:

Այսպիսով աշակերտների կողմից ուսումնասիրված և հետազոտական աշխատանքի միջոցով ներկայացված թեման գիտելիքների զգալի պաշար ավելացրեց նաև սովորողների մոտ, քանի որ աշակերտները կկարողանան ճիշտ պատկերացում կազմել պատմամշակութային, արժեհամակարգի մասին:

Կրթական համակարգում շարունակաբար կատարվող բարեփոխումները պահանջում են նոր մեթոդոլոգիական մոտեցում, կազմակերպչական և բովանդակային նշանակության խնդիրների լուծման ժամանակ, որը կարծում եմ կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Ինչպես տեսանք նախագծային մեթոդը թույլ տվեց դրդել աշակերտներին կատարել տրամաբանական շաղկապված գործողություններ՝ համեմատում, համադրում, վերլուծում:

Կարողացանք խթանել սովորողների ճանաչողական ակտիվությունը, հետաքրքրությունը ազգային պատմության, ինչպես նաև իրենց ընտանիքների և համայնքների պատմության նկատմամբ, կարողացանք զարգացնել ազգային և պետական գիտակցությունը և օգնել գնահատել այն գործոնները, որոնք նպաստում են ազգային միասնությանը և դաստիարակել մարդկանց, հայրենիքի հանդեպ սեր, հարգանք ու խթանել նախնիների, անցյալի հանդեպ հարգանքը, պատմական և մշակութային ժառանգության պահպանության ձգտումը:

Ուստի պետք է հասնել նրան, որ հայոց պատմություն ուսումնասիրելու միջոցով ևս սովորողները ձեռք բերեն մասնավորապես՝ քննադատական մտածողության հմտություններ՝ համեմատելով, հակադրելով, համադրելով, գնահատելով և կիրառելով պատմական տեղեկատվությունը կամ գիտելիքները, գրավոր և բանավոր ստեղծագործական մտածողության հմտությունները: Հայ ժողովուրդը իր հինգհազարամյա պետականության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գրին, գրականությանը, հավատքին, մշակույթին՝ դրանով իսկ ձևավորելով ազգային արժեհամակարգ՝ խարսխված և քրիստոնեական ավանդույթների, համաշխարհային գիտական և մշակութային արժեքների վրա։

Համագործակցային ուսուցման ընթացքում կարևորվում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների և հմտությունների ձեքբերումը, այլև խմբային գործընթացի մշակման միջոցով հմուտ համագործակցողների (համագործակցային հմտություններ կիրառողներ) և գիտելիքների ակտիվ կիրառողներ (մտածողության հմտություններ կիրառողներ) ձևավորելը: Համագործակցային ուսուցումը մեծացնում է նաև սովորողների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը (ինքնաճանաչման և ինքնուղղորդման հմտություների կիրառումը): Անհրաժեշտ է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն ընկալել որպես համաշխարհային քաղաքակրթության բաղադրիչ, զարգացնել քննադատական հմտություններ պատմական նյութի օգնությամբ: Զարգացնել թվային գրագիտություն՝ արդյունավետ կերպով օգտագործելով նոր տեխնոլոգիաների գործիքներն ու ռեսուրսները հետազոտության և նախագծային աշխատանքների համար զարգացնել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ փոխգործակցության տարբեր մակարդակներում՝ տեղեկատվության փոխանակման համար։ «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում անցյալի ուսումնասիրման կիզակետում պահված են այն գործոնները, որոնք ձևավորել են մեր աշխարհը:

Նախագծային աշխատանքի ներկայացման համար աշակերտների կողմից պատրաստվել է տեսանյութ, մակետ, շապիկներ, կտավ: Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կարծիքներ, ներկայացվել դիտարկումներ, կատարվել է գնահատում:

Նախագծային աշխատանքի պլանով սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի տեսանյութ, կտավ «Տաթևի վանական համալիրի ու ճոճվող սյան առեղծվածի» մասին:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2024)
Դիտումներ: 289 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar