«Մարմնամարզությունը դպրոցի օրվա ռեժիմում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Մարմնամարզությունը դպրոցի օրվա ռեժիմում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ Ռոբերտ Արզումանյանը

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտներ Գոռ Մուսայելյանը, Գոռ Մկրտչյանը, Տիգրան Թումասյանը, Լենա Մարտիրոսյանը, Վարազդատ Աթանեսյանը, Ալեն Մուրադյանը, Ալեքս Սահակյանը, Էդիկ Ստեփանյանն ու Մարիա Լալայանը։

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝

Ակադեմիական

  • Զարգացնել և ընդլայնել մարմնամարզության՝ շարային, ընդհանուր զարգացնող վարժությունների, կախերի և հենումների, հենացատկերի, ակրոբատիկ և մագլցման, ռիթմիկ մարմնամարզական վարժությունների վերաբերյալ գիտելիքները
  • Զարգացնել ուշադրության կենտրոնացման, շարժողական գործողությունների կատարման մտապահման կարողությունը
  • Ներմուծել և ամրապնդել թեմային համապատասխան բառապաշարի նյութը
  • Ստեղծել մարմնամարզական դիրքերի դասավորվածություն/նախագիծ

Արժեհամակարգ

  • Ձևավորել հարգալից վերաբերմունք առողջ ապրելակերպի նկատմամբ

Հմտություն

  • Ծանոթացնել դպրոցի օրվա ռեժիմում մարմնամարզության կարևորությանը

Կարողություն

  • Կարողանում են ինքնուրույն կատարել մարմնամարզական վարժություններ՝ տարբերակելով շարային, ընդհանուր զարգացնող վարժությունները, կախերն և հենումները, հենացատկերը, ակրոբատիկ և մագլցման, ռիթմիկ մարմնամարզական վարժությունները
  • Ստեղծել են մարմնամարզական դիրքերի դասավորվածության նախագիծ, խնջակ, տեսանյութ՝ արտահայտելով թեմայի հիմնական բովանդակությունը

Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝

  • Կատարել և տարբերակել մարմնամարզական վարժություններ
  • Սահուն ներկայացնել թեմային համապատասխան բառապաշարի նյութը
  • Լսել և կատարել մարմնամարզության հետ կապված հրահանգներ տանը, բակում, մարզադահլիճում
  • Ներկայացնել նախօրոք պատրաստված նախագիծը՝ բացատրելով յուրաքանչյուր մարմնամարզական դիրքի կարևորությունը և դիրքի առանձնահատկությունը
  • Կարևորել առողջ ապրելակերպը

  

Նախագծային աշխատանքը սկսելուց առաջ ընտրվել է թեման, հստակեցվել աշակերտների անվանացանկը, կազմվել նախագծային աշխատանքի թեմատիկ պլանը, ուսումնական նախագծի պլանը։ Նախագծային աշխատանքն իրականացվել է 8-րդ դասարանի աշակերտների հետ «Մարմնամարզությունը դպրոցի օրվա ռեժիմում» թեմայով։ Նախագծային աշխատանքի սկիզբը համարվել է հոկտեմբերի 16-ը, ավարտը՝ դեկտեմբերի 4-ը։ Պաշտպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին։

Նախագծային աշխատանքի սկզբում աշակերտները ծանոթացել են թեմայի առանձնահատկություններին, իրականացվել է աշխատանքի բաժանում։ Աշակերտների մի մասին հանձնարարվել է համացանցում և առկա գրականության մեջ իրականացնել հետազոտություն՝ ուսումնասիրելով մարմնամարզական դիրքերի վերաբերյալ առկա տվյալները, դիրքերի ճիշտ կատարման առանձնահատկությունները։ Բոլոր աշակերտներն ուսուցչի հետ քննարկել են մարմնամարզական դիրքերի պատրաստման համար ամենահարմար նյութերը, բաժանվել են խմբերի․ մեկ խումբը կատարել է փորձարկում, իսկ մյուս խումբն ուսումնասիրել է մարմնամարզական տիկնիկի պատրաստման համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը և պատրաստել արտաքին նախնական տեսքը։ Աշակերտները նախապատրաստվել են նախագծային աշխատանքի պաշտպանությանը՝ պատրաստելով մարմնամարզական դիրքերի ցուցադրման նախագիծը և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեսանյութ։

Աշակերտները նախագիծը պատրաստելու ընթացքում սովորել են ճիշտ ուսումնասիրել աշխատանքային նյութերը, գրքերից կատարել ճիշտ վերլուծություն և ընտրել համապատասխան տեղեկատվություն, հաղորդակցվել, համագործակցել միմյանց հետ։ Մարմնամարզության մասին հայտնի գիտնականների, մարզիչների, ուսումնասիրողների խոսքերը վերլուծելիս աշակերտների մոտ առաջացել են նոր հարցեր, որոնց պատասխանները պատրաստի ստանալու փոխարեն միասին կատարել են մտքի վերլուծություն։ Ձեռք են բերել գիտելիքներ դպրոցում մարմնամարզության հիմնական միջոցների վերաբերյալ, դրանք են՝ կիրառական վարժություններ, կախեր և հենումներ, ռիթմիկ մարմնամարզություն, պարային վարժություններ, շարժողական ընդունակությունների մշակման համալիրներ։ Իրենց կողմից պատրաստած խնջակի միջոցով ցուցադրել են տարբեր միջոցներին պատկանող մարմնամարզական դիրքերը, իսկ կատարման հրահանգները ստացել են ընկերների կողմից դրանք մեկնաբանելու ժամանակ։

Շարժումն օրգանիզմի համար կենսական պահանջ է և հատկապես նպատակային, գիտականորեն մշակված ֆիզիկական վարժությունները իրենց հիմնական տեղն ու դերն ունեն մարդու ինչպես օրգանիզմի զարգացման, առողջության պահպանման, այնպես էլ օրգանիզմի աճի ու երկարակեցության խնդրում։

Սովորողների կողմից նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում մի շարք խնդիրներ են առաջացել։ Օրինակ՝ նախագծային դիրքերը պատրաստելու ընթացքում մի քանի նյութեր են փորձարկվել, սակայն, արդյունքում, այդ դիրքերը տիպիկ չեն արտահայտել դիրքի առանձնահատկությունը։ Մարմնամարզական դիրքերը պատրաստելու համար լավագույն միջոց է ընտրվել կավը, դիմել են Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն, որտեղ մասնագետի օգնությամբ նախատեսվում էր կավով ստանալ նախագծին անհրաժեշտ արտաքին տեսքը, սակայն մերժում են ստացել։ Խմորը, փրփրաթիթեղը (պենոպլաստ), կավը հանվել են ցանկից, արդյունքում մարմնամարզական դիրքերը պատրաստել են պլաստիլինով, ամրացվել փայտին և չորացրել արևի տակ։ Արդյունքում՝ որպես նախագծային աշխատանքի իրականացման պրոդուկտ է պատրաստվել մարմնամարզական դիրքերի ցուցադրման մակետը, խնջակը, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեսանյութը։

Աշակերտների հետ հանդիպումները ըստ ժամանակացույցի չեն տեղի ունեցել, քանի որ հաճախ անհրաժեշտություն է առաջացել քննարկել ընթացիկ հարցերը, որոշում կայացնել, ապա անցնել առաջ։

Նախագծային աշխատանքի պաշտպանությունից 1 շաբաթ առաջ աշակերտներին տրվել է թեստային աշխատանք, աշակերտները գնահատվել են։

    

Մուսայելյան Գոռ Անդրանիկի – Գոռը ցուցաբերել է պատասխանատվություն նախագծային աշխատանքի պատրաստվելու ամբողջ ընթացքում։ Կարողացել է պլանավորել իրեն հանձնարարաված աշխատանքների կատարման ընթացքը, ցուցաբերել նախաձեռնողականություն, համագործակցային հմտություններ։ Կարևորել է գիտելիք ձեռքբերելու նոր հնարավորությունները, ցուցաբերել նաև ստեղծագործական մոտեցում մարմնամարզական դիրքերի մակետի պատրաստման ընթացքում։

Մկրտչյան Գոռ Կարենի - Գոռը նախագծային աշխատանքի իրականացման ամբողջ ընթացքում կատարել է աջակցողի դեր՝ նպաստելով աշակերտների կողմից ընթացիկ խնդիրների լուծմանը, ոգևորելով նրանց։ Նախագծային աշխատանքի ավարտին ձեռք է բերել ոչ միայն մարմնամարզական վարժություններ կատարելու, այլև դրանք տարբերակելու և, ըստ անհրաժեշտության, այլոց ուղղորդելու հմտություն։

Թումասյան Տիգրան Ռոմանի - Տիգրանը յուրաքանչյուր հանդիպման, քննարկման հանդես է եկել պատասխանատվության զգացողությամբ, սովորել է կառավարել հույզերը իրավիճակում իրեն հանդարտ և հավասարակշռված զգալու համար։ Համագործակցել է մյուս սովորողների հետ, ոգևորել նրանց առաջարկների դեպքում, օգնել կատարել ընթացիկ առաջադրանքները։

Մարտիրոսյան Լենա Արամի - Լենան ցուցաբերել է քննադատական մտածողության տարրեր՝ վերլուծելով և ներկայացնելով յուրաքանչյուր առաջարկի, անհրաժեշտ քայլերի կատարման դրական և բացասական կողմերը, արդյունավետ և ոչ արդյունավետ լինելը։ Կարողանում է միտքը ձևակերպել, ձգտել է աշխատանքների ընթացքում լինել մյուս սովորողների կողքին, աջակցել նրանց։ Տիրապետում է թեմային։

Աթանեսյան Վարազդատ Արմանի - Վարազդատը կարողացել է ուշադրության կենտրոնում պահել թեմային առնչվող մի քանի տարբեր գործողություններ՝ տեղեկատվության հավաքագրում, խնջակի և մարմնամարզական դիրքերի պատրաստման համար փորձերի իրականացում, առկա տվյալները բանավոր խոսքով մատչելի ներկայացում։ Ցուցաբերել է պայքարելու, նպատակին հասնելու ձգտում, հարգանք մյուսների կարծիքի հանդեպ։

Մուրադյան Ալեն Վլադիսլավի – Ալենը ցուցաբերել է հետաքրքրություն թեմայի հանդեպ, յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում դրանք փորձել է պարզաբանել հարցադրումներ կատարելով։ Որոշակիորեն ձեռք է բերել սեփական ուժերի հանդեպ վստահություն, ընդունել է այլ սովորողների աջակցությունը խոսքի ձևակերպման, փորձերի կատարման ժամանակ։

Սահակյան Ալեքս Լավրենտի – Ալեքսը հետաքրքրություն է դրսևորել թեմայի հանդեպ։ Ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և մասնակցությունն ապահովել է ըստ իրեն հետաքրքրող կոնկրետ գործողությունների կատարման ժամանակ, օրինակ՝ տարբեր նյութերով փորձարկում կատարելը մարմնամարզական դիրքեր ստանալու համար։

Ստեփանյան Էդիկ Գագիկի – Էդիկը ցուցաբերել է պատասխանատվություն, ազնվություն։ Պատրաստակամություն է դրսևորել խնջակի միջոցով մարմնամարզական դիրքերը ցուցադրելու ժամանակ, կարողացել է ցուցաբերել ուշադրության կենտրոնացման հմտություն իրեն հանձնարարված աշխատանքը կատարելու ժամանակ։ Կարողացել է տարբերակել առաջնայինը երկրորդականից, ներկայացնել իր առաջարկը, հիմնավորել այն։ Ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։

Լալայան Մարիա Ալիկի – Մարիան ներկայացել է խումբը համախմբողի դերում, դրսևորել է հումորի զգացում, պատասխանատու որոշումների ժամանակ կատարել առաջնորդի դեր։ Կարևորել է թեման համապատասխան ձևով ներկայացնելը, չի կաշկանդվել իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու համար նոր փորձեր և ճշտումներ կատարելու ժամանակ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Դպրոցում ուսումնական աշխատանքի հիմնական ձևը դասն է, սակայն ֆիզիկական կուլտուրայի դասը ոչ միայն ուսումնական աշխատանք է, այլև աշակերտների ֆիզիկական զարգացմանը և առողջության ամրապնդմանը նպաստող գործընթաց։ Այդ է պատճառը, որ ֆիզկուլտուրայի յուրաքանչյուր դասի ժամանակ անհրաժեշտություն է առաջանում օգտագործել զանազան ֆիզիկական վարժություններ, որոնք էլ նպաստում են աշակերտների բազմակողմանի ֆիզիկական զարգացմանը, շարժողական հմտությունների կատարելագործմանը։

Ծանոթանալով մարմնամարզության հետ՝ աշակերտները սովորում են վարժությունները սահուն և ազատ կատարել, կարևորել առավոտյան և մինչ պարապմունքային մարմնամարզությունը, զարգացնել ուժի, ճկունության և ֆիզիկական այլ կարողություններ։

Մարմնամարզական վարժությունների պարբերաբար կատարելը տանը, դպրոցում նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, ուժի ավելացմանը, շարժողական ունակությունների զարգացմանը, մի վարժության հիման վրա ավելի բարդ վարժության կատարումը, մարզում է կամքը։

Նախագծային աշխատանքի ընթացքում երեխաների կողմից ձեռք բերված գիտելիքները, դրանք օգնությամբ, ապա՝ ինքնուրույն կիրառելու հնարավորությունը վստահություն է հաղորդել ինչպես սեփական ուժերի հանդեպ, այնպես էլ գիտելիքներով կիսվելու հնարավորություն տվել։ Մարմնամարզություն կատարելու տեխնիկական հնարներին տիրապետելը, առողջության վրա դրական ազդեցության գիտակցումը աշակերտների մոտ ձևավորել է հարգալից վերաբերմունք առողջ ապրելակերպի նկատմամբ։

Նախօրոք պատրաստված նախագիծը յուրաքանչյուր մարմնամարզական դիրքի կարևորության և դիրքի առանձնահատկությունների վերաբերյալ էր, որին հասել են աշակերտներն իրենց փորձերի, սխալվելու, ճշտելու, ներկայացնելու միջոցով։ Խնջակը միջոց էր գիտելիքներն արտահայտելու, հրահանգները ճիշտ ձևակերպելու, համբերատարություն, փոխօգնություն ցուցաբերելու համար։ Տեսանյութի պատրաստումը, այն համատեղ դիտելու գործընթացը հնարավորություն է տվել նորից գնահատելու համախմբվածությունը, սխալներն ուղղելու ուղիներ փնտրելը, վստահությամբ խոսելու և ներկայացնելու իրենց գործունեությունը։

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.12.2024)
Դիտումներ: 153 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar