Փետրվարի 19-ին՝ մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանի աշակերտները, դասվար Ռիտա Շալունցի ուղեկցությամբ այցելեցին «Հատոր» գրական ակումբ։ Այցի ընթացքում փոքրիկ սովորողները դիտեցին Թումանյանի կենսագրությանն ու ստեղծագործական ուղուն նվիրված տեսանյութ, ապա դիտեցին «Ձախորդ Փանոս» հեքիաթի մուլտֆիլմը։ Միջոցառումը հարստացավ աշակերտների գեղեցիկ արտասանությամբ. նրանք ներկայացրին Թումանյանի բանաստեղծություններն ու քառյակները, իսկ երաժշտական բաժնում համատեղ կատարեցին «Կաքավիկ» երգը։ Քննարկման ընթացքում երեխաները կիսվեցին իրենց տպավորություններով՝ խոսելով Թումանյանի ստեղծագործությունների իմաստի, պատգամների և դրանցով իրենց ստացած դասերի մասին։ Ընթերցարան-գրական ակումբի ղեկավար Հեղինե Արզումանյանն ապահովել էր ջերմ ու բովանդակալից միջավայր, որտեղ փոքրիկ հյուրերը կարողացան ազատորեն արտահայտվել ու վայելել միջոցառման ընթացքը։ Օրվա վերջում աշակերտները փոխանակվեցին գրքերով, ինչը ոչ միայն ամրապնդեց իրենց կապը գրականության հետ, այլև հիշարժան դարձրեց այս հանդիպումը։
| |
| |
Դիտումներ: 199 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |