«Ազգային փոքրամասնություններ. տանիքը՝ Հայաստան» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմը վայելեց մի անզուգական միջոցառում, որը ևս մեկ անգամ հիշեցրեց ներկաներին, թե որքան գեղեցիկ է մեր երկրի մշակութային բազմազանությունը․ բազմազանությունը մեր հարստությունն է և միայն փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և համագործակցության միջոցով կարող ենք կառուցել ավելի միասնական, խաղաղ և ամուր հասարակություն։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները հանդես եկան «Ազգային փոքրամասնություններ. տանիքը՝ Հայաստան» խորագրով մշակութային միջոցառմամբ՝ ներկայացնելով տարբեր ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, քրդերի, ասորիների, մոլոկանների, ռուսների, ուկրաինացիների, վրացիների, հնդիկների, հույների, հրեաների, գնչուների յուրօրինակ մշակույթն ու ազգային սովորույթները, լեզուն, խոհանոցը, ինչպես նաև նրանց ներդրումը մեր հասարակության մեջ։  

Հայաստանը պատմականորեն բազմազգ երկիր է եղել, հատկապես վերջին տարիներին դարձել է ապաստան և նոր կյանք սկսելու հնարավորություն բազմաթիվ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք իրենց տեղն են գտել հայկական  հասարակության մեջ։

Միջոցառման նպատակն էր ոչ միայն ներկայացնել տարբեր ազգերի մշակութային ժառանգությունը, առաջացնել հարգանք և հանդուրժողականություն ազգային բազմազանության նկատմամբ, խթանել միջմշակութային երկխոսությունն ու համագործակցությունը, այլև համոզելու, որ տարբերությունը բաժանարար գիծ չէ, այլև հարստություն, որին պետք է վերաբերվել մեծագույն սիրով և հարգանքով։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշակույթը կամուրջ է, որը միավորում է մարդկանց՝ անկախ սահմաններից, լեզուներից, սովորույթներից,  և մեր հասարակության ներդաշնակությունը կախված է նրանից, թե որքանով ենք մենք պատրաստ ընդունելու և գնահատելու միմյանց։

Մրջոցառման ժամանակ աշակերտները յուրովի ներկայացրին տարբեր ազգային փոքրամասնությունների պատմության առանձնահատկությունները, ինքնատիպ մշակույթը, ազգային սովորույթները և այդ ամենը մարմնավորեցին յուրաքանչյուր ազգի պարային կատարումներով,  քանի որ պարի միջոցով ավելի է ընդգծվում տվյալ ազգի կենցաղը, ազգային սովորույթներն ու արժեքները և ինչպես Կոմիտաս Վարդապետն է ասում՝ «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։

Նախապես պատրաստված տաղավարների միջոցով ցուցադրվեցին  բոլոր ազգերի ազգային խոհանոցի ավանդական ուտեսները, խմիչքները, ձեռագործ աշխատանքները, որը հետաքրքիր կոլորիտ ապահովեց ողջ միջոցառման ընթացքում։

Պարային, երաժշտական ելույթները, բոլոր ազգերին նվիրված տեսասահիկները և եզդիների հարսանեկան բեմադրությունն ավելի բովանդակալից ու գունեղ դարձրին միջոցառումը։

Միջոցառումն իրականացվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակված «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակում:

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանին, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանին և ԴԱԿ Արմինե Հարությունյանին՝ բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար, ինչպես նաև Գորիսի պարարվեստի ղեկավարներ Լիլի Նարինյանին ու Վահե Մելքումյանին՝ աջակցության համար։

      

      

      

      

      

      

      

      

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.03.2025)
Դիտումներ: 295 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar