Ապրիլի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հարկի տակ տիրում էր հուզիչ և հպարտությամբ լի մթնոլորտ։ «Ապրիլը մենք ենք» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի և «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանի նախաձեռնությամբ, նվիրված էր երկու կարեւորագույն իրադարձություններին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսական դրվագներին։ Միջոցառման ընթացքում աշակերտների շուրթերից հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեր, ներկայացվեցին պատմական անդրադարձեր և հերոսների հիշատակը անմար պահող ելույթներ։ Յուրաքանչյուր խոսք ու կատարում մարմնավորում էր ազգային ցավը, սակայն միևնույն ժամանակ՝ ոգին, որն ապրեցնում է սերունդներին և կոչ անում պահպանել նվիրական հիշողությունը։ «Ապրիլը մենք ենք» միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք էր զոհվածների հիշատակին, այլև վերածվեց հավատի խոստովանության՝ ապագայի հանդեպ, որի հիմքում դրված է մեր անցյալի ճշմարիտ ճանաչումը և զոհաբերության արժեքի խորին գիտակցումը։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները ու ծնողները, ովքեր ևս մեկ անգամ հաստատեցին. մեր ապրիլները վերածվել են հավերժական կրակի, որից պիտի լույս առնենք՝ ապրելու, սիրելու և հայրենին անսահման նվիրումով պաշտպանելու համար։
| |
| |
Դիտումներ: 230 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |