Մայիսի 2-ին Վանաձորում կայացավ «Սպորտլանդիա 2025» մարզական միջոցառման հանրապետական փուլը, որն անցնում էր խանդավառ և բարձր մրցակցային մթնոլորտում։ Այս միջոցառումը համախմբել էր հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների լավագույն թիմերին, որոնք հաղթահարել էին մարզային փուլերը և հանդես էին գալիս որպես իրենց մարզերի ու Երևանի արժանի ներկայացուցիչներ։ Սյունիքի մարզը պատվով ներկայացնում էր Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաներից կազմված «Սլացք» թիմը։ Մրցումները նշանավորվեցին թեժ պայքարով, առողջ մրցակցությամբ և մարզական ոգու հզոր դրսևորմամբ։ Թիմերը փորձեցին իրենց ուժերը արագության, ճարպկության, թիմային համագործակցության և ֆիզիկական պատրաստվածության մի շարք փորձություններում՝ ցուցադրելով ոչ միայն իրենց մարզական հմտությունները, այլև միասնության, փոխօգնության և կամքի դրսևորման բարձր մակարդակ։ Միավորների ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1–3-րդ դասարանների «Սլացք» թիմը, որը 50 հնարավորից վաստակեց 46 միավոր։ Թիմը առանձնացավ իր բարձր կարգապահությամբ, կազմակերպվածությամբ և աննկուն կամքով։ Թիմի կարգախոսն է՝ «Հաղթանակների ուղին սկսվում է կամքից», և ինչպես վկայում է թիմի անունը, «Սլացք»-ը սլանում է այնտեղ, որտեղ ուրիշները կանգ են առնում։ Դպրոցի պատանի մարզիկները հանդես եկան գերազանց կազմակերպվածությամբ, մարտական ոգով և անսպառ նվիրումով, ինչը դարձավ նրանց հաղթանակի հիմնական գրավականը։ «Սլացք» թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանն ու Ռոբերտ Արզումանյանը։
| |
| |
Դիտումներ: 211 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |