Մայիսի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» և «Դ» դասարաններում տեղի ունեցավ «Found dream» խորագրով յուրահատուկ միջոցառում, որը կազմակերպել էր «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը։ Այս լեզվական նախագիծը վերածվել էր կախարդական հեքիաթի՝ համեմված երազանքներով, արվեստով և մանկական ստեղծագործությամբ։ Միջոցառման սկիզբը նշանավորվեց խորհրդավոր կերպարի՝ մոլորված պապիկի հայտնությամբ, ում երեխաները օգնում էին գտնել իր երազանքը՝ միասին ուսումնասիրելով անգլերենի այբուբենը։ Տառ առ տառ բացահայտելով անգլերենի աշխարհը՝ փոքրիկները վերածվել էին կենդանի տառերի, իսկ բեմը՝ երազանքի թագավորության։ «Fashion show»-ի տարրերով հագեցած ներկայացման ժամանակ աշակերտները բեմ էին դուրս գալիս որպես տառերի դեսպաններ՝ մարմնավորելով յուրաքանչյուր տառի բնույթն իր շարժումներով, հագուստով և արտահայտչաձևերով։ Յուրաքանչյուր ելույթ պատկերավոր և կենդանի էր, շնչում էր երաժշտությամբ, պարով ու թատերական արտահայտչությամբ։ Միջոցառումը ներկայացնում էր կրթության մի նոր՝ ստեղծագործական և ինտեգրված մոտեցում, որտեղ խաղն ու ուսուցումը միահյուսված էին։ Երեխաները «խաղալով» ցուցադրում էին իրենց ձեռք բերած գիտելիքը, իսկ հանդիսատեսը դիտում էր մի աշխույժ ու գունեղ ներկայացում՝ լի ոգեշնչումով, հմայքով ու մանկական մաքրությամբ։ Այս միջոցառումը վառ օրինակ էր, թե ինչպես կարելի է լեզվի ուսուցումը վերածել արվեստի՝ խթանելով երեխաների ինքնարտահայտման և համագործակցության հմտությունները։
| |
| |
Դիտումներ: 146 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |