Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տոնական ու ոգեշնչող մթնոլորտում ամփոփվեցին «Սպորտլանդիա 2025» միջոցառման արդյունքները։ Միջոցառման գագաթնակետը դարձավ ուրախ և գունեղ ֆլեշմոբը, որին մասնակցեցին դպրոցի աշակերտները՝ միասնաբար ստեղծելով էներգիայով լի և հիշարժան պահ։ Նրանց համախմբված պարը լցրեց դպրոցը ժպիտներով ու դրական լիցքերով՝ դարձնելով այդ օրը անմոռանալի բոլորի համար։ Միջոցառումը դարձավ սպորտի, միասնականության և դրական էմոցիաների իսկական տոն։ Աշակերտները ֆլեշմոբով շնորհավորեցին «Սպորտլանդիա 2025» մարզական միջոցառման համայնքային, մարզային և հանրապետական փուլերին մրցանակային տեղեր զբաղեցրած սաներին, թիմերի մարզիչներ Աննա Աբգարյանին և Ռոբերտ Արզումանյանին։ Դպրոցի 1-3-րդ և 4-6-րդ դասարանների թիմերին դպրոցի տնօրենության կողմից տրվեցին շնորհակալագրեր՝ մարզային փուլում առաջին պատվավոր տեղերը զբաղեցնելու համար, իսկ 1-3-րդ դասարանների սաներին հանձնեցին եզրափակիչ փուլի հավաստագրերը, որտեղ դպրոցի սաները թիմային հաշվարկով զբաղեցրել էին 1-ին պատվավոր հորիզոնականը։ Հավաստագրեր շնորհվեցին նաև թիմերի մարզիչներ Աննա Աբգարյանին և Ռոբերտ Արզումանյանին։ Նրանք մասնակիցներին մաղթեցին շարունակական հաղթանակներ, շնորհակալություն հայտնեցին դպրոցի պատիվը բարձր պահելու համար։ Աշակերտներն ընդգծեցին մարզիչների անսպառ նվիրումը, խանդավառությունը և համբերությունը, որոնց շնորհիվ յուրաքանչյուր թիմ կարողացավ լավագույնս նախապատրաստվել մրցումներին։ Մարզիչների մշտական աջակցությունն ու խրախուսանքը մեծ դեր խաղացին աշակերտների առաջընթացի, թիմային ոգու ամրապնդման և հաղթանակի հասնելու ճանապարհին։ Բացի այդ, շնորհակալության խոսքեր հնչեցին դպրոցի տնօրենությանը, որը մշտապես աջակցել է սպորտային նախաձեռնություններին՝ խրախուսելով առողջ ապրելակերպը, աշակերտների ակտիվ մասնակցությունը։ Այս երախտագիտության խոսքերը ևս մեկ անգամ վկայեցին դպրոցի միասնականության ու համախմբվածության մասին, որտեղ ամեն մեկն իր դերն ունի աշակերտների զարգացման ու հաջողությունների ճանապարհին։
| |
| |
Դիտումներ: 165 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |