Սյունիքի դպրոցականները գերազանցեցին սպասելիքները Դպրոցականների բասկետբոլի լիգայում

«Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի փլեյ-օֆֆ հանդիպումները։ Այս կարևոր մարզական միջոցառմանը Սյունիքի մարզը ներկայացել է պատվավոր կազմով. Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 13 հիմնական դպրոցը և Քաջարանի թիվ 2 հիմնական դպրոցը անցել էին մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլ։

Հունիսի 20-ին կայացած հանդիպումները եզրափակիչ փուլի հանդիպումներից էին։ Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարը շարունակելու հնարավորություն ստացան լավագույն չորս թիմերը։ Ցավոք, Սյունիքի պատանիներն այս անգամ չկարողացան իրենց ելույթները շարունակել եզրափակչում, թեև ցուցադրեցին մարտական ոգի, գեղեցիկ թիմային խաղ և մարզական անմնացորդ նվիրում։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը փլեյ-օֆֆ փուլում ուժերն էր չափում Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի հետ։ Հանդիպումն անցել է լարված ու հավասար պայքարում։ Վերջին վայրկյաններին մրցակիցը կարողացել է նվազագույն առավելությամբ՝ ընդամենը 2 միավորով, խլել հաղթանակը։ Հանդիպումն ավարտվել է 20:22 հաշվով՝ հօգուտ վանաձորցիների։

Թիմի մարզիչն է «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը, ում ղեկավարությամբ սաները խաղադաշտում դրսևորեցին կարգապահություն, թիմային համախմբվածություն և արժանապատիվ սպորտային կեցվածք։

Մրցումների ընդմիջումներին ներկաները վայելել են մշակութային ելույթներ, որոնք յուրօրինակ գունեղություն և հմայք են հաղորդել սպորտային մթնոլորտին։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը իր երախտագիտությունն է հայտնում Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի տնօրենությանը և ստեղծագործական խմբին՝ մշակութային գեղեցիկ կատարումների համար։

Այսպիսի միջոցառումները ոչ միայն մարզական հարթակ են դպրոցականների համար, այլև համախմբման, ընկերության ու մարզական հարգանքի դրսևորման կարևոր հնարավորություն։ Սյունիքի մարզի դպրոցականները շարունակում են հպարտորեն ներկայացնել տարածաշրջանը և վստահեցնում են՝ հաջորդ տարի վերադառնալու են ավելի պատրաստ և վճռական։

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.06.2025)
Դիտումներ: 155 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar