Սեպտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվող Գիտելիքի և դպրության օրը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար․ նրանք առաջին անգամ են հատում դպրոցի շեմը՝ սկսելով իրենց նոր ու պատասխանատու ուղին։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նոր ուսումնական տարվա մեկնարկը նշվեց տոնական ու հանդիսավոր մթնոլորտում։ Միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով և դպրոցի հիմնով, որին հաջորդեց տերունական աղոթքը։ Ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց ՀՀ ՊՆ N զորամասի սարկավագը։ Այնուհետև ընթերցվեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Տոնի ամենահուզիչ մասը առաջին դասարանցիների դիմավորումն էր․ դպրոցի շնորհալի սաները նրանց ողջունեցին երգով ու պարով, իսկ 9-րդ «Ա», «Բ», և «Գ» դասարանների աշակերտները հանդիսավոր կերպով ուղեկցեցին իրենց կրտսեր ընկերներին դասարաններ։ Այստեղ առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին ջերմ ողջույնի խոսքով դիմեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներով լի ուսումնական տարի։ Միջոցառումն ավարտվեց իններորդցիների գեղեցիկ պարային կատարումներով, որոնք տոնին հաղորդեցին առանձնահատուկ շուք ու բարձր տրամադրություն։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը տարիներ շարունակ շարունակում է մնալ համայնքի կրթական և մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ դաստիարակելով կրթված, գիտելիքահեն և հայրենասեր սերունդ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկը ևս մեկ անգամ ընդգծեց դպրոցի առաքելությունը՝ աշակերտներին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ, կարողություն, հմտություն ու պատասխանատվություն։
| |
| |
Դիտումներ: 225 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |