|
Սեպտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տոնական ու հիշարժան մթնոլորտ էր։ Դպրոցի 1-ին «Բ» դասարանում տեղի ունեցավ գրաճանաչության փուլի մեկնարկը։ Փոքրիկ Բախշյանականներն իրենց առաջին քայլերն արեցին գիտելիքի և դպրության աշխարհում՝ ծանոթանալով այբուբենի առաջատարին՝ «Ա» հնչյուն-տառին։ Ուսուցչուհի Վարդ Գրիգորյանի դասաժամը վերածվել էր յուրօրինակ տոնի․ երեխաները հետաքրքրությամբ լսում էին, սովորում, հարց ու պատասխանի միջոցով ավելի մոտիկից ընկալում հայոց այբուբենի խորհրդանշական առաջին տառը։ Դասարանը զարդարված էր գունեղ և տոնական դեկորներով, իսկ ծնողները, որոնք ներկա էին միջոցառմանը, վայելում էին երեխաների անկեղծ ու ուրախ ելույթները։ Գրաճանաչության մեկնարկը ոչ միայն կրթական կարևոր փուլ է, այլ նաև մշակութային-ազգային արժեքների ճանաչման սկիզբ։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը վստահ է, որ այսպիսի տոնական ու հետաքրքիր դասերը երեխաների մոտ կզարգացնեն ուսման սերը, պատասխանատվությունը և հայեցի դաստիարակությունը։ «Ա»-ով սկսվում է հայկական այբուբենի և դպրության ճանապարհը, և այսօր այդ ճանապարհի առաջին քայլերն արեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանի աշակերտները։
| |
|
| |
| Դիտումներ: 401 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









