Գորիսում ներկայացվեց «Իմ սրտի տունը» թատերական ներկայացումը

Սեպտեմբերի 28-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում հանդիսատեսին ներկայացվեց «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) «Ռոտոնդա» թատերախմբի նոր բեմադրությունը՝ «Իմ սրտի տունը»։

Ներկայացումը մեծ հետաքրքրություն առաջացրեց և ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Միջոցառմանը ներկա էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցը, դպրոցների աշխատակիցներ և աշակերտներ։

«Ռոտոնդա» պատանեկան-երիտասարդական ներառական թատերախումբը հիմնադրվել է շուրջ 15 տարի առաջ՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում։ 2024 թվականից այն իր ստեղծագործական ուղին շարունակում է «Նարեկացի» արվեստի միության հովանու ներքո՝ ներկայացնելով նոր խաղացանկ և յուրահատուկ բեմադրական մոտեցումներ։ Խումբը խոսքի, հնչյունի և ժեստերի միջոցով արտահայտում է յուրաքանչյուր անդամի հույզերն ու ապրումները՝ ինտերակտիվ ձևաչափով ներգրավելով հանդիսատեսին։

«Իմ սրտի տունը» ներկայացումը սիմվոլիկ պատմություն է մարդու ներաշխարհի մասին․ այն հույզերի, ապրումների ու զգացմունքների, որոնք ապրում են յուրաքանչյուրի սրտում։ Բեմադրությունը փորձ է ցույց տալու, որ միայն մարդն ինքը կարող է ընտրել, թե իր սրտի որ հույզը պետք է բարձրանա և առաջնորդի իրեն։

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Մարինե Ասատրյանն է, իսկ նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.09.2025)
Դիտումներ: 129 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar