|
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար կազմի նախաձեռնությամբ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց գործնական ուսումնական վարժանք և թեմատիկ քննարկում։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ առաջին գործողությունների վերաբերյալ և ձևավորել ճիշտ վարքագծի հմտություններ։ Վարժանքն իրականացրին ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային ՄՓՎ Գորիսի ՀԾՋ հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը, օղակի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Վահագն Գևորգյանը և ավագ հրշեջ Արտյոմ Բաղդասարյանը։ Նրանք աշակերտներին ներկայացրին հրդեհի դեպքում ձեռնարկվող գործողությունների հաջորդականությունը, ցուցադրեցին հրշեջների մասնագիտական հանդերձանքը, հրդեհաշիջման սարքավորումները։ Աշակերտները ոչ միայն դիտեցին, այլև անմիջապես փորձարկեցին ցուցադրված սարքավորումները, կրեցին հրշեջների հատուկ հագուստը և ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը փրկարար ծառայության մասնագետներին։ Այս մոտեցումը նրանց հնարավորություն տվեց տեսական գիտելիքները միավորել գործնական հմտությունների հետ։ Միջոցառումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն արտակարգ իրավիճակներում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այլև դպրոց-փրկարար ծառայություն համագործակցությունը ամրապնդելու համար։ Բացի այդ, այն աշակերտների համար կարող է դառնալ մասնագիտական կողմնորոշման արժեքավոր ուղի՝ բացահայտելով փրկարար ծառայողի պատասխանատու և հերոսական աշխատանքի առանձնահատկությունները։ Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են, որ վտանգավոր իրավիճակներում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցվեն և յուրաքանչյուր աշակերտ իմանա՝ ինչպես պաշտպանել իր կյանքն ու շրջապատը։
| |
|
| |
| Դիտումներ: 190 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |








