|
Փետրվարի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամփոփվեց 1-ին «Ա» դասարանում անցկացված ձեռագրերի մրցույթը, որը նախաձեռնել էր դասվար Գայանե Ավագյանը։ Մրցույթը նախապես հայտարարվել էր՝ նպատակ ունենալով սովորողների մոտ ձևավորել և ամրապնդել մայրենի լեզվի նկատմամբ սեր և հետաքրքրություն, խրախուսել գրավոր աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը, ինչպես նաև կարևորել գեղեցիկ, կոկիկ և ընթեռնելի ձեռագիրը։ Նախաձեռնությունը միտված էր ոչ միայն մրցակցային ոգի ձևավորելուն, այլև փոքրիկների մոտ աշխատասիրությունն ու կարգապահությունը զարգացնելուն։ Արդյունքների ամփոփման ընթացքում հաղթող ճանաչվեցին Եվա Բախշյանը, Լյուսի Արտավազդյանը, Կարինա Բոլյանը, Լիա Արզումանյանն ու Ռոզի Ասրիյանը։ Նրանք արժանացան շնորհավորանքների և խրախուսական նվերների՝ ցուցաբերած ջանասիրության ու պատասխանատու վերաբերմունքի համար։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց դասվար Գայանե Ավագյանին՝ կրթական գործընթացում նման կարևոր նախաձեռնություն իրականացնելու համար։ Նա շնորհավորեց հաղթողներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, իսկ մյուս սովորողներին հորդորեց առավել հետևողական լինել, կատարել աշխատանքները ավելի կոկիկ և պատասխանատու մոտեցմամբ։ Դասվար Գայանե Ավագյանն իր հերթին շնորհավորեց մրցույթի հաղթողներին և ընդգծեց, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ամսվա լավագույն ձեռագիր ունեցող սովորողները տարեվերջին կմասնակցեն «Տարվա լավագույն ձեռագիր» անվանակարգին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա սովորողների համար։ Մրցույթը ևս մեկ անգամ հաստատեց, որ վաղ տարիքից ձևավորվող գրավոր մշակույթը կարևոր հիմք է հետագա ուսումնառության հաջողությունների համար։
| |
|
| |
| Դիտումներ: 129 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






