«Թախիծը հարատև է» խորագրով դաս-միջոցառում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ նվիրված Վինսենթ վան Գոգին

Փետրվարի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Թախիծը հարատև է» խորագրով դաս-միջոցառում՝ նվիրված հոլանդացի մեծ նկարիչ Վինսենթ վան Գոգին։ Միջոցառումը կազմակերպել էին «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանը և ուսուցչի օգնական Գոհար Յուզբաշյանը։

Դաս-միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին Վան Գոգի կյանքի կարևոր դրվագները, նրա ստեղծագործական ուղին, արվեստագիտական հայացքները և համաշխարհային կերպարվեստում ունեցած նշանակալի դերակատարումը։ Անդրադարձ կատարվեց նկարչի ամենահայտնի գործերին, քննարկվեցին գույնի, լույսի և հուզական արտահայտչամիջոցների յուրահատկությունները, ինչպես նաև արվեստի և մշակույթի ազդեցությունը մարդու ներաշխարհի ձևավորման վրա։

Միջոցառումը ձևավորվել էր ոչ միայն որպես տեղեկատվական դաս, այլև որպես մշակութային երկխոսություն․ սովորողները կիսվեցին իրենց ընկալումներով, ներկայացրին վերլուծություններ և արտահայտեցին սեփական վերաբերմունքը արվեստի հանդեպ։

Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նախաձեռնողական և բովանդակալից աշխատանքի համար, ինչպես նաև բարձր գնահատեց սովորողների ակտիվ մասնակցությունը։ Նա ընդգծեց, որ մշակույթին և արվեստին մոտ լինելը կարևոր գործոն է անձի ձևավորման ճանապարհին՝ նպաստելով արժեքային համակարգի հարստացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և բարության տարածմանը հասարակության մեջ։

    

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 93 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar