Մանկավարժական խորհրդի հերթական նիստ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Փետրվարի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը, որը վարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ միտված ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ու կրթական գործունեության շարունակական բարելավմանը։

Նիստի ընթացքում տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ինչպես նաև մեթոդմիավորման նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Անուշ Դաջունցը, Աննա Աբգարյանը և Մերի Դանիելյանը ներկայացրին «Հասարակագիտություն», «Արվեստ», «Ռուսաց լեզու», «Մայրենի» (1–4-րդ դասարաններ), «Տեխնոլոգիա» (5–6-րդ դասարաններ) առարկաների դասավանդման ընթացքի ամփոփ հաշվետվությունները։ Արձանագրվեց, որ առարկաների դասավանդումն իրականացվել է ծրագրային պահանջներին համապատասխան։ Որոշվեց տվյալ առարկաների ավարտական ամփոփումը կազմակերպել հաջորդ նիստի ընթացքում։

«Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Արմանուշ Բակունցը ներկայացրեց իր մասնակցությամբ իրականացված վերապատրաստումների մանրամասները՝ Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում (Շվեյցարիայի Համադաշնություն)։ Ներկայացվեցին ժամանակակից գիտական միտումները, փորձի փոխանակման հնարավորությունները և դրանց կիրառման հեռանկարները դպրոցական կրթության ոլորտում։

Մեթոդական զեկուցմամբ հանդես եկավ նաև «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը՝ ներկայացնելով «Ակտիվ ուսումնառություն, շրջված դասարան» թեման։ Քննարկվեցին ուսուցման նորարարական մոտեցումները, սովորողների ներգրավվածության բարձրացման գործիքները և դասավանդման արդյունավետության խթանման մեխանիզմները։

Օրակարգային հարցերի շարքում էր նաև դպրոցի 2-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների սովորողների գիտելիքների ստուգման գործընթացը։ Նշվեց, որ ստուգման նպատակն էր պարզել 1-ին դասարանի ուսումնական ծրագրի բովանդակության յուրացման մակարդակը և գնահատել սովորողների պատրաստվածությունը հաջորդ ուսումնական փուլում արդյունավետ առաջընթաց ապահովելու համար։

Քննարկվեց նաև դպրոցի մասնակցությունը մարզային և հանրապետական առարկայական օլիմպիադաներին։ Արձանագրվեց, որ դպրոցի սովորողները ցուցաբերել են բարձր ակտիվություն և նպատակասլացություն։ Դպրոցական փուլի արդյունքներով 26 սովորող հաղթահարել է մրցութային շեմը և իրավունք ստացել մասնակցելու մարզային փուլին։ Նրանցից 6-ը, դրսևորելով բարձր գիտելիքներ և մրցունակ պատրաստվածություն, անցել են նաև հանրապետական փուլ։ Մարզային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած սովորողները Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից արժանացել են գովասանագրերի։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք ընթացիկ կազմակերպչական և ուսումնական հարցեր։

Ամփոփելով նիստը՝ տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը բարձր գնահատեց մանկավարժական կազմի կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին պատասխանատվության, հետևողականության և մասնագիտական նվիրվածության համար։ Նա ընդգծեց, որ ուսուցչական կազմի համակարգված ու նպատակային աշխատանքը առանցքային դեր ունի դպրոցի կրթական միջավայրի շարունակական զարգացման և ուսուցման արդյունավետության ապահովման գործում։

    

    

    

    

    

    

   

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.02.2026)
Դիտումներ: 32 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar