Մայիսի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտները, ուսուցիչուհիներ Անուշ Դաջունցի և Հերմինե Ալավերդյանի նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գորիսի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայում: Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, դասախոս Լուիզա Վարդանյանը, դասախոս Անի Գալստյանն աշակերտների բնագիտական հետաքրքրությունները բարձրացնելու նպատակով պատրաստել էին հետաքրքրաշարժ քիմիական փորձեր՝ գունային գեղեցիկ անցումներով: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ակտիվորեն ներգրավվեցին աշխատանքներին: Աշակերտները դասախոսների օգնությամբ կատարեցին հաշվարկներ և պատրաստեցին լուծույթներ, ծանոթացան դասական թթվահիմնային հայտանյութերին, դիտեցին դրանց գունափոխության ռեակցիաները: Շատ տպավորիչ էր կարմրագլուխ կաղամբից լուծահանված բնական անտոցիանների վարքը որպես հայտանյութ: Միջավայրի թթվայնությունից կախված բնական հայտանյութը վառ կարմիրից մինչև վառ դեղին գեղեցիկ երանգներ ստացավ՝ անցնելով կապույտի և կանաչի նրբերանգների վրայով:
Աշակերտներին ներկայացվեցին նաև «Քիմիական հրաբուխ», «Քիմիական վիրահատություն», «Փղի կնճիթ» կամ «Ատամի մածուկ փղի համար» դիտարժան փորձերը, բամբակից ստացան մանրաթել: Աշակերտների համար շատ ոգևորիչ էր ցինկի ու աղաթթվի փոխազդեցությունը, որի արդյունքում անջատված ջրածին գազը նրանք հավաքեցին փրփուրի մեջ և այրեցին ձեռքի ափի մեջ: Քիմիական աշխարհն աչքի է ընկնում նաև «գաղտնիքներով» ու «կախարդանքներով»: Աշակերտները թղթի վրա գրեցին «Անտեսանելի թանաքով» և ցողելով «Կախարդական հեղուկով»` անտեսանելին դարձավ տեսանելի: Աշակերտների և ուսուցիչների հետ Գորիսի պետական համալսարանում էին նաև ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը և 8-րդ «Ա» դասարանի դասղեկ Արփինե Մարտիրոսյանը: Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց Գորիսի պետական համալսարանի տնօրինությանը, Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոսներ Լուիզա Վարդանյանին ու Անի Գալստյանին՝ հյուրընկալության, աշակերտներին նման հնարավորություն ընձեռելու, նրանց ստացած տեսական գիտելիքները գործնական աշխատանքներով ամրապնդելու համար, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն պարբերաբար և կբացահայտեն սովորողների իրական հետաքրքրություններն ու մեծ խթան կհանդիսանան ոչ միայն մասնագիտական կողմնորոշման համար, այլ նաև կամրապնդեն դպրոց-համալսարան կապը:
| |
| |
Դիտումներ: 505 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |