«Ամենաարժեքավորը, որը վեր է ամեն ինչից՝ ընտանիքս, ընկերներս և այս տարիների ընթացքում ձեռք բերած սերն ու հարգանքն է»․ Արմինե Հարությունյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի տասնվեցերորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմինե Հարությունյանի հետ է։

- Ինչպե՞ս եք ընտրել մանկավարժությունը։

- Ես այն մարդկանցից եմ, ովքեր աչք են բացել մանկավարժի ընտանիքում և հրապուրվել այդ գործին։ Իմ ընտանիքում կարևորություն են տվել կրթությանը և քույրերս մեծ դերակատարում են ունեցել մասնագիտական կողմնորոշման հարցում։ Իրենց փորձով և խորհուրդներով մեծ ազդեցություն են ունեցել նաև իմ ուսուցիչները, քանի որ մասնագիտության ընտրությունը ճակատագրական է, դրան լրջությամբ վերաբերեցի և լսեցի սրտիս թելադրանքին։

- Կյանքում ի՞նչն է Ձեզ համար կարևոր։

- Յուրաքանչյուրիս կյանքում կան արժեքներ, որոնք մենք շատ կարևոր ենք համարում։ Սակայն ամենաարժեքավորը, որը վեր է ամեն ինչից՝ ընտանիքս, ընկերներս և այս տարիների ընթացքում ձեռք բերած սերն ու հարգանքն է, նաև հարազատներս, որտեղ ճառագում է լույս և ջերմություն։ Ընտանիքիս կարևորությունը անգնահատելի է, կյանքիս հիմնաքարը և աջակցության աղբյուրը։

- Ի՞նչ հիշարժան պահեր եք ունեցել, որոնցով կցանկանայիք կիսվել մեզ հետ։

- Չեմ կարող հստակ պատասխանել, որովհետև ամեն ապրած օրն իր տեսակի մեջ հիշարժան է։ Բայց ամենահիշարժանը երեխաներիս լույս աշխարհ գալն է։ Իսկ տատիկ դառնալը` միանգամայն նոր հույզերի և զգացմունքների շրջան էր։ Դրանք թանկարժեք հուշեր են, որոնք տարիների ընթացքում դառնում են կյանքիս ամենագեղեցիկ պահերից։

- Երբևէ եղել է, երբ Դուք ինչ-որ բան եք սովորել աշակերտներից, գործընկերներից։ Կիսվե՞ք որևէ պատմությամբ։

- Ուսուցչի աշխատանքը երկկողմանի գործընթաց է, որտեղ ոչ միայն աշակերտներն են սովորում ուսուցչից, այլև ուսուցիչն` աշակերտներից։ Քանի որ նոր տեխնոլոգիաները ինձ համար բարդ են, նրանք են ծանոթացնում նոր գործիքներին։

Երբեմն առաջարկում են լուծումներ, որոնք իմ մտքով չեն անցնում, ինչը ողջունելի է։ Իսկ իմ գործընկերներից սովորել եմ նոր մանկավարժական մեթոդներ, որոնք դասն ավելի ինտերակտիվ են դարձնում։ Դպրոցական կյանքը լի է մարտահրավերներով ու գործընկերներով հաճախ ենք կիսվում` ինչպես վարվել տարբեր իրավիճակներում։

- Եթե Ձեր կյանքը համեմատելու լինեիք որևէ ֆիլմի կամ գրքի հետ, այն ո՞րը կլիներ և ինչո՞ւ։

- Եթե կյանքս համեմատեմ կինոյի կամ գրքի հետ, ապա այն կարող է լինել լի շրջադարձերով։ Կյանքում ունեցել եմ և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, փորձություններ, հաղթահարումներ։ Կոնկրետ այդպիսի ֆիլմ չեմ կարող նշել, բայց այս՝ իմ ֆիլմի գլխավոր հերոսը ես եմ, որտեղ կան զգացմունքներ, արվեստ և երաժշտություն։ Ֆիլմի ընթացքում հնչում է Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը»։

Կյանքս գրքի պես ունի գլուխներ, որտեղ ուրախությունը, սերը, երազանքները խառնվում են իրար։

- Ի՞նչ է Ձեզ համար մանկավարժությունը։

- Մանկավարժությունը ոչ միայն մասնագիտություն է, այլ պատասխանատու մի աշխատանք, կոչում, սիրով լի գործունեություն։ Հիմնված իմ քույրերի ոգեշնչման` մանկավարժությունը մի ուղի է, որտեղ անում եմ այն, ինչ սիրում եմ` երեխաների հետ աշխատելը, աջակցելը։ Ուսուցչի աշխատանքը այնպիսի առաքելություն է, որտեղ ոչ միայն գիտելիք փոխանցել է, այլ բարոյական արժեքներ, վստահություն ու սիրո մթնոլորտ ստեղծելը։

- Սիրո՞ւմ եք խոհանոցում պատրաստել։ 

- Խոհանոցում լինելն ինձ համար ոչ միայն պարտականություն է, այլ` հաճույք։ Խոհանոցում սիրում եմ ստեղծագործել։ Հաճախակի «youtube»-ով հետաքրքիր, ոչ հաճախ կրկնվող, ուտելիքներ եմ պատրաստում։ Սեզոնային ուտելիքներին մեծ տեղ եմ տալիս. ձմռանը` թան, խաշիլ, խաշ, հարիսա։ Ամռանն ավելի թեթև ենք սնվում։ Իմ ընտանիքում նախասիրությունը տրվում է աղցաններին։ Պատրաստում եմ սիրով, ցանկանում եմ գոհացնել ընտանիքիս։

- Ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր գործընկերների հետ։

- Կարևորում եմ գործընկերներիս հետ առողջ հարաբերություններ ունենալը, ջերմ մթնոլորտ ստեղծելը։ Նրանց հետ հաճելի է, երբ իշխում է փոխադարձ հարգանք, աջակցություն և վստահություն։ Իմ գործընկերները կփաստեն, որ շփվող եմ, սատարող։

- Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր հանգիստը։ Ունե՞ք որևէ ավանդույթ կամ սովորություն:

- Սիրում եմ ակտիվ հանգիստ։ Շաբաթ և կիրակի օրերին այցելում եմ հարազատներիս, պիկնիկ ենք կազմակերպում։ Սիրում եմ վայելել բնությունը՝ պատրաստելով ավանդական խորովածը։ Վերջին տարիներին հանգիստս անց եմ կացրել արտերկրում, բացահայտել նոր վայրեր, գեղեցիկ հուշեր եմ ստեղծել և ժամանակս անցկացրել սիրելի մարդկանց հետ, ծովի ափին` վայելելով անդորրն ու բնությունը։

- Եթե որոշեիք փոխել Ձեր մասնագիտությունը, ո՞րը կլիներ Ձեր ընտրությունը։ 

- Եղել են պահեր, որ մտածել եմ, եթե մանկավարժությունը չընտրեի, ապա ի՞նչ… Բորտուղեկցորդուհին նույնպես հարազատ էր ինձ։ Կարծես երկուսն էլ նմանություն ունեն։ Ուսուցիչը պլանավորում է օրվա դասը, իսկ բորտուղեկցորդուհին՝ թռիչքի ընթացքը։ Այդ երկուսն էլ ունեն ընդհանուր կարևոր հմտություններ։ Բայց լսելով սրտիս ձայնին և սիրելով երեխաների հետ աշխատելը, մանկավարժությունն ավելի հոգեհարազատ է իմ հոգուն։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.02.2025)
Դիտումներ: 236 | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar