«Աշխարհագրությունը ռուսական հեքիաթներում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մայիսի 13-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Աշխարհագրությունը ռուսական հեքիաթներում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Ալեքսանդր Դուրգարյանն ու Ավետ Թունյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Կարեն Մանանյանը, Նվեր Օհանջանյանը, Ալեքս Յուզբաշյանը, Էրիկա Դինունցն ու Անի Մուսայելյանը:

  

Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)` 

  • զարգացնել զարգացնել ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ընդունելու կարողություններ և արժեհամակարգ 

Նախագծային աշխատանքի նպատակը՝
Ակադեմիական 

  • Հավաքագրել և ուսումնասիրել աշխարհագրական օբյեկտների, գործընթացների առանձնահատկությունների մասին տեղեկություններ:
  • Ցույց տալ դպրոցական առարկաների կապը միմյանց և գրական ստեղծագործությունների հետ:
  • Ծանոթանալ հեքիաթների քիչ հայտնի փաստերին:

Արժեհամակարգ

  • Արդիականացնել, արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները,
  • Ստեղծել համագործակցային և հանդուրժող միջավայր:

Հմտություն

  • Ձևավորել միջառարկայական մտածողություն:
  • Ձևավորել աշխարհագրական մտածողություն և տարածական ընկալումներ:

Կարողություն 

  • կզարգանան աշակերտների համեմատական, վերլուծական հմտությունները
  • աշակերտները հնարավորություն կունենան ինքնուրույն աշխատելու 
  • կկարողանան գրավոր և բանավոր կապակցված խոսք կառուցել, կկարողանան օգտվել տեղեկատվական աղբյուրներից, 

Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներից էր՝

  • Կատարել հավաքագրված տեղեկությունների վերլուծություններ:
  • Հիմնավորել սեփական կարծիքը
  • Ուշադիր լսել ընկերներին, որպեսզի վերջում կարողանալ գնահատել:
  • Ստեղծել բուկլետ` ռուսական հեքիաթների աշխարհագրական դրվագներով և նկարազարդումներով:

  

Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները

  • առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.
  • նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.
  • իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը.
  • կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
  • ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.
  • ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
  • ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.
  • արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
  • կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.
  • գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
  • ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
  • զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ:

  

Ջոն Դյուին գրում է. «Երեխան կրկնում է մարդկության ճանաչողության ուղին. գիտելիքի յուրացումը սպոնտան, անկառավարելի գործընթաց է: Երեխան յուրացնում է նյութը ոչ թե լսելով կամ ընկալելով զգայական համակարգով, այլ երբ զգում է այդ գիտելիքի կարիքը, երբ յուրացման գործընթացի ակտիվ  մասնակից է»: ՀՀ կրթական համակարգում արմատական բարեփոխումները վկայում են, որ ուսուցման պահանջվող որակի ապահովման հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է ուսուցման նորագույն մեթոդների կիրառումով: Գաղտնիք չէ, որ ուսուցման ավանդական մեթոդները, ավելի ճիշտ` գիտելիքներ սերտել տալու մեթոդներն այսօր չեն կարող ապահովել ուսման որակ և ստեղծարար կարողությունների զարգացում:

Յուրաքանչյուր մեթոդ, որը կարող է նպաստել սովորողի կողմից գիտելիքներ յուրացնելուն, հմտություններ ձևավորելուն, ինքնին արժեքավոր է: Այս առումով սույն նախագիծը թույլ է տալիս հեքիաթների միջոցով ճամփորդել` բացահայտելով աշխարհը: Ճամփորդությունը պետք է լինի նպատակաուղղված, զարգացնի սովորողի ճանաչողական ունակությունները, նպաստի բարոյական հատկանիշների ձևավորմանը, առաջացնի սեր հայրենիքի, նրա մշակույթի, պատմության, ինչպես նաև հարգանք հարևան ժողովուրդների նկատմամբ:

Մեր` ուսուցիչներիս դերը այս նախագծի իրականացման տարբեր փուլերում փոխվել է: Մենք գիտելիքներ չենք փոխանցել, այլ ապահովել ենք սովորողի ինքնագործունեությունը, այսինքն՝ խորհուրդներ ենք տվել, հետևել ընթացքին, ուղղորդել: Ուսուցչի համար ուսումանական նախագիծը զարգացման ինտեգրված դիդատկտիկ միջոց է, ուսուցում և դաստիարակում, որը թույլ է տալիս զարգացնել նախագծային հատուկ կարողություններ ու հմտություններ` խնդրի առաջադրում, նպատակամղվածություն, իրականացվելիք պլաններ, վերլուծություն, ինքնաներկայացում, ինչպես նաև տեղեկատվության որոնում, ակադեմիական գիտելիքների օգտագործում ըստ նշանակության, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծագործական գործունեություն:

Կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքն իրականացվել է 7-րդ «Ա» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտների կողմից: 

Նախագծի աշխատանքային թիմն ընթացքում համալրել է Անի Մուսայելյանը: Հստակեցվել է նրա աշխատանքը` ապահովելով սահուն ներգրավվածությունը աշակերտական խմբին:

  

Նախագծային աշխատանքի փուլերը՝

  1. Նախագծային աշխատանքի սկզբում որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում: Խմբի բոլոր աշակերտները մասնակցել են նախագծի պրոդուկտի ստեղծմանը:    
  2. Հերմինե Ալավերդյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Օլյա Ղուլյանը համատեղ կազմակերպել և վերահսկել են նախագծի գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: 
  3. Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 2-3 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը: Հերմինե Ալավերդյանը, Մարգարիտա Պետրոսյանը ունեցել են 2-ական, իսկ Օլյա Ղուլյանը` մեկ հանդիպում, որոնց ընթացքում ուղղորդել են նրանց, վերահսկել ամբողջ աշխատանքը:

Ամփոփիչ փուլ

  • նախագծային գործունեության արդյունքների ամփոփում և գնահատում (արդյունքների խմբային գնահատում (փոխադարձ -ձևավորող)),
  • խմբի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի ինքնագնահատում,
  • արդյունքների գնահատում (ուսուցանող, միավորային):

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Նախագծի ընթացքում հստակ երևացել են աշակերտների  ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը, կարողությունները: Շատերը բացահայտել են հեքիաթների աշխարհը, ընթերցել բազմաթիվ հեքիաթներ, ապա կատարել վերլուծություններ:

    

Ալեքսանդր Դուրգարյանը կարդացել է Ա. Ս. Պուշկինի «Ոսկե աքաղաղը» հեքիաթը, ուսումնասիրել հողմաչափի մասին հասանելի տեղեկույթը, ցույց է տվել ժամանակակից հողմաչափի կառուցվածքը: Նախագծային աշխատանքի արդյունքում նրա մոտ ձևավորվել է մտքերն ազատ արտահայտելու, սեփական տեսակետը հիմնավորելու կարողություն:

Կարեն Մանանյանը հավաքագրել է Լ. Ն. Տոլստոյի «Վայրի կարապները», «Երեք խոզուկները», «Կարմիր գլխարկը» հեքիաթում նկարագրված աշխարհագրական օբյեկտների մասին տեղեկույթը, կառուցել«Կարմիր գլխարկը» հեքիաթի տեղանքի հատակագիծը: Նրա մոտ ձևավորվել են ճշգրիտ չափումներ կատարելու, դրանք հատակագծի վրա ցույց տալու, քարտեզագրական պարզ հմտություններ: Նա ձեռք է բերել աշխարհագրական կոնկրետ մտածողություն, մտքի ճկունություն, պատկերացրածը հատակագծի վրա մասշտաբով հաշվարկելու և պատկերելու ունակություններ:

Նվեր Օհանջանյանը խմբի անդամների օգնությամբ ծանոթացել է Լ. Ն. Տոլստոյի «Վայրի կարապները» հեքիաթում նկարագրված աշխարհագրական օբյեկտների մասին տեղեկությանը, օգնել կառուցելու «Կարմիր գլխարկը» հեքիաթի տեղանքի հատակագիծը: Նրա մոտ ձևավորվել են համագործակցելու, թիմով աշխատելու կարողություն, արժևորել ու գիտակցել է փոխօգնության դերը, կարևորել է ընկերների հարգալից վերաբերմունքը: 

Ալեքս Յուզբաշյանը հավաքագրել և ուսումնասիրել է հեքիաթներում հանդիպող Բաբա Յագայի, թռչող փոքրիկ ձիուկի, արագագնաց ճտքավոր կոշիկների, թռչող գորգի մասին տեղեկույթը, դրանք համեմատել ժամանակակից թռչող օբյեկտների հետ: Նախագծային աշխատանքի արդյունքում նրա մոտ ձևավորվել են երևույթները համեմատելու, դեպքերն ու փաստերը վերլուծելու, քննադատական մտածողության տարրեր: Ալեքսն ուսումնասիրել է առաջին թռչող սարքերի մասին տեղեկությունները, որի արդյունքում նրա մոտ ձևավորվել է հետաքրքրություն ճարտարագիտական նախագծերի, կառույցների, գծագրերի հանդեպ:

Էրիկա Դինունցը հավաքագրել և ուսումնասիրել է ջրի շրջապտույտի մասին տեղեկույթ և զուգահեռներ անցկացրել «Ձյունանույշը» հեքիաթում նկարագրվող երևույթների հետ, վեր է հանել  բնական ռեսուրսների պահպանության հիմնախնդիրները` Բաժովի «Մալախիտե զարդատուփը», «Պղնձե լեռան տիրուհին», «Արծաթե սմբակը» հեքիաթներում: Նրա մոտ ձևավորվել են ռուսերենով մտքերն ավելի սահուն ու կոնկրետ արտահայտելու կարողություններ, արժևորել է խմբի անդամների` իր համադասարանցիների հետ մտերմիկ շփումները, դարձել ավելի ընկերասեր: Էրիկայի մոտ ձևավորվել են նաև տեղեկությունները ինքնուրույն ձեռք բերելու և դրանք համակարգելու ունակություններ:

Ավետ Թունյանը ներկայացրել է, թե ինչ է հեքիաթաթերապիան: Իր համադասարանցիների շրջանում կատարել է սոցիոլոգիական հարցում, որի արդյունքների վերլուծությունը ներկայացված է նախագծային աշխատանքում: Նա ձեռք է բերել ստացած գիտելիքները համակարգելու կարողություն և իր սեփական աշխատանքի արդյունքը ցույց տալու, ներկայացնելու հմտություն: Նրա մոտ ձևավորվել է սեր ռուսական հեքիաթների նկատմամբ, գիրք ընթերցելու հանդեպ կայուն հետաքրքրասիրություն:

Անի Մուսայելյանը նախագծի աշխատանքային խմբին միացել է ավելի ուշ, բայց ամբողջությամբ ինտեգրվել է աշխատանքներին, հավաքագրել հետաքրքիր տեղեկույթ Բաժովի «Մալախիտե զարդատուփը», «Պղնձե լեռան տիրուհին», «Արծաթե սմբակը» հեքիաթների մասին: Օգնել է սահիկաշարի պատրաստման աշխատանքներին: Արդյունքում նրա մոտ ձևավորվել են մեդիագրագիտության կարողություններ, տեղեկույթը համակարգելու, կարևորը երկրորդականից տարբերելու ունակություններ, աշխատասիրություն, ընկերասիրություն:

Նախագծային աշխատանքի շրջանակում Հերմինե Ալավերդյանը կազմակերպել է աշխատանքային հանդիպում Գորիսի պետական համալսարանում` նախագծային աշխատանքի մասնակից աշակերտների և համալսարանի կերպարվեստի բաժնի ուսանողների հետ, որի ժամանակ ուսանողները խորհրդատվություն են տրամադրել նախագծային աշխատանքի պրոդուկտի` ռուսական հեքիաթների աշխարհագրական դրվագներով և նկարազարդումներով նկարների ստեղծման վերաբերյալ:

Խմբի բոլոր աշակերտները մասնակցել են նախագծի պրոդուկտի ստեղծմանը:  

Պաշտպանության ընթացքում աշակերտները անկեղծ ներկայացրել նախագծի ընթացքում ծագած դժվարությունները, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված:

Նախագծային աշխատանքի պաշտպանության նպատակով աշակերտների կողմից պատրաստված տեսասահիկը կարող եք տեսնել այստեղ:

Նախագծային աշխատանքի տեղեկատվական թերթիկը կարող եք տեսնել այստեղ:

  

    
 

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.05.2024)
Դիտումներ: 497 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar