Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ. Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանի սաները հանդես եկան գեղեցիկ ելույթով՝ ևս մեկ անգամ վերապրելով թումանյանական ոգին ու շունչը: Դասվար Արուս Դոլունցի նախաձեռնությամբ աշակերտները, կիրառելով «Շրջված դասարան» մեթոդը, անդրադարձ ունեցան Թումանյանի ստեղծագործություններին՝ բանաստեղծություններ, քառյակներ, թևավոր խոսքեր և այդկերպ կարողացան Թումանյանի անսպառ գրական գանձարանից հանել և ներկայացնել իրենց հոգեհարազատ կտորները: Նրանք հանդես եկան նաև երաժշտական կատարումներով՝ երգ, պար, որն էլ ավելի գեղեցիկ ու տպավորիչ դարձրեց օրը: Քանի որ մեծ բանաստեղծի ծննդյան օրը վերածվել է նաև գեղեցիկ տոնի՝ Գիրք նվիրելու օրվա, աշակերտները՝ ծնողների աջակցությամբ, փոքրիկ անակնկալ էին պատրաստել սիրելի ուսուցչուհու և հյուրերի համար: Նրանք պատրաստել էին «Ի՞նչ է գիրքը ինձ համար» խորագրով ծառ-պաստառը, որի վրա տեղում փակցրել են ծառի կանաչ տերևներ՝ իրենց համար գրքի նշանակությունը արտահայտող գրվածքներով: Ներկաների համար շատ տպավորիչ և հուզիչ էր այդ ամենը վայելել, քանի որ դրանում արտահայտված էին հենց երեխաների անկեղծ մտքերը: Միջոցառման ավարտին հյուրերը՝ ուսուցիչներն ու ծնողները, շնորհավորեցին երեխաներին գեղեցիկ ելույթների կապակցությամբ՝ մաղթելով նրանց անսպառ սեր ու նվիրում դեպի ուսումը և գրականությունը: Իսկ դասվար Արուս Դոլունցը փոխադարձաբար շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության ու դրական գնահատականի համար, շնորհավորեց իր շնորհաշատ սաներին՝ նրանց մաղթելով գիտելիքի անհուն ճանապարհ, ստեղծագործական նոր որոնումներ ու հաջողություններ ուսման մեջ: Նա վստահորեն ընդգծեց, որ իր սաները կդառնան հայ գիր ու գրականության արժանի կրողներ՝ իր հերթին խոստանալով մեծ սիրով ու նվիրումով շարունակել Մեծն Թումանյանի արժեքների սերմանումը:
| |
| |
Դիտումներ: 230 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |