- Ինչպիսի՞ն է Մերի Դանիելյանը աշխատանքից դուրս՝ տանը, բարեկամական, ընկերական շրջապատում։ - Աշխատանքից դուրս փորձում եմ առավելապես լինել ընտանիքիս հետ, ժամանակս նվիրել հարազատներիս։ Եթե մասնագիտությանս մեջ ես առաջնորդվում եմ կարգապահությամբ ու պարտաճանաչությամբ, ապա տանը ավելի հանգիստ ու ազատ եմ։ Սիրում եմ ընտանեկան ջերմ մթնոլորտում անցկացված երեկոները։ Ընկերական շրջապատում նախընտրում եմ շփումը անկեղծ ու նվիրված հարաբերությունների շրջանակներում։ - Ի՞նչ ընտանեկան ավանդույթներ ունեք։ - Իրականում կարևորում եմ ընտանեկան ավանդույթները, փորձում եմ անկախ առօրյա զբաղվածությունից ապահովել ընտանեկան ջերմ մթնոլորտ։ Այս պահին երեխաներս մայրաքաղաքում սովորելու պատճառով մոտս չեն. երբ հավաքվում ենք, օրը տոնի է վերածվում, և ուզում եմ՝ այդ պահը անվերջանալի լինի։ - Ո՞րն է Ձեր սիրելի ուտեստը, կա՞ որևէ հատուկ ուտեստ, որը ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր ընտանիքի սիրելի ուտեստն է։ - Ուտելիքների հարցում բծախնդիր չեմ։ Ինձ համար հարազատ է հայկական խոհանոցը։ «Սիրելի ուտեստ» հասկացությունն իմ ընտանիքին փոխանցվել է մայրիկիցս։ Երեխաներս շատ են սիրում տատիկի պատրաստած ուտելիքներից շատերը, որոնք հիմա փորձում եմ ես պատրաստել։ Սիրում ենք նաև ժամանակակից ուտեստներ համտեսել։ - Ո՞ր արժեքներն են Ձեզ համար կարևոր։ - Ինձ համար առաջնային են ազնվությունը, նվիրվածությունն ու պատասխանատվությունը։ Միշտ փորձում եմ նշյալ արժեքները փոխանցել և՛ ընտանիքիս անդամներին, և՛ իմ աշակերտներին, որովհետև, ըստ իս, դրանք ցանկացած մարդու կյանքի կարևոր առաջմղիչ ուժն են։ Կրթության մեջ խրախուսում եմ առողջ դատողությունն ու աշխատասիրությունը՝ որպես հաջողության հիմնական գրավական և նպատակին հասնելու բանալի։ - Ո՞վ է Ձեզ համար այսօրվա ուսուցիչը։ - Այսօրվա ուսուցիչն ինձ համար նա է, որը բաց է նորարությունների համար, կարողանում է մոտիվացնել աշակերտներին, սովորեցնում է սովորել, դատել, վերլուծել, անկաշկանդ մտածել, ստեղծագործել, քայլել ժամանակին համահունչ, զարգացնել արդի կրթական պահանջներին հարիր կարողություններ և հմտություններ։ - Ի՞նչ նախասիրություններ ունեք։ - Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ։ Ինձ համար հաճելի է ընթերցել հատկապես մասնագիտական գրականություն։ Սիրում եմ նոր բան սովորել, ուսումնասիրել տարբեր մշակույթներ։ Բացի ընթերցանությունից սիրում եմ նաև խոհարարությունը։ Սիրում եմ համադրել ավանդական ուտեստները նոր համերով։ - Մեկ, երկու բառով նկարագրեք աշխատանքային և ոչ աշխատանքային օրը։ - Իրականում, աշխատանքային օրը ոչ աշխատանքային օրվանից այնքան էլ չի տարբերվում, որովհետև լինել ուսուցիչ նշանակում է աշխատել և՛ տանը, և՛ դպրոցում։ - Համարու՞մ եք Ձեզ արվեստի մարդ։ Ի՞նչ է Ձեզ համար արվեստը։ - Այո՛, ինձ համար արվեստը մտածողության ձև է։ Դա կարող է լինել ոչ միայն նկարչություն կամ երաժշտություն, այլև այն, թե ինչպես ես մոտենում կյանքին, ինչքան ստեղծագործաբար ես մոտենում հիմնահարցերին։ Կրթության ոլորտում, ինչ խոսք, մեծ տեղ ունի արվեստը թե՛ որպես ուսուցման միջոց, թե՛ որպես կենսակերպ։ - Ո՞վ է այն մարդը, որին ձգտում եք նմանվել։ Կա՞ որևէ մեկը, որը մոտիվացնում է Ձեզ։ - Չեմ ասի, որ ցանկանում եմ որևէ մեկին նմանվել, բայց ոգեշնչվում եմ մարդկանցից, ովքեր իրենց գործին նվիրված են, ձգտում են կատարելության։ Մասնագիտական առումով միշտ գնահատել եմ այն մարդկանց, որոնք համադրել են գիտելիքը մարդկային արժեքների հետ։ Այս առումով փորձել եմ նմանվել մանկավարժ մայրիկիս։ - Ի՞նչ է Ձեզ համար Բախշյանական լինելը։ - Եթե խոսքը վերաբերում է Բախշյանական ոգուն՝ որպես ուսուցչի նվիրվածության օրինակ, ապա դա ինձ համար նշանակում է լինել պատասխանատու, արդար, սրտացավ, արժանի լինել Բախշյանական թիմի մի փոքրիկ մասնիկը կոչվելու և վաստակելու դպրության անխոնջ նվիրյալի տիտղոսը։ | |
| |
Դիտումներ: 246 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |