- Ինչպե՞ս է սկսվում Ձեր աշխատանքային օրը: - Իմ աշխատանքային օրը սկսվում է բնականոն, խաղաղ մտքերով։ Սիրում եմ իմ աշխատանքը և հավատում, որ Աստծո օրհնությամբ օրը հաջող ու բովանդակալից է լինելու։ Այս համոզմունքն ուժ է տալիս ու ներշնչում, որպեսզի նոր օրը սկսեմ դրական տրամադրվածությամբ և պատրաստակամությամբ: - Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել, ի՞նչ մթնոլորտ է այն ստեղծում Ձեր շուրջը: - Երգն ու երաժշտությունը իմ կյանքի անբաժանելի մասն են։ Դրանք կրում են իմ հույզերը, հիշողությունները, անցած տարիների պատմություններն ու հոգեվիճակները։ Ամեն նոտա կապված է ինչ-որ պահի, մարդկանց կամ զգացողությունների հետ։ Երաժշտությունը եղել է ու այժմ էլ կա՝ որպես իմ անդավաճան ընկերը՝ թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերին: Այն օգնում է ինձ ապրել, վերապրել, ուժ հավաքել ու շարունակել առաջ շարժվել։ Իմ երաժշտական ճաշակը բազմազան է, կախված տրամադրությունից՝ լսում եմ դասական, էստրադա, ջազ: Սակայն իմ հոգեբանությանն ամենից շատ համահունչ են հոգևոր, ազգային ու կոմիտասյան մեղեդիները։ Դրանք ավետում են խաղաղություն, հաղորդում արմատների ուժ, ինքնաճանաչում, ազգային ինքնության գիտակցում։ Կոմիտասյան երաժշտության հնչյունների ներքո զգում եմ իմ ինքնության ամբողջականությունը, հայեցիությունը: Ես ինքս էլ երգում եմ Կոմիտասի ստեղծագործությունները, և դա ինձ համար մի ուրույն աշխարհ է: - Կա՞ որևէ առանձնահատուկ բաղադրատոմս, որը միշտ պատրաստում եք։ - Ես մեծացել եմ ավանդույթներով ու սովորույթներով հարուստ ընտանիքում, որտեղ Սյունիքի և տարբեր տարածաշրջանների ավանդական ճաշատեսակները պատրաստել են թե՛ մայրս, թե՛ կիսուրս։ Ես սովորել եմ նրանցից և կարևորում եմ իմ կողմից խոհարարական ավանդույթների ու հայկական խոհանոցի փոխանցումը հաջորդ սերունդներին։ Միևնույն ժամանակ, սիրում եմ փորձարկումներ անել, լինել ազատ ու նորությամբ լրացնել իմ խոհանոցը։ Խոհանոցում անընդհատ ստեղծագործելը, փորձելը, որևէ օգտակար ուտելիք պատրաստելն իմ տարերքն է: Մեր տան հատուկ բաղադրատոմսը ոչ միայն համեղ ուտեստներն են, այլև սիրալիր հյուրասիրությունը, որը համեմված է կատակներով, երգով, պարով ու ջերմությամբ։ Բոլորն աջակցում են, որպեսզի հյուրերը հեռանան գոհ ու տպավորված։ - Ի՞նչ գրքեր եք նախընտրում ընթերցել։ - Շատ սիրում եմ կարդալ և սովորել։ Նախկինում ընթերցում էի տարբեր ժանրերի հայ և արտասահմանյան գրականություն, իսկ այժմ հիմնականում ժամանակս տրամադրում եմ մասնագիտական ու տեղեկատվական գրքերին, ինչպես նաև հեքիաթներին՝ թոռնիկներիս համար։ Հաճախակի բացում եմ Աստվածաշունչը, որն ինձ համար մտորելու ու հոգևոր սնունդ ստանալու աղբյուր է: - Ի՞նչ նախասիրություններ ունեք և ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։ - Ամենամեծ հաճույքն ինձ համար թոռնիկներիս հետ ժամանակ անցկացնելն է։ Սիրում եմ նաև կար ու ձևով զբաղվել, շախմատ խաղալ, նոր ուտեստներ պատրաստել, կարդալ, համացանցում օգտակար տեղեկատվություն ուսումնասիրել։ Իսկ ամենասիրելի պահերից են թեյի կամ սուրճի շուրջ մտերմիկ զրույցները հարազատներիս հետ և, իհարկե, հոգատարությամբ խնամվող իմ փոքրիկ այգին։ - Հաճախ ասում են՝ ընտանիքը մեր առաջին դպրոցն է: Համակարծի՞ք եք այս պնդման հետ և ի՞նչ արժեքներ են փոխանցում Ձեր աշակերտներին: - Միանշանակ իմ ընտանիքը եղել և մնում է իմ առաջին դպրոցը: Կարծես Աստված շռայլել է շնորհներն իմ ընտանիքի վրա՝ բոլորը ստեղծագործում են, արարում են մի լավ բան, արվեստի ու մշակույթի կրողներ են: Ես ունեմ ընտանիք, որտեղ բարձր է գնահատվում ազնվությունը, հայրենասիրությունը, բարոյականությունը, բարությունը, ավանդապաշտությունը, մշակութասիրությունը, առաջադիմությունը, մեկը մյուսի մասին հոգ տանելը, ստեղծագործելը: Ուստի ես էլ ձգտում եմ այս արժեքները փոխանցել իմ աշակերտներին՝ կրթելով նրանց ոչ միայն գիտելիքով, այլև սրտով ու հոգով։ - Ինչպե՞ս եք կազմակերպում ընտանեկան հանգիստը։ - Ընտանեկան հանգիստը սովորաբար կազմակերպում ենք բնության գրկում, եթե եղանակը թույլ է տալիս։ Իսկ երբ տանն ենք, սիրում ենք ֆիլմ դիտել, քննարկումներ, խաղեր և մրցույթներ կազմակերպել: Այսպիսի միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս ամրապնդել մեր ընտանեկան կապերը ու հիշարժան պահեր ստեղծել։ Ընտանեկան ավանդույթ է տոնել Նոր տարին՝ Հունվարի 1-ը իմ օջախում, որտեղ հավաքվում են բոլոր հարազատներն ու բարեկամները, ընկերները և շատ լավ ժամանակ անցկացնում: - Մանկության, պատանեկության, երիտասարդության տարիների հետ կապված ի՞նչ հիշողություններ ունեք։ - Հաճախ եմ հիշում իմ մանկության, պատանեկության, երիտասարդության բարի ու երանելի տարիները՝ մշակութային կյանքին ակտիվ ներգրավվածությամբ, մրցույթներով, փառատոններով, հաղթանակներով, խաղերով: Հիշում եմ հետաքրքիր հանդիպումները ճանաչված մարդկանց հետ, ճանապարհորդություններն ու ուխտագնացությունները, ինչպես նաև մանկավարժության առաջին քայլերս Վայոց ձորի Զառիթափ գյուղում։ Այդ ամենը անջնջելի հետք է թողել իմ կյանքում: Հիշելու շատ հետաքրքիր բաներ կան։ Վարդավառի օր էր։ Էջմիածնի Մայր տաճարում առաջին անգամ լսեցի կենդանի հրաշք երգչուհի Լուսինե Զաքարյանին։ Ամենը փոխվեց իմ կյանքում. սկսեցի երգել հոգևոր, կոմիտասյան ու ազգային երգեր: Բոլորը խորհուրդ տվեցին թողնել մանկավարժականը և ընդունվել ուսումնարան, կամ կոնսերվատորիայի վոկալ բաժին։ Բայց իմ կիսատ երազանքներն Աստծո նախախնամությամբ իրականացրեց փոքր տղաս, որի համար շնորհակալ եմ։ - Ի՞նչ է Ձեզ համար առողջ ապրելակերպը։ - Առողջ ապրելակերպն ինձ համար հենց այդ ամենն է՝ մաքուր օդը, լույսը, բնությունը, լավ որակի ջուրը, բալանսավորված ու բնական սնունդը, որը պարունակում է քիչ ածխաջրեր ու ճարպեր, սակայն հագեցած է վիտամիններով և օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերով։ Ֆիզիկական ակտիվությունը, ներքին ու արտաքին մաքրությունը, մաքուր մտքերը և բարի խոսքերը՝ այս բոլորը կազմում են առողջ ապրելակերպի հիմքը։ - Ի՞նչ է Ձեզ համար մշակույթը։ - Մշակույթն իմ և իմ ընտանիքի անքակտելի կենսակերպն է։ Երազանքներ, ռոմանտիզմ, ձգտում նրան, որին պիտի հասնես։ Բոլորս ստեղծագործում ենք՝ չշեղվելով, չհեռանալով հայկական ազգային մշակույթից և ձգտում ենք պահել, պահպանել մեր սքանչելի նյութական և հոգևոր արժեքները, մեր հոգու և շրջապատի ներդաշնակությունը, մտածողությունը, արժեքները, սովորույթներն ու արվեստը։ Այն մեր պատմությունն է, ինչը կապում է մեզ մեր արմատների հետ, բայց նաև նորարարությունն ու առաջընթացը, որը թույլ է տալիս մեզ կատարելագործվել ու անդադար ստեղծագործել։ | |
| |
Դիտումներ: 132 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |