- Ինչպե՞ս է սկսվում և անցնում ձեր աշխատանքային օրը: - Ամեն այգաբացի սկսվում է իմ աշխատանքային օրը՝ հետաքրքիր ու բովանդակալից, աշակերտների մաքրամաքուր և անեղծ միջավայրում: Լուսաբացը իր հրեղեն ներկայությամբ, իր նոր օրվա գալուստով ավետում է իմ նոր օրվա ընթացքը: Այն լրացվում և առավել հրաշալի է դառնում, երբ մտնում եմ դասարան և տեսնում իմ առջև նստած բազում հարցականներով լի աչքեր, որոնք սպասում են դասի արարմանը: - Ո՞ր արժեքներն եք համարում կարևոր։ - Ես կարևորում եմ աշակերտներին՝ մեր երկրի ապագա քաղաքացիներին, բացի անհրաժեշտ գիտելիքներից ձևավորել որպես մարդ անհատ: Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում աշխարհը, բայց ցանկալի է, որ այդ ընկալումը սկսվի բարությամբ, նվիրումով, անմնացորդ մարդկային արժեքներով և պարկեշտությամբ: - Ի՞նչ արժեքներ եք փոխանցում Ձեր երեխաներին և աշակերտներին: - Ամենակարևոր արժեքը՝ սիրել կարողանալն է՝ հայրենիք, ծնող, ուսում: Ինչպես ասում է հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը՝ դաժան աշխարհ, ես քեզ կհաղթեմ իմ սիրով: Կարծում եմ հեշտ ոչինչ չի տրվում մարդուն: Ունեցել եմ ձեռքբերումներ, նվաճումներ, նաև վայրէջքներ, մակընթացություն և տեղատվություն: - Ի՞նչ երաժշտություն եք լսում երբ ցանկանում եք հանգստանալ կամ վայելել պահը: - Իմ կյանքը շատ բազմաժանր է, հետաքրքիր ապրած տարիներով, ձեռքբերումներով: Իմ հասակը տարիների փորձ ունի, Սիրում եմ լսել Մոցարտի ջութակի կոնցեռտները, Կոմիտաս և ազգային երգեր: - Եթե Ձեր կյանքը ֆիլմ լիներ, ապա ո՞ր դերասանը կամ դերասանուհին կխաղար Ձեր դերը: - Իմ կյանքը կարող էր ներկայացնել Վարդուհի Վարդերեսյանը իր տիպիկ ազգային նկարագրով, խաղացած դերերով, որոնք շատ բազմաժանր են, համոզող ու հետաքրքիր: - Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաբարդ որոշումը, որ ստիպված եք եղել կայացնել: - Ամենաբարդ որոշումս ծննդավայրից հեռանալն էր՝ Կարոտներս նետած հեռուները: Երբ հետադարձ հայացք եմ նետում կյանքիս, աշխատանքային տարիներիս, հասկանում եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, և կարողացել եմ սրբորեն կատարել իմ առջև դրված խնդիրները: - Ինչպիսի՞ հուշեր ու հիշողություններ ունեք մանկությունից, երիտասարդությունից, որոնք հաճախ եք մտաբերում: - Մանկությունս հիշելիս, Հիշում եմ իմ ապրած ու չապրած տարիները, հեռավոր ու մոռացված ընկերներիս: Ինչպես մեր նշանավոր գրողներից մեկն է ասել՝ մենք գալիս ենք մեր մանկությունից, և անկախ ամեն բանից, թե մարդը քանի տարի կարող է ապրել այս անմեղ ու մեղավոր աշխարհում, նա մնում է նույնը, ինչ եղել է 7 տարեկանում: - Սիրում ե՞ք խոհանոցում պատրաստել: - Ինչպես բոլոր կանայք՝ սիրում եմ խոհանոցային ֆանտազիաները, անակնկալներ մատուցել ընտանիքիս: Նախընտրում եմ աղցանները: Ընտանիքս հավանում է իմ խոհանոցային ախորժաբեր ուտեստները, և գրեթե միշտ հաճույքով է ճաշակում պատրաստած ուտեստը: - Ընկերական հարաբերություններում ինչպիսի՞ սկզբունքներ եք կարևորում: - Ինչպես ասում են՝ մի շտապիր ինձ ընկեր անվանել: Ամեն մեկը չի կարող լինել նվիրված ու անկեղծ, կամեցող ու բարի: Կյանքն ամեն բան իր տեղն է դնում: Ասում են՝ հեշտ է ընկեր գտնելը, բայց դժվար է պահելը: Հիրավի կյանքը թատրոն է, մարդիկ դերասան: - Եթե՞ հնարավորություն ունենայիք Ձեր կյանքում մեկ բան փոխել, ինչը՞ կլիներ: - Իմ կյանքում կփոխեի ապրելու տեղը՝ նախընտրում եմ ծովափնյա բնակավայրերը, զգալու համար ծովի ծփանքն ու շնչառությունը: Հայրենիքիս հետ կապված, որն իմ ամենամեծ սերն է, հուսով եմ որ ամեն բան լավ ավարտ կունենա մեր երկրում՝ Մեր Մեծագույն Տիրոջ՝ Աստծո օրհնությամբ: | |
| |
Դիտումներ: 215 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |