- Ո՞վ է Աննա Աբգարյանը որպես կին, մայր, քույր: Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը: - Կարծում եմ, յուրաքանչյուրի կյանքի գլխավոր նպատակը, իմաստը, ձեռքբերումը ընտանիքն է ու ես ևս բացառություն չեմ։ Որպես կին, փորձում եմ անել հնարավորը պահպանելու ընտանեկան ներդաշնակությունը, որպես մայր անում եմ հնարավորը՝ օգնելու երեխաներիս հասնել իրենց նպատակներին, երազանքներին, իսկ որպես քույր՝ բարոյապես ու հոգեպես նեցուկ կանգնել քույրերիս։ - Ինչպե՞ս եք հավասարակշռում աշխատանքն ու ընտանիքը: - Իրականում դժվար է համատեղել աշխատանքն ու ընտանիքը, բայց, իհարկե, ոչ անհնարին։ Հարկավոր է ճիշտ տնօրինել ժամանակը, հստակ պլանավորել օրը ու ամեն ինչ կստացվի։ - Որո՞նք են ամենասիրված ընտանեկան ավանդույթները, որոնք պահում եք և փոխանցում Ձեր երեխաներին, և ինչո՞վ են դրանք կարևոր Ձեր կյանքում: - Չեմ կարող առանձնացնել որևէ ավանդույթ, սակայն իմ ընտանիքում կարևոր ենք համար, որ ցանկացած տոն նշվի միասին, միասին ուրախանանք, միասին ժպտանք, որպեսզի կարողանանք պահպանել ընտանեկան ջերմությունը, «ընտանիք» արժեքը։ - Կա՞ որևէ բան, որը մեծ ազդեցություն է ունեցել Ձեր կյանքում և որի մասին սիրով կպատմեք: - Մեծ ջերմությամբ ու սիրով եմ հիշում Գորիսի պետական քոլեջի նախկին ղեկավար Ագնեսա Դարբինյանին։ Նրա շնորհիվ սկսվեց իմ մասնագիտական գործունեությունը։ Առաջինը նա նկատեց իմ պոտենցիալը, տվեց հնարավորություն՝ անփորձիս աշխատելու և այսպես ասած կարիերայիս հիմքը դրեց։ - Ինչպիսի՞ն է Աննա Աբգարյանը խոհանոցում: Կա՞ որևէ բաղադրատոմս, որն առանձնահատուկ է Ձեզ համար և կցանկանայիք կիսվել մեզ հետ: - Սիրում եմ խոհանոցը․ շատ ժամանակ, երբ լարված ու զայրացած եմ լինում, սկսում եմ որևէ բան պատրաստել ու այդպես հանգստանալ։ Ինձ հատկապես դուր է գալիս նոր բաներ պատրաստելը։ Չունեմ առանձնահատուկ բաղադրատոմս, ունեմ առանձնահատուկ բաղադրիչ, որ ցանկացած ուտեստ դարձնում է անչափ համեղ․ սերն է։ Ցանկացած բան պետք է պատրաստել սիրով ու հաճույքով։ - Որո՞նք են Ձեր սիրելի ֆիլմերը: - Ես սիրում եմ դետեկտիվ ժանրի ֆիլմերը, բայց չեմ կարող առանձնացնել որևէ ֆիլմ, որն ինձ տպավորել է։ - Հաճախ ասում են, որ ընկերությունը հարստացնում է կյանքը: Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը: - Ընկերության կարևորությունն ու արժեքը ինձ սովորեցրել է մայրս։ Նրա օրինակով ես գիտեմ, որ ընկերությունը ազնվություն ու անկեղծություն է, խենթություն ու արկածախնդրություն է, լավն ու վատը կիսելու հնարավորություն է։ - Ի՞նչն է Ձեզ ստիպել ընտրել Ձեր մասնագիտությունը և երբևէ կասկածել եք Ձեր ընտրության հարցում: - Մանկուց սիրել եմ սպորտն ու իրավաբանությունը։ Միշտ մտածել եմ, որ ինչ էլ ընտրեմ պետք է դրանցից մեկի հետ կապ ունենա։ Վերջնական որոշումս կանգ առավ սպորտի վրա։ Երբևէ չեմ փոշմանել ընտրությանս համար, սիրում եմ մասնագիտությունս ու աշխատում եմ մեծ սիրով։ - Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի աշակերտները բացի գիտելիքից, նաև կյանքի կարևոր հմտություններ ձեռք բերեն: - Հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների դար է, ու աշակերտը շատ դեպքերում գիտելիք կարող է ստանալ ինքնուրույն, առանց ուսուցչի օգնության, իսկ ուսուցչի դերը նման պայմաններում աշակերտներին մարդկային բարձր արժեքներ ու հմտություններ ուսուցանելն է, իսկ այն հնարավոր է միայն ու միայն սեփական օրինակով։ - Եթե հնարավորություն ունենայիք այցելելու աշխարհում ցանկացած վայր, ո՞րը կլիներ Ձեր ընտրությունը, և ինչո՞ւ: - Ես շատ եմ սիրում ծովափնյա վայրերը։ Այնտեղ, որտեղ կա հանգստություն, ծով։ Այդպես ես կարող եմ կտրվել իրականությունից, առօրյայից, հանդիպած դժվարություններց, խնդիրներից։ | |
| |
Դիտումներ: 368 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |