«Դասը վարում է ծնողը»․ «Հովհաննես Շիրազ» թեմայով դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում

«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնհինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ 6-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց Գորիսի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ, բանասեր Լիանա Սարգսյանը: Դասի թեման էր՝ «Հովհաննես Շիրազ»։

Շատ գեղեցիկ, ջերմ ու հուզիչ ծնողավարության դասը նվիրված էր մայրության և գեղեցկության տոներին։ Այն լի էր մայրության գաղափարի ու Շիրազի ստեղծագործության փառաբանմամբ։

Մասնագիտությամբ բանասեր, դաստիարակ Լիանա Սարգսյանը ներկայացրեց Հովհաննես Շիրազի կյանքի և ստեղծագործության ամենահետաքրքիր դրվագները։ Երեխաները սիրով լսում էին Շիրազի մանկության, ընտանիքի, մոր հանդեպ ունեցած մեծ սերը խորհրդանշող պատմությունները։ Չմոռացվեցին նաև մեծերի գնահատանքի խոսքերը Շիրազի մասին, որոնք հնչեցին դասի ընթացքում՝ որպես վկայություն նրա արվեստի և մարդկային որակների մասին։

Հնչեցին Շիրազի անմահ տողերը, որոնք ծնողը ասմունքեց առանձնահատուկ հուզմունքով և տպավորիչ։ Դասի մթնոլորտն էլ ավելի հարստացավ երեխաների մասնակցությամբ։ Աշակերտները սիրով ասմունքեցին Շիրազի հայտնի բանաստեղծություններից, մայրերին նվիրված ջերմ ու բարեհունչ տողեր, կատարեցին մայրական սիրո մասին երգեր ու պարի գեղեցիկ համարներ, որոնք հաղորդեցին դասին զրույցից դուրս, ապրումով լեցուն հուզական երանգ։

Դասի ընթացքում երեխաների և ծնողի նախաձեռնությամբ գրատախտակին գրվեց «ՄԱՅՐ» բառը, և երեխաները այդ բառին բնորոշ ածականներ ավելացրին՝ ներկայացնելով իրենց մտքերը մայրիկների մասին։ Ստացվեց շատ գեղեցիկ, բովանդակալից և անկեղծ ձևավորում՝ լի ջերմությամբ, սրտի խոսքերով և զգացմունքներով։

Դասի ավարտին երեխաները խոսեցին իրենց ստացած տպավորությունների մասին՝ բարձրաձայնելով, թե ինչ նոր բան իմացան Հովհաննես Շիրազի մասին, ինչ հուզիչ մտքեր արթնացան իրենց սրտերում մոր կերպարի մասին։

Ծնողավարության դասը դարձավ մայրության թեմայի շուրջ հոգատարության, սիրո, երախտագիտության և գեղարվեստական արժեքների յուրացման հրաշալի դրվագ։ Այն ոչ միայն հարստացրեց երեխաների գիտելիքները, այլ նաև նրանց հոգիներն ու սրտերը լցրեց մայրական սիրո մասին խոսքերով։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 6-րդ «Ա» դասարանի ծնող Լիանա Սարգսյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։

    

    

    

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.03.2025)
Դիտումներ: 147 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar