Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ: Վերապատրաստմանը մասնակցում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը։ Դասընթացն անցկացվում է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում մարտի 24-28-ը ներառյալ՝ առկա ձևաչափով: «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» խորագրով շարունակական դասընթացները նպատակ ունեն բարելավել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման արդյունավետությունը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին՝ ընդգծելով, որ մանկավարժների մասնագիտական շարունակական զարգացումը կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղվածություններից է: Մանկավարժներին շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը: «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչները ծրագրի ավարտից հետո կդառնան վերապատրաստողներ և հնարավորություն կունենան ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ անցկացնել: Վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ֆրանսիական կողմի հետ համատեղ՝ Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայությամբ գործող France Education International (FEI) կազմակերպության փորձաքննության հիման վրա:
| |
| |
Դիտումներ: 147 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |