«Դասը վարում է ծնողը»․ «Զինվորական կարգապահությունն ու զինված ուժերում հոգևոր արժեքները» թեմայով դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց

«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնութերորդ հանդիպումը տեղի ունեցավ 9-րդ «Բ» դասարանում։ Դասը վարեցին N զորամասի զինծառայող Կարեն Միրումյանն ու նույն զորամասի ավագ գնդերեց Գևորգ սարկավագը: Դասի թեման էր՝ «Զինվորական կարգապահությունն ու զինված ուժերում հոգևոր արժեքները»։

Կարեն Միրումյանն աշակերտների հետ կիսվեց զինվորական կյանքի իր փորձով՝ ընդգծելով զինված ուժերում կարգապահության, պատասխանատվության և բարեկրթության կարևորությունը։ Նա մանրամասն ներկայացրեց ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումները, ծառայության ընթացքում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ապահովմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակաշրջանում առաջացող դժվարություններին դիմակայելու ուղիները։

Գևորգ սարկավագը, իր հերթին, խոսեց զինված ուժերում հոգևոր արժեքների պահպանման և տարածման դերի մասին։ Նա ընդգծեց հոգևոր ծառայության նշանակությունը զինծառայողների ինքնագիտակցության, ներքին խաղաղության և հայրենասիրության ամրապնդման գործում։ Սարկավագը նաև աշակերտներին պատմեց զինվորական կյանքում ունեցած իր հոգևոր փորձառությունների և եկեղեցու՝ զինված ուժերի կողքին լինելու կարևոր առաքելության մասին։

Դասը անցավ ոգեշնչող և ոգևորիչ մթնոլորտում։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին հյուրերին, տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան համակողմանի պատասխաններ։ Հանդիպումը ոչ միայն խորացրեց նրանց գիտելիքներն ազգային անվտանգության, զինվորական կյանքի և հոգևոր արժեքների վերաբերյալ, այլև սերմանեց պատասխանատվություն և սեր հայրենիքի նկատմամբ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 9-րդ «Բ» դասարանի ծնող Կարեն Միրումյանին և Գևորգ սարկավագին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.04.2025)
Դիտումներ: 203 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar