«Արյունատար համակարգը և արյան շրջանառությունը». դաս-ցուցադրություն՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարաններում

Ապրիլի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտների մասնակցությամբ «Կենսաբանություն» առարկայից անցկացվեց դաս-ցուցադրություն։ Դասը կազմակերպել էր ուսուցչուհի Մարինե Բաբայանը և նվիրված էր «Արյունատար համակարգը և արյան շրջանառությունը» թեմային։

Դասի ընթացքում աշակերտները մանրամասն ծանոթացան կենդանիների սրտի կառուցվածքին։ Կաթնասունի սրտի օրինակով ներկայացվեց սրտի կառուցվածքը, դրա հիմնական առանձնահատկությունները, սրտի աշխատանքը և արյան շրջանառության փուլերը։ Աշակերտներն ուսումնասիրեցին սրտի փականների դերը, ինչպես նաև թթվածնով և ածխաթթու գազով հագեցած արյան շրջանառության ուղիները։

Դաս-ցուցադրության ավարտին ամփոփվեց ներկայացված նյութը, և ընդգծվեց սրտի չորս խոռոչների համակարգված աշխատանքի կարևորությունը։

Դասը նպաստեց աշակերտների գիտելիքների խորացմանը կենդանաբանության ոլորտում։ Ուսումնասիրման գործընթացում աշակերտները ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին, և նրանց հետաքրքրությունը հատկապես մեծացավ այն գիտակցմամբ, որ մարդու սիրտը նույնպես կաթնասունի սրտի կառուցվածքին շատ նման է։

Այսպիսի դաս-ցուցադրությունները խթանում են սովորողների տեսողական և գործնական կարողությունների զարգացումը՝ գիտելիքը դարձնելով ավելի կիրառական և ամուր։

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.04.2025)
Դիտումներ: 188 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar