Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանի աշակերտներն այցելեցին Գորիսի պետական համալսարան

Ապրիլի 30-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանի աշակերտները «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում այցելեցին Գորիսի պետական համալսարան։ Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը և «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։

Համալսարանի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը ներկայացրեց բուհի գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական կրթական ծրագրերը, դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև համալսարանի կողմից առաջարկվող հնարավորությունները, որոնք նպաստում են ուսանողների մասնագիտական աճին ու աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալուն։

Այցի երկրորդ հատվածում բաժնի մասնագետ Անուշիկ Սահակյանը կազմակերպեց մասնագիտական կողմնորոշման հետաքրքիր խաղ-միջոցառում։ «Եթե ես լինեմ…» մտքի շարունակության միջոցով աշակերտները բացահայտեցին իրենց մասնագիտական ձգտումները՝ ներկայացնելով, թե ինչ մասնագիտությամբ են իրենց տեսնում ապագայում, ինչ նպատակներ ունեն և ինչու են ընտրում այդ ուղղությունը։

Այնուհետև մասնագետն իրականացրեց հարցաթերթիկի միջոցով ուսումնասիրման գործընթաց՝ գնահատելու աշակերտների ուժեղ կողմերն ու կարողությունները։ Արդյունքների համադրմամբ նա առաջարկեց այն մասնագիտությունները, որոնք առավել համապատասխանում էին աշակերտների անհատական հատկանիշներին, նախասիրություններին և կարողություններին։

Այցը դարձավ կարևոր քայլ աշակերտների մասնագիտական ինքնաճանաչման և գիտակցված ընտրություն կատարելու ճանապարհին։ Նրանք ոչ միայն ծանոթացան բուհական միջավայրին ու կրթական հնարավորություններին, այլև խորհեցին ապագա մասնագիտության ընտրության կարևորության շուրջ։

Նման ձևաչափով միջոցառումները խորացնում են դպրոց-համալսարան համագործակցությունը և նպաստում աշակերտների իրազեկված, նպատակային մասնագիտական կողմնորոշմանը։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.04.2025)
Դիտումներ: 155 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar