Սեպտեմբերի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց ուսանելի զրույց-հանդիպում ՀՀ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ և ձևավորել պատասխանատու վարքագիծ դպրոցականների շրջանում։ Դպրոց էին այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի ավագ պարեկ, ավագ լեյտենանտ Տիգրան Գասպարյանը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի տեսուչ Արա Միրզոյանը։ Զրույցի ընթացքում նրանք աշակերտներին ներկայացրին ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, այլև ուշադրություն դարձրին հետիոտների վարքագծի մշակույթին, անչափահասների կողմից հնարավոր խախտումների հետևանքներին ու դրանց համար նախատեսված պատասխանատվությանը։ Հանդիպումը անցավ հարցուպատասխանի ձևաչափով, ինչի շնորհիվ աշակերտները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Դպրոցի տնօրենությունը երախտագիտություն է հայտնում ՀՀ Ներքին գործերի նախարարությանը՝ համագործակցության և նմանատիպ նախաձեռնությունների իրականացման համար, որոնք նպաստում են երեխաների անվտանգության մակարդակի բարձրացմանը և քաղաքացիական գիտակցության ձևավորմանը։
| |
| |
Դիտումներ: 171 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |