Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների սննդակարգում՝ չոր և առողջարար սնունդ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ներառվել է ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» խոշորածավալ պետական ծրագրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կրթօջախի ամբողջական կապիտալ վերանորոգում, ինչը կարևոր ներդրում է ուսումնական միջավայրի բարելավման և կրթության որակի բարձրացման ուղղությամբ։

Վերանորոգման աշխատանքների մեկնարկը որոշակի փոփոխություններ է բերել դպրոցի առօրյայում․ վերանայվել են ոչ միայն դասապրոցեսի և աշխատանքների կազմակերպական ռեժիմները, այլ նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում 1-4-րդ դասարանների աշակերտներին մատուցվող սննդի տեսակներն ու տրամադրման ձևը։ Եթե նախորդ ուսումնական տարիներին երեխաները ստանում էին տաք սնունդ, ապա 2025-2026 ուսումնական տարում վերանորոգման պայմաններում նրանց տրամադրվում է չոր սնունդ՝ բանան, մածուն, յոգուրտ, թարմ վարունգ, բուլկի և այլ առողջարար մթերքներ։ Հատկանշական է, որ աշակերտներն իրենց օրվա չափաբաժնի մեջ հնարավորություն ունեն համտեսելու նաև դպրոցի ջերմատանն աճեցված էկոլոգիապես մաքուր վարունգը։

Արժե նշել, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը բարձր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում այն 2021 և 2022 թվականներին Սյունիքի մարզում ճանաչվել է լավագույնը։

Դպրոցի ջերմատունը ևս ստեղծվել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և այսօր ծառայում է ոչ միայն սննդի ապահովմանը, այլ նաև աշակերտների մեջ առողջ սննդի մշակույթի ձևավորմանը։

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.09.2025)
Դիտումներ: 201 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar