|
Եթե Գորիսի պատանիներին հարցնենք, թե ամենաշատն ինչին են սպասում, նրանք հաստատ կպատասխանեն՝ երկրորդ Թումո տուփի բացմանը։ «Ընկերներիս մեծ մասը սպասում է երկրորդ տուփին,- պատմում է 15-ամյա Մարիան, ով Գորիսի առաջին Թումո տուփի ուսանողներից է, - Ես հասցրեցի գրանցվել առաջին տուփին, թեև մտածում էի, որ չեմ հասցնի, քանի որ սպասողները շատ էին»։ Ամեն շաբաթ Մարիան Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով գնում է Կապանի կենտրոն՝ դասընթացների։ Չնայած որ ճանապարհը երկար է, նա շարունակում է ոգևորությամբ հաճախել Թումո. «Մինչև այստեղ գալը մտածում էի, թե Թումոյում միայն ծրագրավորում են սովորում։ Երբ իմացա, որ 14 ոլորտ կա, և որ շուտով նաև AI դասընթացներ ենք ունենալու, ոգևորությանս չափ ու սահման չկար»։ Գորիսի առաջին Թումո տուփն իրականություն է դարձել ContourGlobal ընկերության հետ համագործակցության շնորհիվ։ Իսկ երկրորդ տուփը իրականություն է դառնում Ամերիկահայ ուսանողների միության կողմից կազմակերպված (ALL-ASA) դրամահավաքի արշավով՝ Սյունիքը նորարարական կրթությամբ ապահովելու գաղափարի շուրջ համախմբելով Կալիֆոռնիայի տարբեր բուհերում սովորող հայ ուսանողներին և հավաքելով անհրաժեշտ ֆինանսավորման մի մասը։ Գործն իր ավարտին հասցրեց Rev and Rachel հիմնադրամը՝ առատաձեռնորեն տրամադրելով տուփի բացման համար անհրաժեշտ մնացյալ միջոցները։ Մարիա Լալայանը սովորում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանում։ Հավելենք, որ Գորիսի Թումո տուփը, տեղակայված է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարածքում՝ Սյունիքի 183 հասցեում։
Աղբյուրը: https://armenia.tumo.org | |
|
| |
| Դիտումներ: 105 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




