Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանի աշակերտներն այցելեցին Գորիսի N զորամաս

Դեկտեմբերի 3-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանի աշակերտները, տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և դասղեկ Լիանա Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելեցին Գորիսի N զորամաս։ Այցը կազմակերպվել էր աշակերտների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալ զինվորական կյանքի կազմակերպմանը և բարձրացնել պատանիների հայրենասիրական գիտակցությունը։

Այցի առաջին կանգառը 2020 թվականի 44-օրյա պատերազմի նահատակների պուրակն էր, որտեղ դպրոցականները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար անձնվիրաբար անմահացած հերոսների հիշատակին։

Այնուհետև աշակերտները շրջեցին զորամասի տարածքով և այցելեցին ավտոպարկ, ճաշարան, զինանոցներ, զինծառայողների հարմարավետությամբ նախատեսված հանգստի սենյակներ, սպորտային դահլիճ, ինչպես նաև զորամասի գրադարան։ Զորամասի ներկայացուցիչները ներկայացրին զինվորական ծառայության ամենօրյա առօրյան, տեխնիկական ներուժը, զինված ուժերում իրականացվող կազմակերպչական աշխատանքները և զինծառայողների համար ստեղծված պայմանները։

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ հետևեցին ներկայացմանը, զրուցեցին զինվորականների հետ և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Այցի ընթացքում աշակերտների կողմից զինվորներին փոխանցվեց նաև քաղցրավենիքի մեծ արկղ՝ որպես աջակցության և հարգանքի փոքրիկ, սակայն ի սրտե նշան։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությանը և Գորիսի N զորամասի հրամանատարությանը՝ ջերմ ընդունելության, համագործակցության և ուսուցանող կրթադաստիարակչական փորձի կազմակերպման համար։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.12.2025)
Դիտումներ: 62 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar