|
Օրերս «Այբ» կրթական հիմնադրամում կայացավ «Դպրոցական արժեքահեն և արդյունավետ միջավայրի ձևավորում» խորագրով հանդիպում դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցեց նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին կրթական կառավարման արդիական և կարևոր թեմաներ՝ մասնավորապես «Ինչպես ձևավորել արժեքահեն միջավայր դպրոցում» և «Ինչպես մոտիվացնել ուսուցիչներին» հարցերը։ Ներկայացումները վարեցին «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և «Այբ» ավագ դպրոցի ու ակադեմիական տնօրեն Մերի Հովսեփյանը՝ անդրադառնալով դպրոցական միջավայրում արժեքների, առաջնորդության և արդյունավետ թիմային աշխատանքի կարևորությանը։ Հանդիպման ընթացքում շեշտվեց, որ արժեքահեն կրթական միջավայրի ձևավորումը նպաստում է ոչ միայն սովորողների համակողմանի զարգացմանը, այլև ուսուցիչների մասնագիտական աճին ու դպրոցի ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։ «Այբ» կրթական հիմնադրամում կարևորում են կրթության ոլորտի ղեկավարների միասնական և համագործակցային համայնքի ձևավորումը՝ համոզված լինելով, որ փոխադարձ աջակցությունն ու փորձի փոխանակումը հնարավորություն են ստեղծում դպրոցների տնօրենների համար բաց և անմիջական միջավայրում քննարկելու մասնագիտական փորձը, առկա մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև սովորելու միմյանցից։ Նման հանդիպումները նպաստում են դպրոցների միջև համագործակցության խորացմանը և կրթության որակի շարունակական բարելավմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 111 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




