Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Արմանուշ Բակունցը մասնակցել է CERN-ի վերապատրաստման ծրագրին

Ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում, Շվեյցարիայի Համադաշնության Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) և Տեսական ֆիզիկայի և մոդելավորման ինստիտուտի (ԻՏՓՄ) միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այս տարի վերապատրաստման դասընթացներին մասնակցել է «Ֆիզիկա» առարկա դասավանդող 24 ուսուցիչ։ Մասնակիցների թվում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Արմանուշ Բակունցը։

1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների համար նախատեսված միջազգային վերապատրաստման ծրագիր, որի նպատակն է բարձրացնել ֆիզիկայի և հարակից բնագիտական առարկաների դասավանդման որակը՝ ժամանակակից գիտական ձեռքբերումների և նորարարական մեթոդների կիրառման միջոցով։ Ծրագրին մինչ օրս մասնակցել են հազարավոր ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։

Նշված նախաձեռնության շրջանակում գործում է նաև հայ ուսուցիչների համար նախատեսված հատուկ ծրագիր, որի շրջանակում 2024 թվականին առաջին անգամ հայաստանյան ուսուցիչների խումբը վերապատրաստում է անցել CERN-ում՝ ծանոթանալով ժամանակակից ֆիզիկայի առաջատար հետազոտություններին և կրթական փորձին։

ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնակցությունը փորձի փոխանակման ծրագրին ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է խթանել ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական զարգացումը, ինչպես նաև նպաստել Հայաստանում CERN-ի հետ համատեղ ֆիզիկային առնչվող կրթական և հանրային միջոցառումների կազմակերպմանը։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր են կատարում հանրակրթական համակարգում բնագիտական կրթության որակի բարձրացման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման գործում։

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.02.2026)
Դիտումներ: 247 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar