|
Փետրվարի 7-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր՝ «Ռուսերենը որպես օտար լեզու. տեսությունից դեպի պրակտիկա» թեմայով: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության ավելի քան 50 մանկավարժներ, որոնց թվում էր նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը: Ծրագիրը կազմակերպվել էր «Մեր ապագան» մշակութային-կրթական բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ, «Հայաստանում ռուսաց լեզվի անվճար դասընթացներ» նախագծի շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից մասնակիցներին ողջունեց դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևը: Նա ընդգծեց ռուսաց լեզվի մասնագետների առանձնահատուկ դերը Հայաստանի և Ռուսաստանի միջև հումանիտար կապերի ամրապնդման գործում: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Մեր ապագան» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: Նա ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և հատուկ ուշադրություն դարձրեց նոր կրթական նախաձեռնություններին. Ելույթի վերջում նա երախտագիտություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՊՄՀ ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Դալյանը: Նա նշեց համալսարանի և «Մեր ապագան» հիմնադրամի բազմամյա համագործակցության կայունությունն ու արդյունավետությունը: Ծրագրի կարևոր բաղկացուցիչն էր այն, որ հիմնադրամի և «Ռոսսոտրուդնիչեստվոյին» առընթեր հասարակական խորհրդի փոխգործակցության արդյունքում հրավիրվել էր Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Մարինա Իվկինան (մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ), ով բարձր գնահատեց մասնակիցների պատրաստվածության մակարդակը: Ժամանակակից աշխարհում մշակութային և հումանիտար կապերի պահպանման կարևորությանն անդրադարձավ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռուսերենը որպես օտար լեզու ամբիոնի ավագ դասախոս Նատալյա Նովակը: Ծրագրին մասնակցեցին ռուսերենը որպես օտար լեզու դասավանդման և հոգեբանամանկավարժական ուղեկցման ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ և փոխանակվեցին կրթական ոլորտի առաջավոր փորձով: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: Անցկացված ծրագիրը դարձավ կարևոր մասնագիտական հարթակ փորձի փոխանակման, արդի մարտահրավերների քննարկման և գործնական լուծումների որոնման համար: «Մեր ապագան» հիմնադրամը շարունակում է իրականացնել կրթական և մշակութային նախագծեր՝ ստեղծելով տարածք որակյալ ուսուցման, մանկավարժների մասնագիտական աճի և միջմշակութային երկխոսության զարգացման համար:
| |
|
| |
| Դիտումներ: 95 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


