Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարված հիմնական փոփոխությունները:

«Նախագիծն անցել է հանրային լայն քննարկում, տեղի են ունեցել նաև խորհրդարանական լսումներ, որի համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ գլխադասային հանձնաժողովին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ նաև բոլոր այն շահագրգիռ կառույցներին և գործընկերներին, որոնք ներկայացրել են համապատասխան առաջարկություններ և դիտարկումներ՝ նպաստելով նախագծի բարելավմանը»,- նշել է նախարարի տեղակալը՝ ներկայացնելով հանրակրթության բովանդակության ուղղությամբ կատարված հիմնական փոփոխությունները:

Սահմանվել է այլընտրանքային հանրակրթական ծրագիրը, հստակեցվել է ուսումնական պլանի անհատական բաղադրիչը

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագծում այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանման ներառումը, որը բացակայել է օրենքում: Ըստ նախարարի տեղակալի՝ հստակեցվել է նաև ուսումնական պլանի անհատական բաղադրիչի սահմանումը, որով շեշտվել է սովորողի ընտրության կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անհատական բաղադրիչով նախատեսված նախագծային հետազոտական աշխատանքներն ու խմբակները դպրոցը կարող է իրականացնել այլ կառույցների հետ համագործակցությամբ. «Սա նշանակում է, որ օրինակ՝ սպորտի և արվեստի դասերը կարող են անցկացվել մարզադպրոցների և գեղարվեստի դպրոցների հետ համագործակցությամբ՝ ապահովելով սովորելու միասնական միջավայր»:

Ներառական կրթություն. ներդրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հասկացությունը

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագծում ներդրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հասկացությունը, որը համընդհանուր ներառման ճանապարհին ևս մեկ քայլ է և ուղղված է հատուկ դպրոցները վերափոխելուն՝ դրանք դարձնելով իրապես մասնագիտացած ռեսուրս կենտրոններ: Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ օրինակ՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը կարող է դառնալ ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, որն անհրաժեշտ վերապատրաստումներ կիրականացնի դպրոցների ուսուցիչների համար և կցուցաբերի մեթոդական աջակցություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց թվում ներառվել է նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագծում հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժում ստացող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման համար առավել բարենպաստ պայմանների սահմանումը: Նա նշել է, որ տարբեր հետազոտություններով ապացուցված է, թե ինչ բարերար ազդեցություն է թողնում կրթությունը երեխաների բուժման գործընթացի վրա՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը: Նախարարի տեղակալի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության իրավունքի իրացումը կօգնի ավելի մեծ ծավալով իրականացնել այս խմբի վերասոցիալականացման և հանրային ինտեգրման գործընթացը:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման դրույթներ. կամավոր ատեստավորման արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության

Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ նախագծում հստակ ամրագրվել է, որ կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։ Նա հիշեցրել է, որ էապես հեշտացվել են տարակարգի կարգավորման դրույթները, ինչը հնարավորություն կտա հասնելու ուսուցիչների վարձատրության էական բարձրացման: «Ներկայում քննարկվում է ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը 200 հազար սահմանելու հնարավորության հարցը, որն էլ համակցելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ՝ կարող է հասնել մինչև 400 հազար դրամի: Ընդ որում՝ նախատեսվում է, որ այս համակարգով պետք է անցնի ուսուցիչների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Նա կարևորել է նաև ԲՏՃՄ առարկաների գծով նոր մասնագետների ներգրավման հնարավորությունների մեծացումը: Սահմանվել է, որ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում հաջորդ մրցույթին կարող է դիմել ԲՏՃՄ առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո 1 տարվա ընթացքում առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։ Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում մշակում է ուսուցիչների հավելյալ խրախուսման նոր ծրագրեր՝ հատկապես գյուղական համայնքների փոքր դպրոցների և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասով:

Ըստ նախարարի տեղակալի՝ հստակեցվել է նաև վարչական աշխատողների դասավանդման իրավունքը: Սահմանվել է, որ վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, եթե համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում, կամ տվյալ առարկայի ուսուցիչներն ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Սահմանվել է նաև, որ վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ դպրոցում:

Հստակեցվել է համակարգողի և տնօրենի լիազորությունների շրջանակը

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամենախոշոր փոփոխությունները տեղի են ունեցել կառավարման բաղադրիչում: Մասնավորապես, հստակեցվել է պետական ուսումնական հաստատության համակարգողի և տնօրենի լիազորությունների և գործառույթների շրջանակը՝ հաշվի առնելով արդեն իսկ թվայնացված գործընթացները: Նրա խոսքով՝ հստակեցվել է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ հասնելով իրոք մասնագիտացված ծառայությունների ստեղծման:

Համակարգողի համար սահմանվել է պարտավորություն խորհրդին ներկայացնելու ամենամյա հաշվետվություն սահմանված գործառույթների կատարման մասին:

Պետական ուսումնական հաստատության խորհրդի՝ տնօրենին անվստահություն հայտնելու մասով հստակեցվել է, որ պետք է հիմք ընդունվեն լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշներն ու պահանջները: Հստակեցվել են նաև որակավորման պահանջները տնօրենի և համակարգողի համար: Տնօրենի համար մանկավարժի որակավորումը փոխարինվել է կրթության ոլորտի բարձրագույն կրթությամբ՝ անցումային դրույթներում դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելով 2026 թվականը: Համակարգողի որակավորման պահանջները համապատասխանեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի որակավորման պահանջներին:

Տնօրենի պաշտոնավարման և ատեստավորման պարբերականության ժամկետը առաջին ընթերցմամբ առաջարկված 3-ի փոխարեն դարձել է 5 տարի:

Սահմանվել է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի անցկացման նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ձևավորվում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է տնօրենի նշանակման համար: Լիազորող նորմերի մեջ սահմանվել է հանձնաժողովի ձևավորման կարգը:

Նախագծով կարգավորվել է շահերի բախման խնդիրը. սահմանվել է, որ նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ արձագանքելով դպրոցների կուսակցականացման և քաղաքական գործընթացների մեջ ներքաշման մտահոգություններին, նախագծում հստակեցվել է, որ պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ:

Բացի դրանից՝ հաշվի առնելով բազմաթիվ դեպքեր, երբ առկա է քրեական հետապնդում անձի նկատմամբ, որը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով, օրինակ՝ վնասի փոխհատուցման հետևանքով, սահմանվել է, որ պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:

«Ցավոք, կան նախադեպեր, երբ ֆինանսական մեծ յուրացումներ իրականացրած անձինք վճարում էին այդ գումարը և նորից մրցույթի մասնակցում: Հաճախ քննարկումների ընթացքում նշվել է՝ արդյոք պետք չէ՞ր փորձարկել նախատեսվող փոփոխությունները: Այդ առումով պարզաբանեմ, թե ինչ նախընթաց աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հաստատվել են հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչները և ծրագրերը, որոնք ներկայում փորձարկվում են Տավուշի մարզում: Հաստատվել է նաև կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը և իրականացվել շուրջ 1000 ուսուցչի մասնակցությամբ, մշակվել է ուսուցչի մասնագիտական շարունակական զարգացման հայեցակարգը: Ներառական կրթության մասով մշակվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համապատասխան բաղադրիչը, մշտադիտարկման և գնահատման համակարգերը, ֆինանսավորման կարգը, որում նախատեսված է նպատակային ֆինանսավորման բաղադրիչ: Կառավարման մասով հաստատվել է զարգացման ծրագրի ձևաչափը, իրականացվել է խորհուրդների խոշորացման գործընթաց և այլն:

«Ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխությունները մեծածավալ են և կպահանջեն անընդհատ ճշգրտումներ ու բարելավումներ, սակայն մենք ունենք բավական հետևողականություն և կամք այդ գործընթացն առաջ տանելու և սահմանված նպատակներն իրականացնելու համար»,- ելույթն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի զեկույցից հետո ներկաները նրան ուղղել են մի շարք հարցեր, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ: ԱԺ պատգամավորների ելույթներից հետո հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովի ներկայացրած բոլոր առաջարկները գործադիրն ընդունել է:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:



Աղբյուրը: https://escs.am/
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.02.2022)
Դիտումներ: 447 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar