Դպրոցի ձևավորման և հարդարման մեթոդական ուղեցույցը

Հրապարակվել է դպրոցի ձևավորման և հարդարման մեթոդական ուղեցույցը, որում սահմանվում է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել դպրոցի ձևավորման ընթացքում։ Ուղեցույցում անդրադարձ է կատարվում դպրոցական պատերի ձևավորման և կրթական գործընթացի կապի վերաբերյալ հետազոտություններին, ժամանակակից դպրոցի հարդարման և ձևավորման պահանջներին, դպրոցի մուտքի ներքին հարդարմանն ու ձևավորմանը, դպրոցական միջանցքների և դասարանների պատերի ձևավորմանը։

Դպրոցի դերը մեծ է և կարևոր յուրաքանչյուր երեխայի կյանքում, քանի որ դպրոց հաճախելու տարիներին է զարգանում և ձևավորվում են երեխայի աշխարհընկալումը, ընդհանուր մտավոր և հոգեսոցիալական ոլորտները: Այս առումով շատ կարևոր է ուշադրություն դարձնել ընդհանուր շրջակա  միջավայրին, որն իր ուղիղ ազդեցությունն է ունենում երեխաների զարգացման և ձևավորման վրա: Հարկ է հաշվի առնել, որ դպրոցի միջավայրը նպաստում է երեխայի ինքնության և շրջակա միջավայրի մասին նրա պատկերացումների ձևավորմանը և ամրապնդմանը (UNICEF, 2006): 

«Երեխային հարմար դպրոց» ձեռնարկը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից 2005-2006թթ., անդրադառնում է դպրոցական միջավայրի հիմնական չափանիշներին և առաջարկում համապատասխանեցնել դպրոցները՝ ստեղծելով  յուրաքանչյուր երեխայի ներուժը լիարժեք բացահայտելու համար անհրաժեշտ միջավայր:

Մի շարք հետազոտություններ փաստում են, որ դպրոցում երեխաների կրթական արդյունքների և ուսուցիչների աշխատանքի որակի վրա իրենց ազդեցությունն են ունենում միջավայրային գործոնները և պայմանները, իսկ դպրոցական հարմարությունների որակի մակարդակը իր հերթին ազդում է ողջ ուսումնական միջավայրի որակի վրա: Այսպիսով՝ դասարանի և կրթական համակարգի նպատակը ոչ միայն ակադեմիական առարկաների վերաբերյալ գիտելիքների փոխանցումն է, այլև աշակերտներին հաճելի և բաց միջավայրում ուսուցանելը (Medium, 2024): 

Վերջիվերջո, դպրոցական միջավայրում ամենակարևորն է օգնել երեխաներին դպրոցը և դասարանը տեսնել որպես իրենց պատկանող տարածք, մի վայր, որտեղ հանդիպում են ակադեմիական գիտելիքները, ազատությունը, ստեղծագործական աշխատանքը, զգայություններն ու գործողությունները:

Դպրոցի ձևավորման և հարդարման մեթոդական ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.07.2024)
Դիտումներ: 420 | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar