«Ընտանիքս իմ պարգևն է, ընկերներս ուրախ ու տխուր պահերիս անկեղծ ուղեկիցներն են»․ Կարինե Պողոսյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի երկրորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանի դասվար Կարինե Պողոսյանի հետ է։

- Ո՞ր արժեքներն եք համարում Ձեր կյանքում ամենակարևորը, և ինչպե՞ս են դրանք ազդում են Ձեր առօրյայի վրա: 

- Ինձ համար գերագույն արժեք է պատասխանատվությունը: Կարծում եմ՝ պատասխանատվությունը պատվի և արժանապատվության գիտակցումն է: Այն նաև աշխարհընկալում է և կենսաձև, իհարկե նաև կյանքում հաջողության հասնալու առհավատչյա:

- Ի՞նչ հետաքրքրություններ ունեք և առօրյայում ինչո՞վ եք զբաղվում, երբ ազատ ժամանակ եք ունենում: 

- Հետաքրքրությունը, կարծում եմ, ձգտում է, ստեղծելու, արարելու ներքին մղում, կյանքի ջիղ, նաև սիրելի մարդկանց  համար մշտապես հոգ տանելու, նրանց գոհացնելու նվիրում:

Ազատ ժամերին ստեղծագործում եմ խոհանոցում:

- Ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների հետ, և ինչպե՞ս եք նոր հարաբերություններ հաստատում մարդկանց հետ:

- Ընտանիքս իմ պարգևն է, ընկերներս ուրախ ու տխուր պահերիս անկեղծ ուղեկիցներն են, գործընկերներս աշխատանքս կառուցողական, նորարական և հաճելի դարձնողներն են: Սերն ու փոխադարձ հարգանքը իմ և միջավայրիս շարժիչ ուժն է:

- Ի՞նչն է, որ օգնում է Ձեզ հաղթահարել դժվարություններն ու հաջողության հասնել կյանքում:

- Եթե մարդը ուժեղ է ոգով, ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել:

Կյանքի կշռաքարը ծանր է, բայց երբեք չպետք է պարտվել, այլ ամեն օր, ամեն ժամ թեկուզ փոքր քայլերով, թեկուզ վիրավոր ու հուսաբեկ, պետք է պայքարել:

- Ի՞նչ գրքեր եք կարդում, արվեստի ո՞ր ոլորտն է Ձեզ մոտիվացնում ու ոգևորում:

- Մանկավարժությունն էլ յուրօրինակ արվեստ է, և ես զգուշությամբ ու երկյուղածորեն ստեղծագործում եմ շուրջ 46 տարի:

Կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներով պայմանավորված՝ վերջերս կարդում եմ մասնագիտական գրականություն:

Ինձ ոգևորում և աշխատելու եռանդ է տալիս իմ աշակերտը:

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել։ 

«Հայ երաժշտությունն իր մեջ կուսուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին»: Կոմիտաս

Սիրում եմ լսել  հայ ժողովրդական երգեր:

- Համակարծի՞ք եք արդյոք, որ ուսուցիչը պետք է լինի նաև իր սովորողների համար օրինակ։ 

Աշակերտները սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ: Աշխարհընկալման և կենսակերպի շիվերը տնկում է հենց ուսուցիչը: Սակայն անպտուղ է խոսքն առանց գործի: Բազում դասերն անարդյունք են առանց լավ օրինակի:

Իր հանդեպ անփույթ ուսուցիչը չի կարող արժանի սերունդ դաստիարակել: 

- Ինչպե՞ս են Ձեր ընտանիքը, ընկերները, գործընկերներն ազդում Ձեր մասնագիտական զարգացման վրա: 

Իմ ընտանիքում միայն ես չեմ մանկավարժ: Մանկավարժական հարուստ փորձս, եթե նորարական պահանջներից հանկարծ փոքր-ինչ «խեղճանում է», երիտասարդ մանկավարժ հարսս և գործընկերներս աջակցում են: Նրանց հետ շփումը նոր ուժ և էներգիա է հաղորդում: Ես էլ նրանց պես համարձակ ու վստահ քայլում եմ ժամանակին համընթաց՝ ընդունելով կրթության զարգացման բոլոր մարտահրավերները:

- Համակարծի՞ք եք արդյոք, որ կենդանիների խնամքը և նրանց հետ շփումը կարող է նպաստել երեխայի էմոցիոնալ և սոցիալական զարգացմանը, և ինչպե՞ս կարող ենք այս թեման ներգրավել ուսուցման մեջ:

- Կենդանիների խնամքը և նրանց հետ շփումը բոլորովին նոր աշխարհ է բացում երեխայի համար: Նա դառնում է ինքնուրույն, մեծանում է ավելի առողջ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Երեխան սովորում է պատասխանատվություն կրել, մտահոգվել ուրիշի համար, հաղթահարել ամաչկոտությունը:

Կենդանիների մասին թեմաներ կան դպրոցական դասագրքերում: Բազմաթիվ մուլտֆիլմեր և հրաշալի ֆիլմեր կան մարդու և կենդանու բարեկամության մասին:

Կարելի է միասին ֆիլմը նայել, քննարկել: Երեխաներն այդժամ իրենք կցանականան ինչ-որ կենդանի խնամել և չեն հալածի անպաշտպան կենդանիներին:

- Ինչպե՞ս է Գորիսը, մշակույթն ու միջավայրն ազդում Ձեր ուսուցման մոտեցումների և կրթական արժեքների վրա:

Իմ՝ տարիների վաստակն ու ձեռքբերումը հայենիքինս է: Իմ հայրենիքն էլ որքան խորունկ, նույնքան բարձրաբերձ Գորիսից է շնչավորվում: Խորունկ՝ իր արժանապատվությամբ, պատվախնդրությամբ, հայրենասիրությամբ, բարձր՝ իր մտքի թռիչքով, իր հոգևոր արժեքներով: Պարտքս է կրթել, դաստիարակել հենց այս արժեքները կրող աշակերտներ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.01.2025)
Դիտումներ: 562 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar