- Ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը: - Առավոտս Աստծու կողմից տրված մեծագույն պարգևն է, որի համար ամեն օր՝ արթնանալուս պես, շնորհակալ եմ լինում Բարձրյալին։ Օրս բացվում է դպրոցի ճանապարհին հանդիպող աշակերտներիս քաղցրաժպիտ հայացքներով, «բարև»-ների շռայլ բույլով ու օրը բարիով սկսելու՝ իմ կողմից հնչող ամենօրյա մաղթանք-ավետիսներով։ - Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր ընտանիքը Ձեր մասնագիտական ու անձնական զարգացման վրա: - Սկսեմ այն ընտանիքից, որտեղ ծնվել, դաստիարակվել եմ։ Ընտանիքս եղել է այն զորավոր հիմնասյունը, որն իր հաստատուն դրոշմն է դրել ոչ միայն անձիս հոգեկերտման, այլև մասնագիտական կողմնորոշմանս վրա։ Անչափ գրքասեր հայրս, որի հետ մրցում էինք գրքեր կարդալով ու մեկնություններ անելով, մայրս, որ ջանքեր չէր խնայում գրախանութի գրքերը «տակից» ձեռք բերելու և անդուլ տքնանքով մեր տան գրադարանը հարստացնելու, արդեն իսկ կանխորոշեցին ճակատագիրս։ Հետագայում կազմածս ընտանիքի անդամները ևս փորձում էին հնարավորինս աջակցել մասնագիտական առաջխաղացման հարցում, այսօր էլ շարունակում են խանդավառվել, հպարտանալ ձեռքբերումներովս։ - Որո՞նք են Ձեզ համար կարևոր արժեքները և ի՞նչ արժեքներ եք ցանկանում փոխանցել Ձեր երեխաներին և աշակերտներին: - Ամենակարևոր արժեքն ինձ համար մարդն է՝ ամենակատարյալը, անփոխարինելին, ուստի գնահատում եմ յուրաքանչյուր մարդու, փորձում նրա մեջ տեսնել լույսը ու բացարձակել այն, ծավալել անպարփակ… Աշակերտներիս էլ փորձում եմ փոխանցել ներսումս եղած լույսն ու ջերմությունը, սերմանել բարու և գեղեցկի, լավի ու վսեմի հունդեր, ուղղորդել՝ ապրելու թումանյանական պարզ ու շիտակ հավատամքով՝ «Արևի նման նայեցե՛ք աշխարհքին»։ - Ինչպիսի՞ դեր է խաղում խոհանոցը Ձեր առօրյայում: Ի՞նչ սիրելի ճաշատեսակներ ունեք, որոնք մեծ սիրով պատրաստում եք: - Դպրոցից հետո հաջորդ վայրը, ուր ինձ լավ եմ զգում, խոհանոցն է։ Այդքան մշտազբաղ լինելս երբեք չի խանգարում իմ խոհանոցային «գործունեությանը», որքան էլ ինձ կողքից չպատկերացնեն գոգնոցով ու ալրաթաթախ (կփաստեն մտերիմներս)։ Ճաշատեսակների նախընտրության հարցում ժուժկալ եմ. փորձում եմ բավարարվել թեթև կերակուրներով, բանջարեղենային աղցաններով, հաճույքով, ճաշակում եմ պատրաստածս խմորեղենից՝ փորձելով չչարաշահել այն բոլորիս հայտնի պատճառներով։ - Ընկերական հարաբերություններում ինչպիսի՞ սկզբունքներ եք կարևորում, և ի՞նչ կերպ եք խթանում դրական ընկերությունը: - Անդավաճան ընկերությունը. ես կարողանում եմ նվիրվել, նվիրվել անմնացորդ, անհատույց, երբ կա փոխադարձ վստահություն, հավատարմություն, հարգանք, սեր... Աստված ընկերների հարցում իմ հանդեպ շռայլ է գտնվել. ունեմ հիանալի ընկերներ՝ պարզ ու շիտակ, անշահախնդիր, հարեհաս։ Ընկերության մեջ մի բան հստակ է. պիտի կարողանալ Ես-ը խառնել մեծ Մենք-ի հետ… - Երաժշտական ո՞ր ժանրերն են Ձեր սիրելիները, և դրանք ի՞նչ ազդեցություն են ունենում Ձեր տրամադրության վրա: - Սիրում եմ տարաժանր երաժշտություն՝ կախված տրամադրությունից։ Լսում եմ ջազային, սաքսաֆոնային երաժշտություն. անմեկին են դուդուկի երաժշտությունից ծնված հույզերս և զգացմունքներս։ Ժամերով կարող եմ լսել Շառլ Ազնավուր։ Կարոտով եմ վերապրում նաև պատանության ու երիտասարդության տարիներս ոսկեզօծած ռուսական էստրադային երաժշտության հաճույքը։ - Ի՞նչ ֆիլմեր եք սիրում դիտել, և ի՞նչ ֆիլմեր կպատմեիք Ձեր աշակերտներին կամ խորհուրդ կտայիք դիտել: - Կարելի է կարծել՝ կարդում եք նախասիրություններս՝ ֆիլմ դիտել, երաժշտություն լսել… Կան մարդիկ, որոնք դիտում են ֆիլմը՝ զուգահեռ ինչ-որ գործ անելով, թռուցիկ պատկերներ որսալով և այլն։ Ֆիլմ նայում եմ, երբ թոթափված եմ առօրյա գործերից՝ ուշ երեկոյան։ Նայում եմ՝ շունչս պահած, առանց հնչյուն իսկ բաց թողնելու, համակ ուշադրությամբ… Ապրում եմ հերոսների ճակատագրով, նրանց հետ հավասար հրճվում, տառապում… Սիրում եմ պատմական, դետեկտիվ ֆիլմեր։ Դպրոցում Հոմերոս անցնելիս պատմում եմ Տրոյայի և Ոդիսևսի մասին պատմող ֆիլմերը, հորդորում աշակերտներիս դիտել ու քննարկել։ Գրեթե անգիր գիտեմ հայկական հին ֆիլմերը. պաշտում եմ Մհեր Մկրտչյանին. աշակերտներիս մեջ փորձում եմ սերիալային նախասիրությունները փոխարինել հայ կինոյի բարձրարժեք գոհարներով։ Առանց արցունքների չեմ կարողանում դիտել Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը. մի քանի անգամ գրքից առանձին հատվածներ եմ կարդացել աշակերտներիս համար, հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել, հուզվել ու հուզել։ - Կա՞ն գրքեր կամ հեղինակներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Ձեր կյանքում և որոնք հաճախ խորհուրդ եք տալիս աշակերտներին կամ ընկերներին: - Սպասում էի, որ կտաք այդ հարցը։ Անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել. ախր ու՞մ անունը տամ, ու՞մը չտամ… Նարեկացին ազգիս հպարտությունն է, Թումանյանը՝ ազգիս կենսագիրը, Սահյանը՝ հոգուս թարգմանը, Սևակը՝ սրտիս տրոփը…Պաշտում եմ հայ դասականներին, սաներիս կրթում-դաստիարակում նրանց վեհ խոհափիլիսոփայությամբ։ Չգիտեմ՝ լսե՞լ եք Լեոնիդ Ենգիբարյանի խոսքերը. «Ես գրպանահատ եմ….Ես հարուստ եմ ու երջանիկ…Ես գրեթե երջանիկ եմ…Միայն, ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում»։ Առաքելությունս իրագործած կհամարեմ, երբ սաներս տիրապետեն մարդկանց սրտերը գողանալու «արվեստին»։ Աշակերտներս իրազեկ են նաև համաշխարհային գրականությանը. սիրածս լավագույն գրվածքներից հաճախ եմ մեջբերումներ անում՝ սիրել տալու համար գրականությունը, կյանքը, գեղարվեստը… Դրայզեր, Կուպեր, Բալզակ Գարսիա Մարկես և այլք կարդում եմ հիացմունքով, վերջին ժամանակներս անընդհատ հետաձգում եմ Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» պատմական վեպի վերընթերցումը, որով այնքա՜ն տպավորված էի… Սեղանիս գիրքը «Նարեկ»-ն է, որ ստացածս լավագույն նվերն է լավագույն աշակերտներիցս մեկի կողմից. այն իմ հուսատուն է, ամոքիչը… - Ինչպիսի՞ն է Ձեզ համար իրական բարեկամությունը, ինչպիսի՞ն պետք է լինի լավ բարեկամը: - Իմ կարծիքով, բոլորովին էլ պարտադիր չէ, որ բարեկամը լինի արյունակիցդ։ Բարեկամը բարին կամեցողդ է, և դա մարդու տեսակն է, բնույթը՝ լինի ընկեր թե հարևան։ Լավ բարեկամը կիսում է տխրությունդ, ուրախանում հաջողությամբդ… Ցավոք, այսօր եսասիրությունն ու չկամությունը տարածված են մարդկանց մեջ, բայց ես հավատում եմ, որ բարությունը կփրկի աշխարհը։ - Ի՞նչ դեր ունի կրթությունն ընտանիքի բարեկեցության ու զարգացման մեջ: - Հաճախ եմ մտորում՝ «Գիտակցությու՞նն է որոշում կեցությունը, թե՞ կեցությունն է որոշում գիտակցությունը»։ Կարծում եմ՝ կհամաձայնեք՝ աներկբայորեն մեկը բխում է մյուսից։ Կրթական համակարգի նպատակը հասարակական գիտակցության ձևավորումն է՝ մարդկանց կեցությունը կառավարելու նպատակով։ Ակնհայտ է, որ ձեռք բերված գիտակցության մակարդակով որոշվում է մարդկանց կեցության նոր մակարդակը, որն էլ կյանքի առաջխաղացման բանաձևն է։ Այնպես, որ վստահեցնում եմ՝ կրթությունից ու դաստիարակությունից կախված է հասարակության զարգացումը կամ հակառակը՝ անկումը։ Իսկ քանի որ հասարակության հիմքը ընտանիքն է, ուստի ընտանիքի գիտակցական վիճակն էլ պայմանավորում է վերջինիս բարեկեցությունը։ | |
| |
Դիտումներ: 617 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |