«Ես ունեցել և ունեմ հրաշալի օրինակ՝ մայրս, ով սովորեցրել է, թե ինչպես կարելի է միաժամանակ լինել մոր և կնոջ դերում»․ Հեղինե Արզումանյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի չորրորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանի հետ է։

- Ինչպե՞ս է անցնում Ձեր սովորական աշխատանքային օրը: 

- Սովորաբար աշխատանքային օրս սկսվում է վաղ առավոտյան, մեկ բաժակ սուրճ վայելելով, ապա երեխաներին մանկապարտեզ ճանապարհելուց հետո գնում եմ դպրոց՝ աշխատանքի։ Սովորական աշխատանքային օրը միշտ անսովոր է դառնում երեխաների շրջապատում։ Օրս ավարտվում է իմ հիմնադրած ընթերցարան-գրական ակումբում, որն իմ ոգեշնչման աղբյուրն է դարձել։ 

- Ձեզ համար ընտանիքում ի՞նչն է կարևոր և ինչպե՞ս եք աշխատանքը համատեղում ընտանեկան կյանքի հետ: 

- Ընտանիքն ինձ համար արժեք է և կյանքի մեծ ձեռքբերում։ Աշխատանքի բերումով ծանրաբեռնվածությունս մեծ է, բայց ընտանիքում տիրող աջակցող, վստահության և փոխհասկացման մթնոլորտը թույլ է տալիս առաջընթացի քայլեր իրականացնել մասնագիտական ոլորտում։ Ընտանիքն ամրոց է, որի պաշտպանության համար ամենօրյա աշխատանք է պետք, առանց որի բոլոր խոսքերն անզոր և անհուսալի կարող են դառնալ։

- Ինչպիսի՞նն են Ձեր կրթական մոտեցումները և ո՞րն է այն հիմնական սկզբունքը, որն աշխատանքում առաջնորդում է Ձեզ: 

- Աշխատանքի և, առհասարակ, շփման մեջ ունեմ հստակ դիրքորոշում․ առաջին հերթին պետք է սովորեցնել, փոխանցել մարդկային արժեքներ, միայն հետո՝ մասնագիտական կոնկրետ ուղղությամբ աշխատել։ 

- Աշակերտների հետ ի՞նչ հիշարժան նախաձեռնություններ եք իրականացրել: 

- Նախաձեռնություններ և հետաքրքիր պատմություններ շատ կան, սակայն կցանկանայի առանձնացնել դրանցից երկուսը․ 

Լսողության խանգարում ունեցող երեխաներից մեկի հետ երկար աշխատելուց հետո ծնողի հետ համատեղ որոշեցինք դուրս գալ աշխատանքային սենյակից և ձեռք բերած հմտություններն օգտագործել խանութում և առևտուր կատարել։ Միայն պատկերացրեք՝ ի՜նչ ուրախություն և ոգևորություն էր բոլորիս մոտ։ Այդպես մի քանի անգամ․․․ Որոշեցինք ինքնուրույնություն տալ երեխային. այժմ օգտվում է տրանսպորտից, ինքնուրույն գնումներ է կատարում։

Ծնողի հետ համատեղ մեկ այլ նախաձեռնության մասին նույնպես պատմեմ։ Այն փոքր-ինչ ռիսկային էր, դպրոցում «PECS» (նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգ) մեթոդիկայի կիրառումն էր մեթոդիկայի ուսումնասիրությունից և կիրառելու առանձնահատկությունները սովորելուց հետո։ Սկիզբը դժվար էր, սակայն ոչինչ չենք խնայել դրական փոփոխության հասնելու համար, և արդյունքը․ երեխան հաղորդակցման գրքով կարողացել է նախաձեռնողականություն դրսևորել, արտահայտել ցանկությունը և բոլորովին անծանոթ մարդուց ստանալ իր ցանկալի ուտելիքը։

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, այսօրվա ուսուցչի ամենամեծ մարտահրավերները: 

- Մանկավարժի մասնագիտությունը տեսնել է, լսել է, խոսել է ու զգալ է։ Եվ հենց այստեղ էլ ամենամեծ մարտահրավերն է՝ ուղղված ուսուցչին՝ լինել ազնիվ և արդար իր դերում՝ վայելելով այն, ինչ սիրում է և կատարել այն, ինչին ձգտում է և կարող է։ Եթե կարողանում է պահպանել հավասարակշռությունն այս երկուսի միջև, ապա կարող եմ նշել հետևյալը․ «Ուրախացրու քո գործողություններով ինքդ քեզ և օգուտ բեր շրջապատիդ»։ 

- Ինչպե՞ս եք վարվում այն երեխաների հետ, որոնք դժվարություններ են ունենում կամ այլևս չեն ցանկանում սովորել: 

- Իմ գործունեության գերակշիռ մասն անց եմ կացնում երեխաների, մեծահասակների հետ, որոնք հաճախ ունենում են սոցիալական շփման դժվարություններ, կրթության հանդեպ հետաքրքրության և մոտիվացիայի պակաս կամ այլ խնդիրներ։ Մինչև մասնագիտական աջակցություն տրամադրելը, առաջնահերթ հավատում եմ նրանց ուժերին և հնարավորություններին։ Միշտ էլ ինչ-որ անսովոր և լավ բան տեղի է ունենում անկախ նրանից՝ այն նկատելի՞ է, թե՝ ոչ։ Պարզապես չպետք է մերժվեն աշակերտների կողմից դրսևորվող զգացմունքները և հուզական արձագանքները, հակառակ դեպքում նրանք հեշտությամբ են կորցնում ուսման հանդեպ հետաքրքությունը։ Նրանց համար հեշտ է փոխել վարքը, սովորելու ցանկության բացակայությունը նույնպես կարող է փոխվել, եթե հասկացված են։ 

- Ինչպե՞ս եք ընդունում նոր տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում։

- Կարևոր եմ համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ ներկայիս փոփոխվող ժամանակներում անհնար է առանց դրանց դիմակայել դժվարություններին, ավելի հեշտությամբ է ընկալվում մատուցվող ինֆորմացիան, երբեմն նաև անձնային աճի մեծ հնարավորություններ է տալիս։ 

- Ի՞նչ արժեքներ եք փորձում փոխանցել աշակերտներին և որքա՞ն կարևոր եք համարում դպրոցական կրթության դերը երիտասարդ սերնդի ձևավորման գործում: 

- Համարում եմ, որ կրթության կարևոր արժեքներից մեկը և ճիշտ արդյունքը ոչ միայն գիտելիքի, այլև՝ բարության և մարդկային արժեքների մատուցումն է։ Սեփական գերազանցության զգացողությունը, հատկապես՝ ինտելեկտուալ, չափազանց վտանգավոր է։ Այն ծնում է միմյանցից տարանջատում, քանի որ, մեծամասամբ, սկսում ենք մտածել, որ այլ մարդիկ չունեն այս կամ այն գիտելիքը, որն ունենք մենք։ Ըստ երևույթին, այլևս չենք էլ նկատում, թե ինչպես է փոխվում շփման, հարաբերությունների շեշտադրումը։

Կրթությունն իսկապես անգնահատելի է, և գտնում եմ, որ պետք է պարզապես արժևորել այն։ 

- Ինչպիսի՞ն է Հեղինե Արզումանյանը տանը, ինչպիսի՞ մայր է, կին և ինչպե՞ս է համատեղում աշխատանքն ու խոհանոցը: 

- Ես ունեցել և ունեմ հրաշալի օրինակ՝ մայրս, ով սովորեցրել է, թե ինչպես կարելի է միաժամանակ լինել մոր և կնոջ դերում։ 

Սովորաբար լինում եմ շատ պարզ, անկեղծ և դիպուկ տանը։ Երեխաներս դեռ փոքր են․ խնամքի, դաստիարակության և զարգացման հարցում ձգտում եմ լինել հետևողական, հաճախ ինձ հետ տարբեր միջոցառումների եմ տանում, նրանց համար գրքեր ընթերցում, ստեղծագործում, անգամ՝ միասին չարաճճիություններ եք անում, խաղում եմ նրանց հետ։ Այսքանն ինձ տրվում է միմիայն ամուսնուս աջակցության շնորհիվ։ Եթե անկեղծ լինեմ, խոհանոցում չեմ փայլում, սակայն ձգտում եմ ապահովել ընտանիքիս անդամներին հաճելի անուշ բույրը։  

- Ի՞նչ հետաքրքրություններ ունեք, ինչպե՞ս և որտե՞ղ եք անցկացում Ձեր ազատ ժամանակն ու աշխատանքից հետո վերականգնվում:

- Հետաքրքրություններս բազմազան են, օրինակ՝ նվագել ոչ միայն հայտնի որևէ ստեղծագործություն, այլև՝ հորինել ինչ-որ նոր բան, ընթերցել և ոգեշնչվել դասական երաժշտությամբ և սիմվոլների համադրումից, ուսումնասիրել բնությունը, զգալ նրա շունչը։

Աշխատանքային ռեժիմս բավականին հագեցած է։ Տարիներ առաջ ավելի շատ ժամանակ էի հատկացնում ինքս ինձ և, որպեսզի ժամանակ ունենամ լիցքաթափվելու և սիրելի գործով զբաղվելու, նաև՝ հասարակությանն օգտակար լինելու, ստեղծել եմ «Հատոր» ընթերցարան-գրական ակումբը, որտեղ այցելում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ իմ երեխաները: Նրանց հետ անց եմ կացնում հաճելի ժամանակ, միասին լիցքաթափվում ենք ընթերցելով, ինտելեկտուալ և երաժշտական խաղեր խաղալով։ Այս ամենն օգնում է վերականգնել ուժերս և այդ ընթացքում, նոր մտահղացումներ են առաջանում:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.01.2025)
Դիտումներ: 410 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar