- Ո՞վ է Անուշ Աղաբեկյանը որպես կին, մայր, տատ և ինչպիսի՞ բարեկամ է նա։ - Իմ դերը բոլորի համար բազմաշերտ է՝ կին, մայր, տատ և բարեկամ, բայց բոլոր դրսևորումներում ինձ բնորոշ է պատրաստակամությունը, ջերմությունը և հոգատարությունը։ Ես՝ որպես կին, նվիրված եմ, պահպանում եմ ընտանեկան արժեքները։ Որպես մայր՝ հոգատար եմ, սիրալիր երեխաներիս նկատմամբ։ Միշտ կարևորել եմ նրանց կրթելն ու ճիշտ դաստիարակելը և տվել եմ ու տալիս եմ անսպառ սեր։ Որպես տատ, ես սիրում եմ իմ թոռնիկներին, իմ կյանքի փորձով ու գիտելիքներով ես ուղղորդում եմ նրանց, եթե պետք է, տալիս եմ նաև խրատներ։ Իսկ որպես բարեկամ՝ պահպանում եմ բարեկամական ջերմ հարաբերությունները, փորձում եմ ստեղծել ուրախ մթնոլորտ և աշխատում եմ ավելի հաճախ կազմակերպել հավաքույթներ՝ դրանք դարձնելով տոն։ - Ինչպիսի՞ն է Անուշ Աղաբեկյանը խոհանոցում։ Կա՞ որևէ ուտեստ, որը Ձեր կողմից պատրաստվում է միայն տոն օրերին կամ ընտանեկան հավաքույթների ժամանակ։ - Ես՝ որպես հայ կին, խոհանոցում հյուրընկալ և ստեղծարար եմ։ Սիրում եմ պատրաստել ընտանեկան համով ուտեստներ՝ օգտագործելով ավանդական բաղադրատոմսեր։ Հատկապես տոներին և ընտանեկան հավաքույթներին ես պատրաստում եմ իմ ընտանիքի ամենասիրած ճաշատեսակը՝ տոլման և տարբեր աղցաններ։ Շաբաթ կամ կիրակի օրերին ընտանեկան ջերմ միջավայրում համտեսում ենք իմ պատրաստած հայկական ավանդական խաշիլը։ Ես խոհանոցում ամեն ինչ պատրաստում եմ հոգով և սիրով։ - Ինչպե՞ս եք հավասարակշռում աշխատանքն ու ընտանիքը։ - Պիտի ասեմ, որ ստացվում է հավասարակշռել աշխատանքն ու ընտանիքը, որովհետև ընտանիքիս անդամները միշտ էլ ըմբռնումով են մոտեցել իմ աշխատանքին՝ անկախ զբաղվածության աստիճանից։ Իհարկե, վերջին տարիներին այդ հավասարակշռությունը մի փոքր խախտվել է՝ կախված ուսուցչին ներկայացվող ավելի շատ պահանջներից, բայց կարողանում եմ համատեղել աշխատանքս ու ընտանիքս։ - Կա՞ որևէ գիրք կամ գրող, որը մեծ ազդեցություն է ունեցել Ձեր մտածելակերպի ու աշխարհայացքի վրա։ - Ժամանակին շատ գրքեր եմ կարդացել, բայց առավել տպավորված եմ եղել Պարույր Սևակի, Համո Սահյանի ստեղծագործություններով։ Իմ կարդացած գրքերը մեծ ազդեցություն են ունեցել իմ մտածելակերպի և աշխարհընկալման վրա՝ ձևավորելով իմ մտահորիզոնը, արժեհամակարգը և վերլուծական կարողությունները։ Ճիշտ է, վերջերս ժամանակի առումով գրքեր քիչ եմ կարդում, բայց որպես ուսուցիչ զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Այսօր իմ սեղանին դրված են ժամանակի լավագույն գրքերից՝ Դեյլ Քարնեգի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել», ու Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գրքերը, որոնք ժամանակ առ ժամանակ թերթում եմ։ - Ի՞նչ տրամադրություն է ստեղծում երաժշտությունը Ձեր կյանքում։ - Դեռ փոքրուց շատ եմ սիրել երաժշտությունը։ Ասեմ, որ երաժշտությունն իմ տարերքն է, այն ինձ ուղեկցում է ամեն ուր, ստեղծում հաճելի տրամադրություն։ Այսօր, ես իմ դասերը պարապում եմ երաժշտության ներքո՝ նվագելով կամ ունկնդրելով դասերին համահունչ երաժշտություն։ Իմ աշակերտներն արդեն գիտեն, որ պիտի գիտելիք ստանան՝ այն համեմելով քաղցրահնչյուն նոտաներով։ Մեկ-մեկ հիշում և նվագում եմ Բախի, Բեթհովենի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից հատվածներ։ - Ինչպե՞ս որոշեցիք դառնալ ուսուցիչ և ինչպիսի՞ն է Ձեր ընտրած ճանապարհը։ - Պետք է անկեղծ լինեմ, և ասեմ, որ իմ երազանքն էր դառնալ դաշնամուրի դասատու, բայց... Գուցե բարին էլ դա էր։ Մանկավարժական պրակտիկայի ժամանակ հասկացա, որ հենց սա՛ է իմ ընտրած մասնագիտությունը, սա՛ է իմ դպրոցը, և իմ ընտրած ճանապարհը։ Ինձ համար մեծ բավականություն էր աշխատել աշակերտների հետ, և հաճելի էր, երբ դիմում էին «ընկեր Աղաբեկյան», ու ես մինչև հիմա սիրով, նվիրումով, արդեն 43 տարի աշխատում եմ իմ սիրած դպրոցում։ - Ինչպիսի՞ արժեքներ եք փորձում փոխանցել Ձեր աշակերտներին։ - Իմ աշակերտներին փորձում եմ փոխանցել մարդկային բարձր արժեքներ՝ սեր հայրենիքի նկատմամբ, հանդուրժողականություն, հոգատարություն, հարգալից վերաբերմունք մեկը մյուսի նկատմամբ, վարքականոններ և կիրթ պահվածք, ինչպես նաև կյանքի դասեր։ Երբեմն իմ դասն ընդհատում եմ՝ երեխաներին ծիածանը ցույց տալու համար։ Ճիշտ է, երեխաներին գիտելիքներն անհրաժեշտ են, բայց նրանք իրենց կյանքում, գիտելիքից ոչ պակաս, ծիածանների կարիք ունեն։ Ինձ համար ուսուցիչ մնալու միակ ուղին՝ սիրել աշակերտներին։ Իսկ որպեսզի կարողանամ փոխանցել՝ ինքս պիտի ունենամ այդ արժեքները։ Դե, կարծում եմ, ինձ հաջողվել է ունենալ մարդկային այնպիսի կարևոր արժեքներ, որոնք կարող եմ փոխանցել իմ սիրելի աշակերտներին։ - Ինչպիսի՞ն է ուսուցչի սոցիալական դերն ու հասարակության մեջ ազդեցությունը։ - Ուսուցիչն իր օրինակով պետք է հասարակության մեջ իր օրինակելի դերն ու ազդեցությունն ունենա։ Պիտի տարբերվի իր կիրթ պահվածքով, գրագետ խոսքով, բայց չկորցնի նաև հումորի զգացումը և շրջապատում լինի լավ ընկեր։ Կարծում եմ, ուսուցչի գործը հասարակության շրջանում ամենից կարևորվող, ամենամեծ հնարամտություն պահանջող, օրեցօր ավելի բարդացող մասնագիտություններից է։ Այսօր հաջողության հասնելու համար ուսուցիչներին հարկավոր է երեխաներին կառավարելու և օգնելու նոր համարձակ եղանակներ։ Քանզի ուսուցիչն է դասարանում որոշիչ տարրը, ուսուցչի ձեռքում է երեխայի կյանքը երջանիկ դարձնել, ուսուցչից է կախված՝ երեխան լա՞վը կլինի, թե՞ վատը։ - Ի՞նչ է երջանկությունը։ Համարու՞մ եք Ձեզ երջանիկ։ - Միանգամից պատասխանել՝ ի՞նչ է երջանկությունը, դժվար է։ Մարդն իր կյանքում ունենում է երջանիկ կամ դժվար պահեր։ Ես սիրում եմ կյանքն իր բոլոր գույներով, և կարծում եմ՝ երջանիկ պահերի, ակնթարթների, ուրախ օրերի շարանը հենց երջանկությունն է։ Իհարկե՛, ես ինձ համարում եմ երջանիկ, որովհետև ունեմ հրաշալի ընտանիք, երեխաներ, և հրաշք թոռնիկներ։ Հենց «տատ» բառը լսելուց, արդեն ես ինձ երջանիկ եմ զգում։ - Ինչպե՞ս եք կառուցում Ձեր հարաբերությունները գործընկերների հետ։ - Իմ ողջ մանկավարժական աշխատանքի ընթացքում միշտ էլ ունեցել եմ լավ գործընկերներ՝ մտերիմ ու հավատարիմ։ Գուցե իմ մեղմ ու բարի ժպիտի տա՞կ են թաքնված իմ և գործընկերներիս հարաբերությունների հաջողությունը։ | |
| |
Դիտումներ: 283 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |